Պարտությունը 2020 թ. նոյեմբերի 10–ին չի դադարել. Աննա Կարապետյան
Ներքաղաքական
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ դիտարկմամբ` այսօր Լաչինի միջանցքում տեղի ունեցողը եւ դրա շուրջ Հայաստանի ղեկավարի հռետորաբանությունը, լիովին տեղավորվում է այն ամբողջ ձեռագրին, որ տեսնում ենք 2020 թվականի նոյեմբերի 10–ից ի վեր:
— Հայաստանի իշխանությունը սկզբից ասում է, որ դեմ է այս կամ այն տարածքի հանձնմանը, հետո արդեն սկսում է սեփական ժողովրդին ահաբեկել ու վախեցնել, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ մենք այդ պատերազմին հակազդելու ունակ չենք, պետք է զիջենք: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը այդ նույն տրամաբանության մեջ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք պետք է զիջենք Աղավնոն, Բերձորը եւ եւս մի գյուղ, որը նույնիսկ նա վստահ էլ չէր, որ այդտեղ բնակիչներ կան, թե չկան: Այս ամենից ելնելով` կարող ենք արձանագրել, որ պարտությունը 2020 թվականի նոյեմբերի 10–ին չի դադարել, այլ նոյեմբերի 10–ից հետո էլ հետեւողականորեն, քայլ առ քայլ շարունակվում է: Ադրբեջանը քայլ առ քայլ իր առջեւ դրած խնդիրները լուծում է, իսկ Հայաստանի իշխանությունն իր որդեգրած ձեռագրով եւ իր բանակցային ռազմավարությամբ` ամեն կերպ նպաստում է նրան, որ Ադրբեջանն իր առջեւ դրած խնդիները լուծի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ