Հասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. Պետրոսյան
Ներքաղաքական«Այսօր հայը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, իսկ մենք` ամեն մեկս շարունակում ենք լուռ ապրել մեր առօրյայով։ Ընդամենը 4 տարի առաջ շատերը վտանգ չէին տեսնում, երբ թշնամին կուլ էր տալիս Արցախը։ Այդ նույն մարդիկ անգամ վտանգ չէին տեսնում 1 տարի առաջ, երբ Արցախն արդեն պաշտոնապես հայաթափվեց ու հանձնվեց թուրքին։ Բայց այսօր արդեն Արցախի բացակայության պայմաններում շատ բնակավայրեր արդեն դարձել են սահմանամերձ ու հիմա նոր են սկսում հասկանալ Արցախի կարեւորությունը։
Այսօր արդեն թուրքին են հանձնվում Տավուշի գյուղերը, գուցե արմավիրցին, շիրակցին կամ արարատցին չեն հասկանում դրանց կարեւորությունը, բայց երբեք չեմ ցանկանա, որ խոսք գնա Շենգավիթի հանձման մասին ու այս անգամ արդեն ավանցին չհասկանա, թե ինչու են մարդիկ պայքարում դրա դեմ։
Հասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է ու, ցավոք սրտի, հայրենիքի մեծ մասը նիկոլների պատճառով դարեր շարունակ կորցրել ենք։
Պետք է բոլորս հասկանանք, որ ե՛ւ Հադրութը, ե՛ւ Ոսկեպարը, ե՛ւ Գյումրին, ե՛ւ Մեղրին մեր բոլորի հայրենիքն է ու դրա համար պետք է պայքարել։ Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ հիմա Հայ Առաքելական եկեղեցին դարձել է հայ ժողովրդի առաջնորդը, ու մենք բոլորս որդիներն նվիրումով պետք է հետեւենք ու պայքարենք մեր երկրի, մեր հավատքի ու մեր երեխաների համար, եթե, իհարկե, չենք ուզում կրկին վերադառնալ Դեր Զոր», - գրել է 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: