ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ Է «ԳՈՐԾ ՏԱԼԻՍ», ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Արխիվ 12-16
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ Է «ԳՈՐԾ ՏԱԼԻՍ», ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Ինչպես արդեն նշել ենք, տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիր խորհրդարանականներն այս օրերին որոշել են Բաղրամյան փողոցում պատ կազմել եւ թույլ չտալ ոստիկանության եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների միջեւ որեւէ բախում: Սակայն, ինչպես ուռին ու բարդին, այստեղ էլ ամեն մեկն անցավ իր գործին: «Իրավունքի» աչքից չվրիպեց մի ուշագրավ դեպք, որի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ որոշեց շոու ցուցադրել:
Վերջինս պարզապես ստանձնեց «գործ տվողի» դերն ու փորձեց ոստիկանության ձեռքը հանձնել մի պապիկի, որը Ն. Փաշինյանի երեսին շրխկացրեց հետեւյալը. «Սա շոու ա ուղիղ եթերում, էկել եք շոու եք անում ստեղ: Երեկ խի՞ չէիք ստեղ, եկել են քաղաքական շոու են անում, մեզ ո՛չ դիմադիր ա պետք, ո՛չ ընդդիմադիր»: Արի ու տես, որ Ն. Փաշինյանի «փխրուն հոգին» վիրավորվեց այս խոսքերից այնքան, որ շտապեց դիմել ոստիկանությանը` քաղաքացուն որակելով որպես սադրիչ. «Ոստիկանությունը պարտավոր է հեռացնել այս մարդուն, նա ալկոհոլի ազդեցության տակ է…»: Ինչեւէ, քաղաքացուն հաջողվեց «ծլկել», իսկ Ն. Փաշինյանի վատությունը մնաց հենց իրեն:
Սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության «գաստրոլներն» այսքանով չեն ավարտվում: Ստրասբուրգում է գտնվում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, ով մասնակցում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանին: Մեզ հաջողվեց պարզել, որ վերջինս ԵԽԽՎ ամբիոնից ելույթ է ունեցել ու անդրադարձել Երեւանի կենտրոնում լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին. «Ես Վեհաժողովին կոչ եմ անում մանրակրկիտ հետեւել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին` երաշխավորելով, որ իշխանությունները չեն խախտի Հայաստանում ժողովրդավարական իրավունքները հարգելու` Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած հանձնառությունը, ինչը նրանք, ցավոք, նախկինում բազմիցս արել են անպատժելիության մթնոլորտում»: Ապա Լ. Զուրաբյանն առիթավորվելով` սկսել է բողոքի շարանը` մասնավորապես շեշտելով. «Հեռուստատեսային լրագրության ազատության խախտումները եւ նրանց նախագահական հսկողության տակ պահելը համատարած է»: Այստեղ արդեն մեկնաբանություններն ավելորդ են, մինչ Բաղրամյան փողոցի ցուցարարները այս կամ այն շարժառիթով Երեւանի կենտրոնում հայտնված արտասահմանյան լրատվամիջոցներին բացատրում են, որ այստեղ քաղաքական որեւէ բան փնտրել պետք չէ, եւ սա ընդամենը սոցիալական պահանջ է, ու ինքներս պետք է մեր հարցերը լուծենք: Արի ու տես, որ ադրբեջանական պատվիրակության ականջին քաղցր հնչող ելույթներով Լ. Զուրաբյանը փորձում է ջուրը գցել ԵԽԽՎ-ում հայաստանյան ողջ պատվիրակության ջանքերն ու կատարած աշխատանքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ