Շուտով հանդես կգանք նոր նախագծերով. Դավիթ Ղարիբյանը փակագծեր է բացում Սոֆիայում ունեցած հանդիպումներից
ՄշակութայինԱ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին դերասան ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ Բուլղարիայում հանդիպել է Հայկական ընդհանուր բարեգործական միության (AGBU) Սոֆիայի մասնաճուղի պատվավոր նախագահ Սոնյա Ավալոն-Պետրոսյանի հետ:
«Մի փոքր պատմեմ, թե ինչպես ծանոթացա տիկին Սոնյայի հետ։ Բուլղարիայի Մշակույթի ազգային պալատում (NDK) հրավիրված էի իտալական համերգային երեկոյի, որտեղ էլ պատահական ծանոթացա նրա հետ՝ իմ բուլղարացի ընկերների շնորհիվ։ Տիկին Սոնյան ինձ հրավիրեց իրենց մոտ, եւ ես մեծ ուրախությամբ ընդունեցի հրավերը: Անհամբեր սպասում էի մեր հաջորդ հանդիպմանը, քանի որ շատ բան կար խոսելու, քննարկելու, այդ թվում՝ թե ինչպես հայկական համայնքն ավելի հզորացնել Սփյուռքում։ Եվ ահա մի քանի օր հետո տաղանդավոր կոմպոզիտոր, արմատներով հայ Լեւոն Մանուկյանի ուղեկցությամբ՝ այցելեցինք Հայկական բարեգործական ընդհանուր միություն։ Ի դեպ, Լեւոնին հենց համերգից եմ ճանաչում եւ ընկերացել ենք ու շուտով հանդես կգանք նոր նախագծերով, որն առայժմ չեմ բացահայտի: Դեռ այդ մասին առիթներ կլինեն խոսելու: Ինչեւէ, շատ չշեղվեմ եւ հակիրճ պատմեմ մեր հանդիպման մասին։ Ճանաչողական շրջայցից հետո՝ խոսեցինք երկրում ստեղծված իրավիճակի մասին եւ մեր ժողովրդի պատմության թե՛ անհանգիստ եւ թե՛ հաղթական ժամանակներում ՀԲԸՄ-ի մշտապես ունեցած կենսական դերի ու առաքելության մասին: Ապագան փոխակերպելու եւ երազանքների իրականացմանն աջակցելու հարցում աշխարհասփյուռ հայության համար ՀԲԸՄ-ն դիտարկվում է՝ որպես հույսի եւ ոգեշնչման աղբյուր», - մանրամասնեց Դ. Ղարիբյանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ կրթությանն ու մշակույթին վերաբերող հարցեր, ինչի մասին Դավիթ Ղարիբյանն ընդգծում է. «Բազմազան ուղղություններ ընդգրկող իր գործունեությամբ ՀԲԸՄ-ն սովորողների համար կրթության դռներ է բացում կյանքի ցանկացած փուլում, որպեսզի հայկական կրթությունը, Հայոց պատմությունը հասանելի լինի ամեն մի հայի: Ցանկանում եմ արձանագրել, որ ՀԲԸՄ-ի Նուբարյան գրադարանում պահպանվում է 19-20-րդ դարերի աղբյուրների ու աշխատությունների հսկայական արխիվ, որը գործածվում է կարեւոր տեղեկատվություն տարածելու համար: ՀԲԸՄ-ն նոր տեխնոլոգիաների, հեղինակային էլեկտրոնային գրքերի ու հավելվածների, ՀՎՀ դասընթացների եւ WebTalk-երի կիրառմամբ ապահովում է նյութերի ծավալուն պահոցների հասանելիություն: Ցանկություն հայտնեցի տիկին Սոնյային, որպեսզի հնարավորության դեպքում մասնակցեմ իրենց կազմակերպած գիտաժողովներին եւ համաժողովներին: Նա ինձ ժպիտով պատասխանեց, որ ես այսօրվանից ՀԲԸՄ-ի անդամ եմ»:
Դավիթ Ղարիբյանի գնահատմամբ՝ հայկական մշակույթը տարածվում է ողջ աշխարհում՝ որպես մեր ազգային ինքնության հիմնական ցուցիչ եւ այդ ամենում իր մեծ ավանդն ունի ՀԲԸՄ-ն. «Դրա վառ ապացույցն է այն, որ տասնամյակներ շարունակ ՀԲԸՄ-ն սկիզբ է դրել մի շարք մշակութային նախաձեռնությունների, որոնք միավորում են աշխարհի տարբեր երկրներում ապրող տարբեր հայերին: Նրանք նաեւ քաջալերում են նորահայտ հայ տաղանդներին՝ նրանց ներկայացնելով համաշխարհային լսարանին հանրահայտ բեմերում։ Նշեմ նաեւ, որ ՀԲԸՄ-ի Սոֆիայի մասնաճյուղի շնորհիվ կազմակերպվել է համերգ Սոֆիայում՝ Հասմիկ Հարությունյանի, Միքայել Ուլիխանյանի մասնակցությամբ (գլխավոր դիրիժոր` Լեւոն Մանուկյան)։ Սկիզբը` 18:00-ին, մուտքը ազատ է»։
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ առանցքային քննարկման հարցերից մեկն էլ եղել է մարդասիրական եւ սոցիալ-տնտեսական ծրագրերի զարգացման մասին մտքերի փոխանակումը:
«Ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել տիկին Սոնյային եւ մաղթել, որպեսզի հիմնադրամը շարունակի համայն հայության բարգավաճման իր ծրագրերն ու հայության բարօրությանը նպաստող իր մեծ առաքելությունը», - եզրափակելով խոսքն՝ ասաց Դ. Ղարիբյանը: