ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ թոքային եւ սրտանոթային հիվանդների որոշ կատեգորիային թույլատրվել է բաց տարածքներում դիմակ չկրել: Դրանով, կամա թե ակամա, հաստատվել է, որ բաց տարածքում դիմակը ոչ այնքան պաշտպանության, որքան քաղաքացուն տհաճություն, նեղություն եւ առողջության սպառնալիք պատճառելն է: Եվ ահա ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ իրենից գոհ հայտարարում է, որ տուգանքներն ավելացնելու մասին նախագիծը հետ է տարվել, որպեսզի վերամշակվի եւ նորից բերվի ԱԺ: «Սա ոչ թե քմահաճույք է, ոչ թե տուգանելու ցանկություն եւ ոչ էլ պայմանավորված է բյուջեի եկամուտները ավելացնելու մտադրության հետ, այլ զուտ որպեսզի այն քաղաքացիների համար, որոնք գիտակցության այն բարձր աստիճանը չունեն հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելի մարդկանց կյանքը, ահա այդ մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված այդ դիմակը, այնուամենայնիվ, կկրեն»,- ասաց նա: Իսկ շարունակությունը լրիվ ապշեցուցիչ է. «Եթե նայենք վարակի կանխարգելման տեսանկյունից գուցե 500 հազար դրամ է պետք»: Սրանից հետո միայն մեկ հարց է մնում` լավ, դուք թուրքից ինչո՞վ եք տարբերվում: Գոնե ձեր ազգանունները դարձրեք «օղլի»-ով, որպեսզի քաղաքացիներին թյուրիմացության մեջ չգցեք:
Վաճառվում է ԱԱԾ շենք, գինը պայմանագրային: Եթե կարծում եք, որ դա կատակ է, ապա զարմանալիորեն չարաչար սխալվում եք: Ինչքան էլ զարմանալի լինի, այս քայլասերվածների ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ վերջին նիստում ընդունված որոշման համաձայն, կթույլատրվի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ԱԱԾ-ին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երեւան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սեւակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաեւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է արձանագրել` գոհ եղեք, որ առայժմ ԱԱԾ շենքն են վաճառում եւ դեռ չեն հասել ձեր տներին:
Ucom-ի վերջին խոշոր վթարը, որ պայմանավորված էր հոսանքի տատանումով, ցույց տվեց, որ էլեկտրաէներգիայից ոչ պակաս կենսական ինտերնետը Հայաստանում ինչքան խոցելի է, քանզի շղթայական ռեակցիայով սկսեցին շարքից դուրս գալ եւ մյուս օպերատորների ցանցերը: Այդ առնչությամբ զարմանալի դիպուկությամբ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ արձանագրել է. «Իսկ եթե Նիկոլին ժամանակին հաջողվեր խլել Ucom-ը, ինտերնետի անջատումը կներկայացվեր որպես ինքնիշխանության ձեռքբերում ու կընդգրկվեր հաջորդ 100 փաստի ցանկում: 1in.am-ը կգրեր, որ միայն անջատված ռուսական ինտերնետը կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը: «Ազատությունը» հարցազրույց կվերցներ, ինտերնետից անջատված ու երջանիկ բլոգեր Աշոտի տատիից: lragir.am-ը կկապեր ինտերնետի անջատումը Վիլսոնի իրավարար վճռի իրագործման մեկնարկի հետ: Սասնա ծռերը կողջունեին Պաղեստինի անեքսիան Իսրայելի կողմից: eghjerunews.sik-ը կոչ կաներ ընդմիշտ անջատվել ինտերնետից ու միանալ City of Smile հիմնադրամի դրամահավաքին: Ալիեւը ինտերնետի անջատումը կկապեր «Ղարաբաղյան կլանի» թալանի հետ: Իսկ Արմեն Սարգսյանը կընդուներ Սեյնթ Տոմ եւ Պրինցիպի նահանգապետին ու իր բեխաբար անձի հետ կքննարկեր քվանտային համակարգերի ապագան զուգահեռ հարթություններում»: Սա պետք չէ ընկալել որպես չափազանցություն, քանզի Նիկոլը քաղաքացիներին ապրուստի միջոցից եւ օդից արդեն զրկել է, եւ եթե ձեռքը ճար լինի, ինտերնետից էլ կզրկի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

