Ճշմարտության լույսից խուսափում են այնպիսի մարդիկ, որոնց ձեռքն է ընկել այսօր մեր երկրի ղեկավարումը. Տեր Եղիշե
Հասարակություն«Ում զրահը կեղծիքն է, նա ճշմարտության դեմ անմիջապես պաշտպանական դիրք է գրավում: Այդպես այսօր միացել էր «պաշտպանական մեխանիզմը» քաղաքական գործիչներից մեկի: Արդեն սկսել է զարմանալի չդառնալ, որ պարբերաբար որոշակի շրջանակից Եկեղեցուն անվանարկող թեզեր են հնչում:
Եվ ափսոսանքով ենք հետեւություններ անում, որ ճշմարտության լույսից խուսափում են այնպիսի մարդիկ, որոնց ձեռքն է ընկել այսօր մեր երկրի ղեկավարումը:
Ձեւակերպումը, որ հնչեց այսօր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հասցեին, ինքնին խոսում է այն մասին, թե ինչպիսի «ֆեյք» արժեքներ են այսօր սրբացվել իշխանական շրջանակում եւ ինչու եկեղեցուց բխող օրհնությունն ու իրական սրբությունը, հայրական խրատն ու հորդորը սվինների է հանդիպում այդ օղակում: Վահագն Ալեքսանյանին հայրական խորհուրդ ենք տալիս ժողովրդին «ֆեյք» լուրերով կերակրելու փոխարեն, իր համախոհների հետ միասին ընդունել իրականությունն այնպես, ինչպես կա, եւ գործել ոչ թե ի հեճուկս, այլ ի շահ բազմադարյա մեր հայրենիքի», - ընդգծել է Արժանապատիվ ՏԵՐ ԵՂԻՇԵ քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԸ: