ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20Նկարում պատկերված է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ գրառումը Թվիթերում Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ: Եվ այդտեղ աչքի է զարնում հետեւյալ դարձվածքը. «To celebrate 1.5 million lives»: Այսինքն` ի՞նչ, Նիկոլը տոնո՞ւմ է Ցեղասպանության 105-ամյակը: Ինչպես այդ զարմանալի արարքի մասին արտահայտվեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Մենակ Նիկոլ Փաշինյանն ու Թալեաթ փաշան կարան ցեղասպանության օրը Celebrate անեն...»: Սամսոնյանը հարցադրում է. «Ասենք, լավ, ինքը անգրագետ է, բա կողքի մարդիկ է՞լ են անգրագետ, որ չեն հասկանում, որ աշխարհով մեկ խայտառակ է անում էդ մարդը մեզ բոլորիս»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, հակված ենք կարծելու, որ դա ոչ թե անգրագիտության, այլ միտումնավորության արդյունք է: Ինչ վերաբերում է Ցեղասպանության օրը Celebrate անողներին, ապա առանց ԴՆԹ թեստի էլ, պարզ է նրանց չհայ եւ հակահայ ինքնությունը:
Հիշո՞ւմ եք բավականին թարմ` ընդամենը 2018-ի նմուշի անեկդոտը: Մի քաղաքացի զանգահարում է կառավարություն եւ հարցնում. «Ինձ նախարար կամ փոխնախարար աշխատանքի կընդունե՞ք»: «Դու դեբի՞լ ես»,- հարցնում են նրան: «Իսկ դա պարտադի՞ր է»,- արձագանքում է քաղաքացին: Դա հիշեցինք հատկապես էկոնոմիկայի նախարարի, իսկ այնուհետ փոխնախարարի պահվածքի կապակցությամբ: Եթե նախարարը առաջարկում էր ոսպի եւ հնդկաձավարի էժան «փոխարինիչներ» գտնել, ապա էկոնոմիկայի փոխնախարար ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ դժվար կացության մեջ հայտնված տնտեսվարողներին զարմանալիորեն առաջարկում է գործունեության համար «տեղակայումը փոխել»: Այսինքն` կարանտինի երեսից վնասներ կրած, ասենք, Կասկադի մոտի սրճարանատերը պետք է, ասենք, Նուբարաշենի աղբավայր տեղափոխի իր սրճարանը: Դե ինչ ասես սրանց, երեւի գլուխները չի մտնում, որ այդ ցինիզմը շատ վատ վերջաբան է ունենալու:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ էլ ահազանգում է. «Հարգելի պարոն վարչապետ: Սույն թվականի ապրիլի 6-ին «Պատասխանում եմ քաղաքացիների հարցերին» տեսանյութում հայտարարել եք, որ արտակարգ դրության ժամանակ ջրի, գազի եւ էլեկտրաէներգիայի չվճարումների հետեւանքով անջատումներ չեն լինի... Երկրում արտակարգ դրությունը չի ավարտվել, սակայն այս օրերին ստանում ենք բազմաթիվ զանգեր, որ կոմունալները չվճարելու պատճառով իրականացվում են անջատումներ: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել եւ իրավիճակին լուծում առաջարկել»: Զարմանալի է, հարգարժան պատգամավոր, համա թե լուծում առաջարկող եք գտել: Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ Նիկոլից ստախոս մեկ էլ Նիկոլն է, եւ եթե ամեն մի ստի վրա նրա քիթը 1 մմ-ով երկարեր, ապա վաղուց Էյֆելյան աշտարակին էր հասել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

