Կամո Ունանյանը հաղթանակը նվիրեց Արա Մարտիրոսյանի հիշատակին
ՄշակութայինԵրեւանում կայացավ «Mix fight 54» MMA մարզաձեւի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ռուս մարզիկ Ալեքսեյ Նովիկովի հետ։
Ռուս մրցակիցը, թեպետ MMA-ի տարբեր մարտերում ուներ հաղթանակներ, սակայն Կամո Ունանյանի հետ մարտն ավարտվեց հենց առաջին ռաունդում։ Կամոն նոկաուտի ենթարկեց ռուս մրցակցին ու փայլուն հաղթանակ տանելով MMA-ում գրանցեց այս տարվա իր 5-րդ հաղթանակը։
Մարտի ավարտին Կամո Ունանյանը հայտարարեց, որ այս հաղթանակը նվիրում է իր ընկեր, սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հիշատակին, ով օրերս անժամանակ հեռացավ կյանքից։
Հիշեցնենք, որ MMA մարձաձեւում սա Կամո Ունանյանի 5-րդ գերազանց հաղթանակն է, որից 4-ը՝ նոկաուտով։ Նա MMA մարզաձեւով սկսել է զբաղվել 2023 թվականից եւ արդեն գրանցել է 5 հաղթանակ ու ոչ մի պարտություն։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ եւ ջախջախիչ հաղթանակ տարավ։ Իսկ ապրիլի 30-ին մենամարտեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ եւ ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի Ունանյանը նոկաուտի ենթարկի մրցակցին։ Երրորդ հաղթանակը տարավ Ղրղզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի նկատմամբ՝ մենամարտը տեւեց ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի ենթարկեց երիտասարդ մարզիկին։
Չորրորդ հաղթանակը գրանցեց սեպտեմբերի 3-ին՝ ուզբեկ մարզիկ Ալիմժոն Շադմանովի նկատմամբ։ Մարտը ընդամենը տևեց 2 րոպե 58 վայրկյան, Կամո Ունանյանը հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ուզբեկ մրցակցին։