Զգոն եղեք՝ հավատի եւ Եկեղեցու դեմ արշավ է սկսվել. Սերոբ Գասպարյան
Ներքաղաքական«Հայտնում եմ իմ մտահոգությունը, եկեղեցու դեմ կատարվող սադրանքների հետ կապված։ Սատանան իր առաքյալների միջոցով, հասարակությանը բաժանեց սեւերի եւ սպիտակների։ Իշխանությունները խրախուսեցին եւ սատար կանգնեցին գունավորներին, որի արդյունքում ընտանիքներում, հարազատների եւ ընկերների մեջ սերմանվեց թշնամություն։ Սրա սկիզբը դրվել էր դեռ 90-ականներից, երբ մի քանի թափթփուկների պատճառով հայաստանցի-արցախցի բաժանելով՝ հայ ժողովրդին հասցրեցին հայրենիքի անդառնալի կորուստի, թե մարդկային եւ թե տարածքային։ Հիմա արդեն հավատի եւ Եկեղեցու դեմ արշավ է սկսվել, քանդելու եւ մարեցնելու մարդու ու Աստծո միջեւ ուխտի կարեւորությունը, ինչը դարեր շարունակ չկարողացան իրականացնել տարբեր դավանանք կրող գրոհայինները։ Մեր նախնիները գենետիկորեն կապված լինելով Աստծո հետ պորտալարով, դիմադրեցին եւ մարտիրոսվեցին, պահելով հավատը եւ եկեղեցին իրենց սրտում եւ շուրթերի վրա։ Սիրելի հայրենակիցներ, զգոն եղեք՝ սաղմոս ասելով, հրեշտակի կերպարանք հագնելով՝ սատանան ուզում է վերջնականապես բնաջնջել մեզ եւ մեր միջից հանել Աստծո որդու պատկերը, որն է նոր ուխտ։ Զգոն եղեք։ Նվիրյալները չեն դավանափոխվում», - գրել է «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ՝ Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը: