Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան
ՆերքաղաքականԱնդրադառնալով Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող 44-օրյա պատերազմի մասնակից, քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին` արդարադատության գեներալ-մայոր ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ասաց, որ իրավապահների առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը: Մինչդեռ ՆԳՆ կողմից հայտարարվում է, թե` նախաձեռնվել է ներքին ծառայողական քննություն, կամ հարուցվել է կարգապահական վարույթ, որն արդյունավետ լինել չի կարող:
— Այդ ոստիկաններն անմիջապես պետք է հարցաքննվեին, նրանց հեռախոսները պետք է առգրավվեին, եւ պետք է պարզվեր, թե այդ ընթացքում նրանք ում են զանգել: Որպես իրեղեն ապացույց` ոստիկանության մեքենան պետք է զննվեր, որովհետեւ տեղյակ ենք, որ այդ երեքը եղել են դիմակով, բայց արդյոք եղել են ձեռնոցներով: Հետեւաբար, կարող էին մատնահետքեր լինել մեքենայի վրա։ Այսինքն` անհապաղ, տաք հետքերով որեւէ գործողություն չի կատարվել: Ուստի` ակնկալել, որ բացահայտվելու են այդ ստահակները, որոնք խոշտանգել են Սամվել Վարդանյանին, միամտություն է: