«Ո՞նց, քեզ փրկելու համար հորս խփե՞լ ես…». սպանություն և վենդետա Սևանի «Միրաժ» հանգստյան գոտում

Արխիվ 16-20

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Էդգար Հ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Էդգար Հ.-ն 34 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 30-ին Սևանա  լճի «Միրաժ» կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգստանալու են մեկնել Արարատի մարզի բնակիչ Դավիթ Ա.-ն և  նրա մի քանի բարեկամներն ու ընկերները՝ տղամարդիկ:

Դավիթ Ա.-ն Սևան քաղաքի բնակիչ Աշոտ Հ.-ի զբոսանավով դուրս է եկել շրջագայելու, ինչի ընթացքում նավից թռել է ջուրն ու վիճաբանել է իրեն ջրից հանած Աշոտ Հ.-ի հետ: Վերջինս ստիպված ընդհատել է նավարկությունն ու վերադարձել է լողափ՝ այնտեղ կանչելով նաև որդիներին: Լողափին Աշոտ Հ.-ն ու նրա որդիներ Էդգարն ու Մամիկոնը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Դավիթ Ա.-ն ու նրա մտերիմները փորձել են պարզաբանում կատարել, բայց ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ Աշոտ Հ.-ն հանկարծ հայտնվել է գետնին ու կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է՝ նա մահացել է սրտի սուր կորոնար անբավարարությունից:

Էդգարն ու Մամիկոնը, տեղեկանալով իրենց հոր մահվան մասին, ենթադրելով, որ նա մահացել է ծեծկռտուքի ժամանակ ստացած հարվածներից, դրա համար ենթադրաբար մեղադրելով Դավիթ Ա.-ին, որոշել են հայտնաբերել նրան ու ծեծելով վրեժխնդիր լինել:

Ժամը 19-ի սահմաններում Էդգար Հ.-ն իր վարած «Օպել Վեկտրա» մեքենայով եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած Դավիթ Ա.-ի հետևից:

Երևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածով ընթանալիս ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված կապույտ «Մերսեդեսը» գրավել է նրանց ուշադրությունը, այդ մեքենայի հետևի նստատեղին նրանք նկատել են իրենց կողմից հետապնդվող Դավիթին: Էդգարն իր մեքենան կանգնեցրել է «Մերսեդեսի» մոտ: Մամիկոնն իջել, մոտեցել է «Մերսեդեսին», բացել է հետևի դուռն ու սրահից քաշելով դուրս է բերել Դավիթին: Նա բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Դավիթի մարմնի տարբեր մասերին: Դավիթն ընկել է գետնին՝ ճանապարհի երթևեկելի բանուկ հատվածում՝ մեքենաների մոտ:

Էդգար Հ.-ն իր մեքենայի սրահից վերցրել է իրեն պատկանող 12 տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, դուրս է եկել մեքենայից, առանց եղբոր հետ նախնական պայմանավորվածություն ունենալու՝ մոտեցել է գետնին ընկած Դավիթին, հրազենն ուղղել է նրա գլխին ու մեկ անգամ կրակել է: Դավիթ Ա.-ն ստացած գանգուղեղային ու ողնուղեղային համակցված հրազենային կոտորակային կույր վիրավորումից տեղում մահացել է…

Դատարանում Էդգար Հ.-ն մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե դեպքի օրը գտնվել է «Միրաժ» լողափին: Տեսել է, որ իրենց զբոսանավը մոտեցել է ափին, մեկը նավից թռել է ջուրը, հետո ափ է դուրս եկել: Մարդիկ են հավաքվել: Ինքն էլ իր մեքենայով մոտեցել է, որ իմանա, թե ինչ է պատահել: Այնտեղ է եղել եղբայրը՝ Մամիկոնը, հետո հայրն է մոտեցել ու մի տղայի ասել է. «Ես քեզ փրկել եմ, դու ինձ խփո՞ւմ ես, չե՞ս ամաչում, հորդ թայ մարդ եմ»: Ինքը զարմացել է, այդ տղայի ուսը հրել ու հարցրել է՝ ո՞նց, քեզ փրկելու համար հորս խփե՞լ ես: Այդ տղան անսպասելի խփել է իր աչքին, հետո սկսել է հարվածներ հասցնել իր հորը: Մամիկոնը մտել է մեջտեղ, նա ու Դավիթն են սկսել իրար խփել: Խառը ծեծկռտուք է սկսվել իրենց ու Դավիթի մտերիմների միջև: Չի հասկացվել՝ ով ում է խփում: Մի պահ ինքը նկատել է, որ գետնին պառկած մարդ կա, կարմիր շորտիկից հասկացել է, որ իր հայրն է: Բոլորը հեռու են քաշվել, ինքն ու Մամիկոնը գոռացել են՝ պապա, մոտեցել, տեսել են՝ հոր ականջից արյուն է գալիս, հագուստն էլ կեղտոտ, փոշոտ է՝ ոնց որ ոտքի հարվածի հետքեր լինեին: Հայրը աչքերը փակ խռխռացնում էր: Ինքը շշմել է, չի հասկացել, «չի կարողացել գնահատական տալ»՝ ինչի սենց բան էղավ: Փորձել է զանգել շտապօգնություն, չեն հասկացել՝ ինչ հասցե է ասում: Իրեն ասել են՝ գնա բժիշկ բեր: Ինքը նստել է իր մեքենան ու քշել է հիվանդանոց: Այնքան խառնված էր, որ չի հասկացել՝ հորն էլ մեքենան դներ ու տաներ: Հիվանդանոցում մի քույր է գտել, ցանկացել է տանել լողափ, բայց տեսել է՝ եղբայրը ինչ-որ մեքենայով հորը բերել է: Գրկած տարել են ընդունարան, բժիշկը եկել, զննել ու ասել է, որ արդեն մահացած է… «Լացուկոծ, հիստերիկ վիճակ» է եղել իրենց մոտ: Ինքը վազելով դուրս է եկել, նստել է մեքենան ու քշել լողափ: Մամիկոնն էլ է հասել ու նստել է մեքենա: Ինքը պատկերացրել է, որ հայրը Դավիթի հարվածներից է մահացել: Մտածել է՝ արդեն ոստիկանները հասած կլինեն լողափ, այդ տղային բռնած կլինեն: Բայց ճանապարհին ծանոթներից մեկն ասել է, որ այդ տղան փախել է կապույտ «Մերսեդեսով»: Ինքը մեքենայով շրջադարձ է կատարել՝ այդ տղային հետապնդելու համար: Մտածել է՝ նրա փախուստը կանխի: Մայրուղու վրա երեք շարքով մեքենաներ էին, երթևեկությունը շատ խիտ էր: Ինքը շուտով հասկացել է, որ անիմաստ է այդպես քշելը: Մամիկոնն ասել է՝ հետ գնա հիվանդանոց: Ինքը շրջադարձ է կատարել, որ հետ գնա: Այդ ամբողջ ընթացքում ինքը «ծանր ապրումների մեջ էր, իր արժանապատվությունը ոչնչացված էր, լրիվ գետնին էր հավասարվել, ինքը՝ որպես զավակ, իրեն չէր հարգում, որ չի կարողացել հորը պաշտպանել…»: Այսպիսի մտքերով էր ծանրաբեռնված: Պետք է մտներ դեպի հիվանդանոց տանող ճանապարհ, երբ ճամփեզրին նկատել է կապույտ «Մերսեդես»: Հիշել է, որ իրենց ասել են՝ այդ տղան կապույտ «Մերսեդեսով» է փախել: Բնազդաբար կանգնել է: Նույնիսկ մի քանի մետր առաջ է գնացել, հետո մեքենան հետ է տվել, տեսել է, որ մեքենայի առջևի նստատեղերին մարդ չկա: Ուզեցել է մեքենան քշի, գնա, այդ ժամանակ հետևի պատուհանն իջեցրել են, երկու հոգի նայել են իրենց կողմը, և այդ երկուսից մեկը հենց այդ Դավիթն էր…

Ինքը նրան տեսնելով՝ խառնվել է, շփոթված վիճակի մեջ է ընկել: Մամիկոնն իջել է մեքենայից, մոտեցել է այդ մեքենայի հետևի դռանը: Մեքենայից ինչ-որ մեկն իջել է, ինքը լսել է, որ նա «քռֆել է» Մամիկոնին: Ինքը հիշել է հոր խոսքերը՝ որ այդ տղային փրկել է, իսկ նա հարվածել է, հիշել է հոր արյունոտված դեմքը, բժշկի խոսքերը, որ հայրը մահացել է: Մի պահ թեքվել է մեքենայի «պոլկի» կողմը, տեսել է իր հրացանը: Դրանից հետո հրացանը «ոնց որ մի հատ եռանկյունի դառնար»… Էլ ոչ մի բան չի հիշում… Հետո «փրթիկ-փրթիկ է հիշում՝ ոնց էր օդերով մեքենան քշում…»: Շենքերի բակում լվացվել է… Բաժին է գնացել, այնտեղ հեռախոսով ցույց են տվել՝ ոնց է ինքը մեքենայից իջել ու կրակել, ասել են՝ նայի, գլխին ես կրակել… Ինքը ոտքի հիվանդություն ունի, մի քանի անգամ վիրահատվել է, 30 ժամ ընդհանուր նարկոզի տակ է եղել, 3-րդ կարգի հաշմանդամ է…

Հոր մահվան պատճառի մասին երկու ամիս հետո է իմացել՝ ասել են՝ ինֆարկտից է մահացել, մինչև դա՝ իր կարծիքով՝ հայրը ծեծվելուց էր մահացել:

Ամբաստանյալը պնդել է, որ որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, թե ինչպես է կրակել՝ չի հիշում: Ինքը գտնվել է ծանր ապրումների մեջ, սթափ դատողություն չի ունեցել…

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ուներ նաև Էդգարի եղբայրը՝ Մամիկոնը: Նա մեղադրվում էր տուժողին երկու դրվագով ծեծի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նրա մասով գործի վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Մամիկոն Հ.-ն հայտնել է, որ  դեպքի օրն ինքն ու ընկերը հանրային լողափում էին, երբ հայրը զանգել ու ասել է, որ շուտ մոտենա՝ նավի վրա մարդ կա, որն իրեն շատ վատ է պահում: Հայրն ասել է՝ արի, հանի ափ: Ինքն ու ընկերը «սկուտերով» մոտեցել են իրենց նավին, որն ափից շուրջ 100 մետր էր հեռու՝ քիթը՝ դեպի «Միրաժ»: Նավի վրա մարդիկ կային, ընդհանուր՝ մի տասը հոգի: Նավի «բորտի» հատվածում, որտեղ չի թույլատրվում կանգնել, մի երիտասարդ էր կանգնած: Երբ նավը ափին ավելի  մոտ էր, այդ տղան իր հոր հետ «արա»-ով, լկտի ձևով խոսելով՝ թռել է ջրի մեջ: Ինքն ու ընկերն արդեն  կանգնած էին ափին, այդ տղան գալիս էր իրենց կողմը: Ինքը մոտեցել, ձեռքը դրել է նրա ուսին ու ասել է՝ ընկեր ջան, ո՞նց ես խոսում, «արա»-ն ո՞րն ա, կարայիր «հոպար» ասեիր կամ «ձյաձյա»:  Այդ տղան իր ձեռքը ուսից մի կողմ է բրդել ու ասել է՝ հլա նայի՝ ինչ արեց՝ շորիս թևը ճղել ա… Նա սկսել է հայհոյել… Ինքը սաստել է, ասել է՝ մարդիկ կան, ընտանիքներ, արի բարձրանանք… Այդ տղան համաձայնել է: Բարձրացել են, այնտեղ ինչ-որ տղաներ վոլեյբոլ էին խաղում՝ այդ տղայի ծանոթներն էին, մոտեցել են: Դրանից այդ տղան ավելի ագրեսիվ է դարձել… Այդ ընթացքում մեքենայով մոտեցել է իր եղբայր Էդգարը: Հետո հայրն է մոտեցել: Նա այդ տղային ասել է. «Այ լակոտ, հորդ թայ մարդ եմ, ես քեզ խեղդվելուց փրկում եմ, դու ինձ խփո՞ւմ ես»: Այդ տղան իրենց հորը կիսահարվածելով հրել է իրենց կողմը: Սկսվել է խառը խփոցը: Ինքը տեսել է, որ այդ տղան հարվածել է իրենց հորը: Խառը ծեծկռտուքի ժամանակ մեկը գոռացել է՝ մարդ կա ընկած: Ինքը տեսել է, որ իրենց հայրն է մեջքի վրա ընկած, շորերը՝ փոշոտ, ականջից արյուն էր գալիս, նա խռխռացնում էր… Հետո ինքը ինչ-որ մեքենայով ՝ չգիտի ինչ մեքենա էր, հորը տարել է հիվանդանոց… Բժիշկը նայել, ասել է՝ մահացած է… Իր ձեռքերի մեջ էր մահացել հայրը… Իրենք երկու եղբայրներով լաց էին լինում: Հետո Էդգարը դուրս է եկել, ինքը գնացել է նրա հետևից… Վազելով հասել, նստել է նրա մեքենան…

Երբ տեսել են ճամփեզրին կապույտ «Մերսեդեսը», կանգնել են, ինքն իջել, մոտեցել, հետևի դուռը բացել է: Այդ տղան ներսից քֆուր է տվել: Ինքը նրան մի անգամ մեքենայի մեջ է խփել, հետո քաշել-հանել է մեքենայից, նա ընկել, սկսել է հայհոյել, ինքը նրան նորից է հարվածել: Այդ պահին Էդգարը իրեն ուսով հրել է մի կողմ, ինքը զենք է նկատել ու կրակոց է լսել: Եղբորը քաշել է մի կողմ, ասել է՝ էս ի՞նչ ես անում: Նա նստել է իր մեքենան, զենքը դրել է կողքը, ինքն էլ է նստել մեքենա: Էդգարը մեքենան քշում էր անկանոն… Հետո ինքն է մեքենան քշել, հասել են Սևան, հոր ընկերոջ խորհրդով գնացել են ոստիկանություն…

Վկա Տիգրան Ա.-ն հայտնել է, թե սպանված Դավիթի հորեղբոր տղան է: Իրենք տղաներով գնացել էին Սևան՝ հանգստանալու: Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում հաց են կերել, ալկոհոլ են օգտագործել, Դավիթն էլ է խմել՝ մեկ կամ երկու բաժակ:  Ժամը 17-ի սահմաններում իրենք սկսել են ափին վոլեյբոլ խաղալ: Չի նկատել՝ Դավիթն ինչպես է նավ նստել, եթե նկատեր, չէր թողնի կամ նրա հետ նավ կնստեր: «Նա սեր ուներ՝ կարող էր նավի վրայից թռչել ջուրը, այդպիսի բնավորություն ուներ»: Դավիթին ինքը նկատել է, երբ նա նավից ցատկել է ջուրն ու ափ է դուրս եկել: Ափին երկու տղա են նրան մոտեցել՝ սպասում էին նրան: Իրենք էլ են մոտեցել: Ոնց որ նավի տիրոջ հետ էր վեճ եղել՝ ինքը դա ընդհանուր խոսակցությունից է հասկացել: Խառը վիճակ էր: Ծեծկռտուք է սկսվել Դավիթի ու տեղացիների միջև: Դավիթին ծեծում էին, նա պաշտպանվում էր: Ով փորձում էր Դավիթին պաշտպանել, նրան էլ էին ծեծում: Հետո տարիքով մարդը վատացել է, ծեծը դադարեցրել են: Իրենցից՝ Սամվելը գնացել, մեքենան մոտեցրել է, Սամվելի մեքենայով են այդ մարդուն տարել հիվանդանոց: Դրանից հետո իրենք գնացել են իրենք մեքենաների մոտ, որ տուն վերադառնան, հանգիստը վերջացել է: Բայց իրենց դեմը փակել են, Դավիթին հանել են մեքենայից ու սկսել են ծեծել: Նա կարողացել է դուրս պրծնել ու փախչել, բայց նրան նորից բռնել ու ծեծել են: Դավիթն ընկել է, իրենց ասել են՝ էկեք ձեր մեռելին կամ ձեր լեշը տարեք: Դավիթին նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին, դուրս են եկել այդտեղից: Մեքենայի ղեկին ինքն էր: Իրենց հետևից քարեր են նետել, փայտով են խփել, իրենք չեն կանգնել: Հետո զանգել են Սամվելին, ում մեքենայով այդ վատացած մարդուն տարել էին հիվանդանոց: Տեսել են Սամվելի մեքենան: Մոտեցել ու կանգնել են, որ իմանան՝ ոնց եղավ այդ վատացած մարդը: Ինքն ու Արմենը գնացել, նստել են Սամվելի մեքենան, որ խոսեն: Դավիթը մնացել է իր մեքենայի հետևի նստատեղին նստած: Հետո մի մեքենա է մոտեցել, նրա կանգնելու ճռռոցից ինքը շրջվել ու նայել է: Տեսել է՝ երկու հոգի իջան: Դավիթին քաշել-հանել են մեքենայից: Մեկը կրակել է: Նրանք նորից նստել են իրենց մեքենան ու հեռացել են: Իրենք իջել, մոտեցել են, տեսել են՝ Դավիթի պարանոցի ձախ մասում վնասվածք կա, արյուն է հոսում, Դավիթը չէր արձագանքում: Այդ պահին մոտեցել են ոստիկանները…

Դատարանը հաստատված է գնահատել Էդգար Հ.-ին առաջադրված մեղադրանքը:

Դատարանը հաշվի է առել, որ Էդգար Հ.-ի խնամքին են մինչև 14 տարեկան 2 երեխաները՝ 11 և 8 տարեկան:

Էդգար Հ.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և

դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝  2017 թվականի հուլիսի 30-ից:

Էդգար Հ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես հուղարկավորության ծախսերի հատուցում: Քաղհայցի մնացած մասը թողնվել է առանց քննության:

Էդգար Հ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 3 միլիոն 107 հազար 988 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

https://iravunk.com/sim/?p=105517&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը