Մեզ տեղն է, որովհետեւ կտերը հեշտ ուտում ենք ու մարսում. Գուրգեն Խանջյան
ՄշակութայինԱրձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ գնահատմամբ` դեռ վաղ է խոսել, թե ով կարող է լինել Երեւանի նոր քաղաքապետը:
— Անուններ կշրջանառվեն, բայց ոչ մի նշանակություն չունի, դրանք խոսակցություններ են, անգամ օր նշանակված չէ` աշնանը կլինեն ընտրություններ, թե՝ մյուս տարի: Պարզապես, ինտրիգներ են գցում, որ դրա արանքում հասկանան, թե ով որտեղ է եւ ինչու: Կոնկրետ ոչինչ չկա: Հինգ տարվա մեջ մի տրանսպորտի հարց չկարողացան լուծել: Մարդիկ «սիլոտկի» պես խցկված են երթեւեկում, էլ չեմ ասում, թե ինչ է կատարվում պիկ ժամերին: Բայց ընտրություններին գալիս են եւ խոստանում, թե մետրո են կառուցելու: Ավելի ճոխերն էլ խոստանում են` ճոպանուղի: Եվ դրանով ամեն ինչ ավարտվում է ու մարում, բայց մեզ տեղն է, որովհետեւ այդ կտերը հեշտ ուտում ենք, մարսում եւ հետո նորից խաբվում: Ինչո՞ւ է ամեն թեկնածու գալիս եւ առաջին հերթին մետրոյից խոսում, որովհետեւ այդ թեմայի վրա լավ կարողանում են ձայներ հավաքել: Իսկ հետո դժվար չէ ասել` ջրհեղեղ եղավ, պատերազմ, ու չկարողացանք մետրոն կառուցել, բայց, ժողովուրդ ջան, չպետք է կոտրվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ