«Բերանի խոռոչի խնդիրների պատճառը հենց հիգիենայի պակասն է». Լուսինե Մելիքյան
Արխիվ 16-20Բերանի խոռոչի հիգիենան ու ատամների խնամքն անշուշտ կարեւոր է, բայց առավել կարեւոր է, երբ այն սկսում են խնամել վաղ տարիքից: Բայց միշտ չէ, որ ծնողները հոգ են տանում եւ ուշադրության կենտրոնում են պահում երեխաների բերանի խոռոչի ու ատամների հիգիենան պահպանելու համար: «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունը 2012 թվականից այդ կարեւոր գործը մասամբ վերցրել է իր ուսերին ու Արմավիրի մարզի դպրոցների երեխաներին պարբերաբար սովորեցնում է բերանի խոռոչի հիգիենայի կանխարգելման գաղտնիքներն ու կանոնները: Վերջերս էլ, կազմակերպությունն առաջին անգամ իր առաքելությունն իրականացրեց արդեն «Հասմիկ» մանկական ճամբարում, այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ. «Այս տարի Արմավիրի մարզպետարանը մեր կազմակերպությանն առաջարկեց մեր
շահառուների ցանկից՝ ազատամարտիկների, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների 8-13 տարեկան երեխաների ընտրել՝ «Հասմիկ» ճամբար ուղարկելու համար, ինչին սիրով արձագանքեցինք եւ իրականացրինք: Հետո մեզ առաջարկվեց, բերանի խոռոչի հիգիենայի կանխարգելման գաղտնիքներն ու կանոնները փոխանցել «Հասմիկ» ճամբարում, որտեղ բացի Արմավիրից մեկնել էին հանրապետության մարզերից եւ Արցախից: Անմիջապես ընդունեցինք առաջարկը, որովհետեւ 2012 թվականից մեր մարզի դպրոցների եւ մանկապարտեզների երեխաները՝ 2-17 տարեկան, ինչ- որ չափով ստացել են այդ աջակցությունն ու վաղ տարիքից գիտեն ինչպես պահպանել բերանի խոռոչի հիգիենան եւ խնամքը, ինչպես ճիշտ ընտրել խոզանակը, մածուկը, ինչպես եւ օրը քանի անգամ ճիշտ շարժումներով լվանալ ատամները, ինչ սնունդ ընտրել, որպեսզի խնդիրներ չառաջանան բերանի խոռոչում եւ չվնասեն ատամները: Եվ, վերջապես, հարկավոր է 6 ամիսը մեկ անգամ դիմել ատամնաբույժին, իսկ մեր կազմակերպությունն այդ ծառայություններն իրականցնում է բացառապես անվճար հիմունքներով: Ինչեւէ, երբ ասացին, որ այնտեղ լինելու են հանրապետության բոլոր մարզերից եւ Արցախից երեխաներ, համաձայնեցինք, որ նրանց եւս իրազեկ դարձնենք առողջության համար այդ կարեւոր ինֆորմացիան, որովհետեւ այսքան տարի աշխատելով այդ բնագավառում հասկացել ենք, որ հիմնականում բերանի խոռոչի խնդիրների եւ այդ վաղ տարիքում ատամների կորստի եւ ոչ բարվոք վիճակի պատճառը հենց հիգիենայի եւ խնամքի պակասն է»:
Ըստ զրուցակցի իրենց հաջողվել է ինտերակտիվ միեթոդներով ճամբարի փոքրիկներին փոխանցել խնամքի գաղտնիքները, այդ թվում նաեւ հորդորել ջոկատավարներին, որպեսզի ճամբարում եղած բոլոր օրերին հետեւեն, որ երեխաներն իսկապես կիրառեն դա. «Մեզ հետ տարել էինք ատամի մածուկներ, խոզանակներ եւ ինտերակտիվ մեթոդներով, յուրաքանչյուր տարիքային խմբի հետ,
առանձնացված խմբերով ու հատուկ մշակված ծրագրով աշխատեցինք երեխաների հետ: Յուրաքանչյուր դասընթացը տեւեց մոտ մեկ ժամ տասը րոպե եւ երեխաներն այնքան ուշադրությամբ էին հետեւում եւ այնքան հետաքրքրված էին ու կարգապահ, որ վստահ եմ՝ կիրառելու են նաեւ տանը: Ի դեպ, շատ հուզվեցի, երբ դասընթացի ընթացքում առավել ակտիվ էին հենց Արմավիրի մարզի երեխաները եւ ոգեւորությամբ ասում, որ մենք գիտենք սա այսպես է արվում նա այնպես: Երբեմն նույնիսկ ստիպված էինք լինում ասել՝ երեխաներ ջան լռեք, որ թույլ տանք մյուս երեխաներն էլ, ովքեր չգիտեն իրենք էլ իմանան եւ ինքնաարտահայտվեն: Մենք հասկացանք, որ փաստորեն Արմավիրի մարզի մանկապարտեզներում ու դպրոցներում մեր այսքան տարիների կատարած աշխատանքը տվել է իր պտուղները: Մենք նաեւ մանկավարժների հետ էինք աշխատում, հորդորում ջոկատավարներին, որ այդ 20 օրը, երչբ երեխաները լինեն իրենց ենթակայության տակ հետեւեն, որպեսզի ճիշտ լվացնեն ատամներն ու պահպանեն բերանի խոռոչի հիգիենան այնպես ինչպես մենք ենք սովորեցրել: Դասընթացի ավարտին յուրաքանչյուր երեխայի իր տարիքային խմբի համար նախատեսված նվիրեցինք մեկական ատամի մածուկ եւ խոզանակ եւ հորդորեցինք որ այսուհետ դեն նետեն հինն ու նոր պարագաներով ու գիտելիքներով զինված շարունակեն իրենց պայքարը կարիեսի դեմ»:
Լ. Մելիքյանը ցավով է արձանագրում, որ երբեմն, հատկապես մարզերում ծնողները, մանկապարտեզների դաստիարակները, կամ հենց նույն ջոկատավարները առանձնապես ուշադրություն չեն դարձնում երեխաների բերանի խոռոչի խնամքին. «Օրվա մեծ մասը երեխան անցկացնում է կրթօջախում, հատկապես մանկապարտեզներում քնում է, հետեւաբար քնել-արթնանալուց հետո պետք է բերևանի խոռոչը ողողել, լվանալ, ուտելուց հետո թել օգտագործել, բայց, ցավոք, այդ մասին ընդհանարապես չգիտեն մեր մարզերի հայրենակիցները: Մեզ համար կարեւոր է եւ մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաների առողջությանը, որովհետեւ իրենք են մեր երկրի մատաղ սերունդն ու ապագան եւ ուզում ենք որ հենց փոքր տարիքից նրանք խնամեն ատամներն ու բերանի խոռոչը, որպեսզի լինեն առողջ սերունդ»,- եզրափակեց Լ. Մելիքյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

