ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20Զարմանալի բաներ են կատարվում Արցախ աշխարհում: Տխրահռչակ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ (ընթերցողից ներողություն եմ խնդրում հայհոյանքի հոմանիշ դարձած այդ անունը հիշատակելու համար) հրճվանքից շնչակտուր լինելով` ի լուր աշխարհի հայտարարեց, որ Արցախում դադարեցվել է «5-րդ ալիքի» հեռարձակումը, եւ «Հեղափոխությունը հաղթանակում է Արցախից»: Պարզվում է, որ, ինչպես ահազանգում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, դադարեցվել է, ընդհանուր առմամբ, հինգ հեռուստաալիքների հեռարձակումը, այդ թվում` «Շողակաթի» եւ «ԱՏՎ»-ի: Ճիշտ է, Արցախի նախագահի խոսնակը հավաստիացնում է, որ դա սոսկ տեխնիկական խնդիր է, որի լուծումից հետո հեռարձակումը կվերսկսվի, բայց մի տեսակ տագնապահարույց միտումներ էլ են երեւում` հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը նշում է, որ Արման Բաբաջանյանը դեռ ապրիլի վերջում էր լուրեր տարածում, որ հունիսից «5-րդ ալիքը» Արցախում փակվելու է, եւ. «Փաստորեն, մեր ալիքը Արցախում փակվել է մութ գործարքի արդյունքում, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, սակայն որոնք այսօր զբաղվում են ոչ թե նման բաներով, այլ գնում տանիք են չափում, երեխաների խաղահրապարակում հավաքներ են ցրում»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, հուսանք, որ Ստեփանակերտում չեն ընդօրինակել Նիկոլի ստախոսության եւ «մուտիլովկաների» գործելակերպը, եւ իրոք տեխնիկական խափանման հարց է...
Իսկ ինքը` վարակապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ուղիղ եթերում հայտարարեց. «Այսօրվանից դիմակ կրելն ամենուր պարտադիր է` տնից դուրս, ամենուր: Պետք է իրար հետեւենք, իրար պարտադրենք»: Ապշել կարելի է, որ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողը կոչ է անում քաղաքացիներին համատարած վերածվել իրար վրա «գործ տվող» ստուկաչների: Նիկոլը ոչ միայն անձամբ է իր էջում հավաքում այդ մատնագրերը, այլեւ հորդորում է, որ բոլորը նկարեն այդ խախտումները եւ հարապարակեն իրենց ֆեյսբուքյան էջերում: Տեսեք-տեսեք, այդ` ակնհայտորեն «ուրիշ մասնագետի» կարիք ունեցող կերպարանքը զարմանալիորեն հավակնում է հակահամաճարակային շարժում սկսել: Մինչդեռ գոյություն ունի վարակի նահանջն ապահովելու առավել քան հասունացած քայլ` վարակապետի, վայ պարետի եւ առողջապահության մահարարի (այստեղ տառասխալ չկա, հենց մահարարի) անհապաղ հրաժարականը: Քանզի սրանց մտահոգողը ոչ թե հանրային առողջությունն է եւ երկրի տնտեսության փրկությունը, այլ իշխանությունը պահպանելը:
Սակայն սպասենք նաեւ Նիկոլի նոր հիստերիկ նոպաներին: Քանզի ինչքան էլ զարմանալի լինի, Հայաստանում դեռ պահպանվել են մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորներ, եւ Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԱԲՅԱՆԻ, վերացրեց առաջին ատյանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը` պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ: Այդ առնչությամբ փաստաբան Միհրան Պողոսյանը արձանագրում է. «Իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ եւ օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն եւ ապօրինի մեղադրանք` դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն: Փորձեք այնպիսի «մեղադրանք» կարել, որ վաղը ձեզ դատարանում պաշտպանելու համար իմ հարգելի գործընկեր փաստաբանները չամաչեն»: Եվ իրոք սրանք իրենց զարմանալիորեն այնպես են պահում, որ սահմանադրական կարգի վերականգնումից հետո փաստաբանները միգուցե փախչեն իրենցից այնպես, ինչպես փախչում են բորոտներից:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

