Ովքեր են եկեղեցու դեմ «ասպատակող» սադրիչները / Նորայր Մուսաելյան (Մաս 2-րդ)
ՀասարակությունՃրագալույցի պատարագին Սուրբ Գայանե վանքի դիմաց սադրանքներ հրահրող կանանց շարքերում էր մի երիտասարդ, որը նախկինում հայտնի հակաեկեղեցականների մեջ երբեւէ չի նկատվել: Պարզվում է՝ վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներից ՆՈՐԱՅՐ ՄՈՒՍԱԵԼՅԱՆՆ է: Այո՛, ՔՊ-ն արդեն ոչ թե միջնորդավորված, այլ եկեղեցու դեմ քայլեր է անում հենց իր ակտիվի դեմքով:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ՝ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ՝ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱ՞Ն
Մինչեւ 2018 թվականը, Հայաստանի բարձրաստիճան շատ պաշտոնյաներն, այդ թվում ՀՀ նախագահը, վարչապետը, մասնակցում էին Սուրբ Ծննդյան ու Սուրբ Հարության պատարագներին, սակայն Նիկոլ Փաշինյանի օրոք իրավիճակ փոխվեց: Մասնավորապես՝ 2020 թվականից հետո՝ ՔՊ «կարկառուններից» որեւէ մեկը չի մասնակցում պատարագներին։ Մինչդեռ նախորդ տարի Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնին, երբ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագ էր մատուցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայտնվեց Երեւանի այն ժամանակ դեռ փոխքաղաքապետ, այժմ արդեն քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այն ժամանակ ոմանց թվում էր, թե Ավինյանը փորձում է տարանջատվել հարազատ թիմի հակաեկեղեցական կեցվածքից, բայց միայն թվում էր: Այսօր արդեն ակնհայտ է, որ դա էլ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մտածված հերթական «փիար» քայլն էր: Իսկ այսօր հակաեկեղեցական սադրանքներին Տիգրան Ավինյանն իր փոքրիկ ներդրումն է ունենում՝ նույն Նորայր Մուսաելյանի միջոցով, որը լինելով Աջափնյակի բնակիչ՝ ողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր կողքին էր:
ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՄՈԼԻ ՔՊ-ԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏ Է
Ինչեւէ, նշենք, որ Նորայր Մուսաելյանը միայն Ավինյան Տիգրանին չէ, որ հավատարիմ է: Նրա ողջ սոցցանցային ակտիվությունը նվիրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանր եւ մեծ պաշտոնյաների փառաբանությանը՝ իհարկե, Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի գլխավորությամբ: Օրինակ, Նորայր Մուսաելյանը երջանիկ է Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի հետ լուսանկարներով: Ու եթե մի քիչ ավելի խորանանք, կնկատենք, որ այս անձանց անունները եւս անպակաս չի եղել ինչ-որ շրջանում հակաեկեղեցական դրսեւորումներում: Օրինակ, նույն Հակոբ Արշակյանը տարիներ առաջ Սուրբ Աննա եկեղեցու կառուցման դեմ ակցիաների առանցքային դեմքերից էր՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ միասին:
ԵԹԵ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՎԱՏՆ ԵՆ, ԱՊԱ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԱՎՆ, ԸՍՏ ՔՊ ԱԿՏԻՎՍՏ ՆՈՐԱՅՐԻ
Ի դեպ, Նորայր Մուսաելյանը մշտապես իր ծառայություններն է մատուցել ՔՊ-ին, անգամ այդպես էլ չկայացած սահմանադրական հանրաքվեի «Այո»-յի քարոզարշավի ժամանակ, բայց նա նիկոլականների հանդեպ իր անվերապահ նվիրումը կիսում է պոռնովիդեոների ու պոռնոլուսանկարների հերոս Ռոման Բաղդասարյանի նկատմամբ սիրով:
«Քո նման հայրենասեր ու ընկերասեր մարդիկ շատ են պետք մեզ։ Ես շնորակալ եմ Աստծուն, որ քո հետ ծանոթացել եմ։ Աստված օրհնի քեզ ու քո ընտանիքին», - այսպիսի խոսքեր է շռայլել Ն. Մուսաելյանը՝ Ռ. Բաղդասարյանին: Նույնպիսի հեղինակություն է Ն. Մուսաելյանի համար Փաշինյանի աջակիցներից եւս մեկը, որը հեղինակն է հայտնի խայտառակ արտահայտության, թե՝ «ավելի լավ է համատարած պատերազմ լինի, մեր ու մանուկ, հղի, չբեր կոտորվեն, քան նախկինները գան»: Թերեւս մնում է այսքանից հետո՝ բնական համարել, որ նման արժեհամակարգի տեր անձը չէր կարող չլինել Հայ Առաքելական եկեղեցին անվանարկողների շարքում: Այսքանից հետո՝ հարց է ծագում, թե բացի ՔՊ-ականներին գովելուց ու եկեղեցուն վարկաբեկելուց, էլ ինչո՞վ է երիտասարդ Նորայր Մուսաելյանը հետաքրքրված: Ստացվում է, որ չգրված օրենք է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուները պետք է լինեն նախ եկեղեցուն դեմ, ապա իրենց սրտի հերոսները լինեն ռոմանբաղդասարյանանմանները, ինչպես նաեւ լինեն երդվյալ հակառուսական: Եվ, այո՛, Նորայր Մուսայելյանն այս հարցում էլ է արդարացրել ՔՊ-ականների սպասումները: Վերջինս կոչ է արել, որ հրատապ կարգով պետք է նախաձեռնել ռուսական հեռուստաալիքները հայկական մուլտիպլեքսից հեռացնելու գործընթաց՝ հորդորելով միանալ կոչին: Միայն թե իրեն հորդորող ու կոչ անող չկա, որպեսզի հրատապ կարգով ապատեղեկատվություն չտարածի սոցցանցերում:
«ՀԱՅՐ ՄԻՔԱՅԵԼ» ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ ԷԼ ՏԱՊԱԼՎԵՑ
Այսպիսով՝ վերջերս Տաթեւի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Միքայել վարդապետ Գեւորգյանի անվան շուրջ բարձրացված արհեստական աղմուկի ֆոնին, Նորայր Մուսաելյանը փորձեց հերթական հարվածը հասցնել եկեղեցուն, միայն թե, ինչպես միշտ, ՔՊ-ում «փուստ» են կրակում:
«Հայր Միքայելը անալիզներ է հանձնել Երեւանում եւ Գերմանիայում: Նա անձամբ է անալիզները հանձնել Գարեգինի ձեռքը։ Նա ոչ մի հիվանդություն չունի։ Բայց Գարեգինը, միեւնույն է, նրան վռնդում է եւ նրա տեղը դնում ԱԴԾ լրտեսին Ղարաբաղից։ Ամոթ է, որ մենք լռում ենք ամեն ինչ: Տեր Միքայելը անընդհատ աղոթում է եւ լաց լինում», - այսպիսի սադրիչ տեքստով էր հանդես եկել Ն. Մուսաելյանը, մինչդեռ «Իրավունք»-ն անձամբ է խոսել Հայր սուրբի հետ, որը ոչ թե լացում էր, այլ աղոթում Ն. Մուսաելյանի պես մոլորյալների համար: Իսկ իրականում Հայր Միքայելը ստիպված եղավ հայտարարությամբ հանդես գալ՝ վերջակետ դնելով անհարկի խոսակցություններին:
«Վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի, հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթեւի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։ Հորդորում եմ որեւէ ձեւով անհարկի չհոլովել իմ անունը, առավել եւս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն…», - հայտարարել է Տաթեւի վանահայր Հայր Միքայելը:
Շարունակելի...