«Առանց արվեստի, մշակույթի՝ մենք չենք կարող լինել». ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ կարծիք ունեք Երեւանի պետական կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու նախագծի վերաբերյալ:
— Անկեղծ ասած, կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու նույնիսկ միտքն է ինձ համար խորթ ու զարհուրելի: Սա կարող են շահարկել այն մարդիկ, ովքեր արժեհամակարգի նժարն են կորցրել: Ընդհանուր առմամբ, բնության արհավիրքները կարող են շատ բաներ տանել մեզնից, ինչպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, երբ հողի տակ անցան հազարավոր մարդկային ճակատագրեր, շենք- շինություններ, ինչի հետ, ցավոք սրտի, ուզես, թե չուզես համաձայնվում ես: Բայց այս դեպքում մեզ բնությունը չի սպառնում: Մենք ինքներս ենթարկվում ենք մի բանի, որի տրամաբանությունը չենք էլ հասկանում: Ուսանողական քաղաք ունենալը լավ գաղափար է, բայց կարծում եմ՝ դա կոնսերվատորիայի շենքի եւ ընդհանրապես կոնսերվատորիայի երեւույթի հետ ոչ մի առնչություն չունի: Բացի նրանից, որ շենքն ունի իր պատմությունը, որտեղ մարդիկ իրենց կյանքն են մաշեցրել եւ հանձնել պատմության էջերին: Այդպես հեշտությամբ փակել այդ էջը ու գնալ նոր կառուցված ինչ-որ մի տեղ, ես դա չեմ պատկերացնում:
— Կոնսերվատորիայում այս թեմայի շուրջ տեղի ունեցած փակ հանդիպում-քննարկմանը ներկա էիք: Ի՞նչ տպավորություններ ստացաք:
— Այն մարդիկ, որոնք բարձրաձայնում են` շենքը պետք է տեղափոխվի, եւ շենքի հետ պետք է վերջանա ողջ դարաշրջանը, գուցեեւ շատ բան չեն հասկանում: Եվ այս ամեն ինչի մեջ նաեւ մերկացնում են իրենց չիմացությունը: Չէ որ, եթե մարդ ինչ-որ բան գիտի, ինքը գիտի դրա արժեքը: Իսկ եթե չգիտի, ուրեմն՝ չգիտի նաեւ դրա արժեքը: Ինձ համար ցավալի էր, որ ինչ-որ մարդիկ կարող են անարժեք մտքեր արտահայտել:
— Փորձ է արվում պատմական արժեք ունեցող այդ շենքը դատարկել, եւ պարզ չէ, թե ինչ կլինի հետո շենքի հետ: Բայց չէ՞ որ շենքը կառուցելիս ամեն ինչ նախատեսված էր, որ հենց այդտեղ պետք է կառուցվեր կոնսերվատորիան:
— Շատ անգամ եմ շրջագայել եւ տեսել եմ առանց երաժշտական ակադեմիայի եւ նաեւ երաժշտական ակադեմիայով ուսանողական քաղաքներ: Երբ «Ուսանողական քաղաքը» կառուցվի, անցնի եւս հարյուր տարի, եւ ունենա այն պատմությունը, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, կլինի այն սերունդը, որը գուցե այդ շենքը կարժեւորի, որի մասին արդեն ինքը կպատմի: Բայց այդ շենքը ո՞ր պատմությունից է սկսելու, ո՞ր զրոյից: Ինչի՞ ենք եկել հասել... Եկել ենք, որ այս ամենը դարձնենք զրո եւ նորի՞ց կառուցենք: Իմաստը ո՞րն է: Կոնսերվատորիան տվել է անուններ` Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Գոհար Գասպարյան, Օհան Դուրյան, Ռուբեն Մաթեւոսյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբիկ Ահարոնյան, ինչպես նաեւ հայտնի դաշնակահարներ, դիրիժորներ, ջութակահարներ, շատ տաղանդավոր երաժիշտներ: Չեմ կարողանում սկսել եւ ավարտել այդ անունները, հուզմունքիցս լեզուս կապ է ընկնում: Կոնսերվատորիան ավարտած երաժիշտներն այսօր աշխարհում հայտնի եւ առաջատար բեմերում են հանդես գալիս: Մենք պետք է հպարտանանք իրենցով եւ անենք ամեն ինչ, որ ապագա սերնդի անունները նորից աշխարհով մեկ հնչի: Ի՞նչ ունեն անելու, որ այդքան հրատապ պետք է կոնսերվատորիայի շենք կառուցեն: Ուզում են կառուցել, թող կառուցեն Արվեստի ակադեմիա:
— Չե՞ք կարծում, որ օպտիմալացնելով եւ ունենալով ընդամենը 8 պետական բուհ՝ երկրի սահմանների պես փոքրանում է նաեւ բուհական համակարգը:
— Ցավոք սրտի, ես չգիտեմ՝ մենք ուր ենք գնում, եւ ինչ պլան է ի կատար ածվում: Պատմության նախորդ փուլում կատարվածներին ես միշտ ասում էի` բա ո՞ւր էին, ինչպե՞ս հանդուրժեցինք, որ կորցրինք, շագրենի կաշու պես փոքրացանք ու դեռ փոքրանում ենք: Եվ ես հիմա ուղղակի ողբում եմ, որ լինելով ներկա պատմության այս էջին, այս փուլում այդ հարցը ինձ եմ տալիս ու չեմ գտնում պատասխանը:
— Երբ ունենք տարածքների կորուստ, զոհեր, գերիներ, կա նոր պատերազմի վտանգ, իմա՞ստ ունի հին շինությունները նորերով փոխարինելու:
— Շենք կառուցելը վատ բան չէ: Դա մեր լինելիությունն է, մեր կյանքի շարունակությունն է: Բայց եթե կան ուսանողներ, որոնք իրենց բուհերում են սովորում, ուրեմն՝ մենք ունենք այդ բուհը: Ես ուղղակի դրա տրամաբանությունը չեմ հասկանում: Այսինքն` եթե նոր շենք կառուցեն, ավելի լա՞վ մասնագետներ են այդտեղից դուրս գալու:
— Կոնսերվատորիայում ուսանողներն ինչպե՞ս են արձագանքում «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելու նախագծին:
— Երջանիկ եմ, որ ունենք գիտակից ուսանողներ: Եվ այդ հանդիպում-քննարկման օրը ես ուղղակի փայլում էի ոգեշնչումից, որովհետեւ մեր ուսանողները հերթ չէին տալիս նույնիսկ դասախոսներին խոսելու: Արժի ապրել սրա համար: Եթե այսօրվա երիտասարդը կարող է իր լինելիության, իր բուհի համար կյանքը դնել, կարծում եմ՝ սա հենց պատասխանն է նրա, որ ինչքան է կարեւոր կոնսերվատորիան:
— Իսկ եթե չլսեն ուսանողների, դասախոսների, երաժիշտների ձայնն ու տեղափոխեն կոնսերվատորիա՞ն …
— Չեմ կորցնում հավատս մեր արժեհամակարգի փայփայանքի հանդեպ: Շարունակելու եմ հավատալ ու սպասել, որ ամեն վայրկյան մի բան կփոխվի, եւ ինչ-որ մեկի բերանից մի կարեւոր միտք կհնչի: Մեկը կասի` «ստոպ...»: Ես նաեւ կուզենայի ավելացնել, որ ցավալի փաստ է եւս` «Գոյ» թատրոնի հետ կապված: Ցավոք սրտի, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Օրգանիզմ, որն իր ուրույն ճանապարհն էր անցել եւ դարձել էր շատ կարեւոր տեսակ մեր թատերական աշխարհում, փակվեց: Կարծում եմ՝ ով կասի այդ «ստոպը» կոնսերվատորիայի համար, կվերականգնի նաեւ «Գոյ» թատրոնը: Եվ «Գոյ» թատրոնի անձնակազմը կլինի պահանջված եւ կշարունակի աշխատել, նորանոր ուսանողների իր գիրկն առնել, որովհետեւ արվեստը մեկ ընդհանուր սիրտ ունեցող օրգանիզմ է: Առանց արվեստի, մշակույթի՝ մենք չենք կարող լինել: Եվ այն, ինչ-որ մենք ժառանգություն ենք ստացել, պետք է պահենք ու պահպանենք:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ