ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, հաշվի առնելով պատերազմի բռնկման անմիջական վտանգը, որոշել է ժամանակավորապես կասեցնել բոլոր տեսակի բողոքի գործողությունները: «Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը` գտնում ենք, որ նման իրավիճակում պարտավոր ենք համախմբվել հայ զորականի եւ հայ զինվորի շուրջ: Ելնելով վերը նշված հույժ կարեւոր դիտարկումներից` «Կամքը» հայտարարում է ցանկացած ձեւաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար, քանի դեռ ՀՀ պետական սահմաններին տիրում է նման վտանգավոր իրավիճակ եւ կոչ է անում իր անդամներին, սատարողներին եւ համախոհներին հնարավոր բոլոր միջոցներով ծառայել սահմանում անդորրի վերականգնման եւ հայկական բանակի հզորացման վեհ նպատակին»: Սակայն զարմանալիորեն այդ նույն դրդապատճառներով քայլասերված խունտան ոչ մի կերպ չի ցանկանում դադարեցնել ոստիկանական ահաբեկչությունը եւ քաղաքացիներին «ասֆալտին փռելը»: Բավականին վառ օրինակ է, թե ինչպես Խոր Վիրապում փոքրիկ ավտոերթի պատրաստվող ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻՆ, բառիս բուն իմաստով, մի քանի տասնյակ ոստիկաններով են բերման ենթարկում: Դե, ինչ ասես, սրանով ակնհայտորեն երեւում է ընդդիմադիրների ու լակոտապետության բարոյականության տարբերությունը:
Օրերս լույս տեսավ ՄԱԿ-ի հովանու ներքո մշակվող «Կայուն զարգացման նպատակների» 2020 թվականի համաշխարհային զեկույցը (Sustainable Development Goals Report 2020), որը յուրաքանչյուր տարի երկիր առ երկիր անդրադառնում է տարբեր պետությունների իրավիճակին` կապված ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու հետ: Իսկ վարչախումբը` Նիկոլի գլխավորությամբ, զարմանալիորեն լռության մատնեց այդ կարեւոր հետազոտությունը, քանի որ ձեռք չի տալիս: Եթե 2017 թվականին Հայաստանն առաջ էր նաեւ թե՛ Վրաստանից (66-րդ տեղ), թե՛ Ադրբեջանից (48-րդ տեղ), ապա այս տարվա զեկույցում երկուսն էլ բարելավել են իրենց դիրքերը` անցնելով մեզանից եւ զբաղեցնելով համապատասխանաբար 58-րդ եւ 54-րդ հորիզոնականները: Դրա առնչությամբ ինչպես մատնանշում է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, ով վարչախմբին տվել է «փչան Թոդորոս» որակումը. «Անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները պրոֆեսիոնալ ոլորտային հետազոտողների եւ միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում»:
Իսկ որ ՆԻԿՈԼԸ իրոք «փչան Թոդորոս» է, զարմանալի պարզությամբ երեւում է Նիկոլի վերջին գրառման մեջ, ուր արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում կարդում ենք մի ահավոր զառանցանք. «Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը եւ միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային եւ ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է` հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու եւ հասկանալի դառնալու ձգտման վրա: Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը եւ բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ»: Պատկերացնո՞ւմ եք, նա մերժում է այնպիսի ակնհայտ իրողությունը, ինչպիսին է քաղաքակրթությունների բախումը: Դե, նույն հաջողությամբ նա կարող էր մերժել, ասենք, ֆիզիկայի օրենքներից մեկը, ինչը, ի դեպ, ավելի անվտանգ կլիներ, քանի որ փորձանք կբերեր միմիայն մերժողի գլխին:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

