«ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16
«ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»

Շինարարները սպասում են հարմար պահի շենքը հատվածաբար ապամոնտաժելու համար` խոստանալով, որ այն ավելի ուշ վերականգնելու են: Իսկ ակտիվիստներն ու մտահոգ քաղաքացիները հերթապահություն են սահմանել` թույլ չտալով, որպեսզի վերացվի եւս մի երեւանյան հին շենք: Նրանց թվում է նաեւ «Հանուն օրենքի» հասարակական շարժումը, որի համակարգող խմբի անդամ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց հետեւյալը. «Մենք թույլ չենք տալու, որ քանդվեն մեր քաղաքի արժեքները, ու տեր ենք կանգնելու դրանց: Եվ եթե մեզ ցույց չտան համապատասխան քանդման մասին հիմքերը, որոնք կասկածում եմ, որ գոյություն ունեն, ապա բոլոր օրինական ճանապարհներով թույլ չենք տալու որեւիցե քար պակասի գրադարանի շենքի ֆասադից»:

Բայց, այնուամենայնիվ, արդեն որերորդ շենքն է ենթարկվում քանդման, ու Քաղշիննախարարությունը շարունակում է վստահեցնել, որ այն վերականգնվելու է կա՛մ նույն տեղում, կա՛մ ընդգրկվելու է «Հին Երեւան» ծրագրի մեջ, ինչին մեր զրուցակիցը թերահավատորեն է մոտենում. «Անձամբ չեմ տեսնում, որ «Հին Երեւան» ծրագիրը գոնե մոտ ապագայում իրականություն կարող է դառնալ, եթե զարթնում ենք եւ տեսնում, որ մեր քաղաքի մշակույթի մաս դարձած շենքերը ավերակների են վերածվում: Այսօր խոսքը ոչ թե ուղղակի հին շենքերի վերացման, այլ մեր ամբողջ պատմության եւ մշակույթի ոչնչացման մասին է: Եթե այսպես շարունակվի, ապա վերջնականապես կկորցնենք մեր Երեւանը եւ արդյունքում կստանանք մեզ համար խորթ մի քաղաք: Վստահ եմ, որ նոր սերունդը սա չի հանդուրժելու, ուստի` պետք է պայքարենք մեր մանկության Երեւանի համար»:

Ինչեւէ, հուսանք` այս անգամ պայքարն իր արդյունքը կտա, այլապես ստացվում է` ինչ-որ մեկի սրտով չէ, որպեսզի Ամիրյան 2 հասցեում կրկին գործի գրադարանը, որի վերանորոգման աշխատանքները անհիշելի ժամանակներից սկսել ու առ այսօր չի ավարտվել: Թեպետ ճարտարապետ Դավիթ Մկրտչյանը երեկ հրապարակել էր շենքի նախագիծը, ըստ որի, նախկին կառույցը պահպանվում է ու վրան էլ` կարկատան արվում մի անհասկանալի շենք:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=164351&l=am/