Թուրքիան պատրաստ չէ Ուկրաինայի նման իրեն կրակի մեջ գցել հանուն Արեւմուտքի շահերի. Լոքմագյոզյան

Իրականում լարվա՞ծ են ռուս-թուրքական հարաբերությունները, ի՞նչ զարգացումներ սպասել Պուտին-Էրդողան սպասվելիք հանդիպումից, և այն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա, «Իրավունքի» հետ զրույցում այս և այլ հարցերին պատասխանել է Միջինարևւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ:
«ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄՈՒՐՋՆ ԵՆ»
— Առաջիկայում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում: Ըստ էության, Էրդողանի հրավերը Կրեմլից մերժվել էր, և Էրդողանի վարչախումբը որոշում է կայացրել, որ հենց նա է գնալու Մոսկվա: Այս հանդիպումը կարելի՞ է դիտարկել նոր ու բեկումնային զարգացումների սկիզբ:
— Սա նոր չէ, սա մեկ այլ գործընթացի շարունակությունն է: Էրդողանը գնում է Մոսկվա նոր պայմաններ ստեղծելու համար, որ Ռուսաստանի թույլտվությամբ նորից ցորեն արտահանվի Եվրոպա: Առաջին անգամ մենք տեսանք, թե դա ինչպես կատարվեց: Եվրոպան հիմնականում շեշտում էր, թե Աֆրիկյան սովի մատնված ժողովուրդներն այդ ցորենի կարիքը ունեն: Մենք տեսանք, երբ Ռուսաստանը այդ ցորենը բաց թողեց, այն հարյուր տոկոսով գնաց Եվրոպա, ոչ թե` Աֆրիկա: Պուտինը շեշտեց դրա մասին, և դա որպես պայման դրեց արդեն: Առաջին գործարքը կատարվել էր Էրդողանի միջնորդությամբ: Շատերը դա դիտարկում են ռուս-թուրքական համագործակցություն Հայաստանի դեմ, իհարկե, այդպիսի բան գոյություն չունի: Էրդողանը և Թուրքիան պարզապես Արևմուտքի վերջին կամուրջն են: Միակ մարդը, որը կամուրջները չի այրել Ռուսաստանի հետ և կարող է միջնորդ հանդիսանալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Էրդողանն է: Էրդողանի համար կարևոր չէ Պուտի՞նն է իր մոտ գալու, թե՞ ինքը Պուտինի մոտ, այնուամենայնիվ՝ ինքը վերջում շահավետ է դուրս գալու, որովհետև միջնորդ է լինելու, եթե հաջողացնի այդ գործարքը: Համենայնդեպս, Էրդողանը հույս ունի, որ կհաջողացնի, բացի այդ, իրեն մղում են, Արևմուտքում այդ ցորենի կարիքը գա: Կարող է Արևմուտքն էլ ինչ-որ զիջումների պատրաստ է, բայց բացեիբաց ցույց չի տալիս, Էրդողանը հարմար միջնորդ է, որ նրա միջոցով Արևմուտքը բանակցի Պուտինի հետ:
— Հանդիպմանն ընդառաջ Էրդողանը օրերս հայտարարեց , որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը: Ի՞նչ է ուզում այս քայլով հասկացնել Վ. Պուտինին: Որքանո՞վ էր սա դիվանագիտական քայլ:
— Քաղաքականության մեջ պատահականություն չկա, ամեն մի խոսքի տակ մեսիջ պետք է փնտրել, և դա Էրդողանի, այսինքն` Թուրքիայի կառավարության այս վերջին տարիների դիրքորոշումն է ցույց տալիս, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի շեմին: Էրդողանը վերջին կամուրջն է, նա բոլոր կամուրջները չքանդեց: Հատկապես արևելաեվրոպական երկրները բոլոր կամուրջները քանդեցին, այստեղ մի քիչ Հունգարիային կարող ենք մի կողմ դնել: Դրա համար այդ միջնորդի դերը կարող է կատարել Թուրքիան: Երկու կողմին էլ դեմ չի խոսում ու դեմ գործարք չի անում: Իհարկե, պաշտպանում է Ուկրաինային, բայրաքթարներ է տալիս, իսկ մյուս կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի մասնակցում, Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները չի փչացնում, երկու կողմին էլ մի քիչ կողմնակից է լինում և, միևնույն ժամանակ, ոչ այդքան կողմնակից է լինում, այդ պատճառով երկու կողմն էլ բավարարված են իրենց զգում: Ուղղակի, թշնամություն ցույց չի տալիս, ինչպես մյուս երկրներն են, հատկապես եվրոպական, այդ իսկ պատճառով կարող է լավ միջնորդ հանդիսանալ:
«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԱՎԱՆԱԼ»
— Ղրիմը ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության մաս` Թուրքիան չի՞ գրգռի Ռուսաստանին: Էրդողանն այդ հայտարարությամբ մտավախություններ չունի:
— Գուցե դրանով ինչ-որ բաներ է ուզում ձեռք բերել, դա նորություն չէ Թուրքիայի քաղաքականության մեջ, Էրդողանը հենց նման քաղաքականություն վարեց Չինաստանի հետ: Երբ որ Չինաստան էր գնալու պետական այցով, դրան նախորդող ժամանակաշրջանում Թուրքիայում ույղուրական մի սիրո ալիք բարձրացավ, և տարբեր տեղերում նաև Էրդողանի շուրթերից լսեցինք ույղուրների պաշտպանության մասին խոսքեր: Այսինքն՝ դա Չինաստանի նկատմամբ ճնշման միջոց էր: Նա ցույց տվեց, որ կարող է նաև ույղուրների հարցը քննարկել, մեծացնել այդ խնդիրները, և Չինաստանից ինչ-որ զիջումներ կորզել: Իսկ երբ Չինաստան գնաց միանգամից ույղուրներին ծախեց և լրիվ չինական կողմնորոշումով հանդես եկավ: Չինացիներն իրեն բավարարեցին որոշակիորեն, և քանի որ բավարարված էր, ույղուրները էլ պետք չէին իրեն, օգտագործած շորի նման գցեց մի կողմ: Այսօր նորից Ուկրաինայի կողմից է հանդես գալիս, Ռուսաստանի դիրքը ուզում է թուլացնել, հույս ունի, որ Ռուսաստանից ավելի հզոր շահույթ կարող է պոկել:
— Ռուս-թուրքական հարաբերությունների նման զարգացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա:
— Այս երկու պետություններից մենք կախված ենք, սակայն այս երկու երկրների հարաբերությունները երբեք չի կարող լավանալ` այն, որ այսօր ինչ-որ բաներ տեսնում ենք, ես դա որպես հարաբերությունների լավացում չեմ համարում: Այստեղ միայն պարզապես իրար որպես հզոր հակառակորդ տեսնող և ըստ այդմ կշռադատող երկրի կեցվածք ենք տեսնում երկու կողմից էլ: Այսինքն` երկու կողմն էլ խուսափում են առճակատում ունենալուց և առիթներ են ման գալիս, որ տեղ-տեղ համագործակցեն, մեղմացնեն իրավիճակը, սակայն երկու կողմն էլ իր դիրքը թողնելու նպատակ չունի: Հայաստանը Թուրքիայի համար ամենագլխավոր թշնամիներից մեկն է, սակայն Թուրքիայի համար Ռուսաստանը ավելի մեծ թշնամի է, ինչո՞ւ, որովհետև Հայաստանը այն հզորությունը չունի Թուրքիայի դեմ ինչ-որ բան անելու, մինչդեռ Ռուսաստանը վտանգավոր ու վախենալու թշնամի է: Թուրքիայի մեջքին կանգնած է ամբողջ Արևմուտքը, սակայն Թուրքիան պատրաստ չէ Ուկրաինայի նման իրեն կրակի մեջ գցել հանուն Արևմուտքի շահերի: Թուրքիան, իհարկե, իր շահերն է առաջ տանում` ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ կապված: Եթե հարկ լինի նաև ավելի ուժեղ քայլերի կարող է գնալ, գիտե՞ք Թուրքիան 80 մլն բնակչություն ունի, հիմա արդեն 80-ից ավելի, այդ 80 մլն-ից 10 մլնը վերանա, Թուրքիայի համար մեծ պրոբլեմ չէ: Ինչպես ժամանակին Թուրքիան կորեական պատերազմին մասնակցեց, լիքը կորուստներ ունեցավ, բայց իր երկիրը պրոբլեմ չունեցավ ու դրանով մեծ դիվիդենտ շահեց Արևմուտքի կողմից: Հիմա այստեղ կարող է մարդկային ուժը զոհաբերի, սակայն երկիրը չի ուզենա զոհաբերել, ինչպես Զելենսկին է անում Ուկրաինայում: Այդ առումով Թուրքիան զելենսկիական Ուկրաինա չի դառնալու, իրեն կրակը չի գցի Արևմուտքի համար, բայց կշարունակի մնալ Արևմուտքի գործակատարը: Սա է Էրդողանի ասածը:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ