Ո՞վ եւ ինչո՞ւ էր գողացել Լուվրից «Մոնա Լիզա» նկարը
Արխիվ 16-20Ուղիղ 105 տարի առաջ այսօրը` օգոստոսի 21-ին, Լուվրից գողացվում է վերածննդի իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարը: Նկարը հայտնաբերելու համար փակվեցին երկրի սահմանները, իսկ թանգարանի ղեկավարությունն ազատվեց աշխատանքից: Այն գողանալու մեջ կասկածվում էին բանաստեղծ ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐԸ, ում նույնիսկ կալանավորեցին, ինչպես նաեւ նկարիչ ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՆ: Սակայն, նկարը գտնվեց միայն երկու տարի անց` Իտալիայում: Պարզվեց, որ գողությունն իրականացրել է Լուվրի աշխատող, հայելիների իտալացի վարպետ ՎԻՆՉԵՆՑՈ ՊԵՐՈՒՋԱՆ:
Տարածված տեսակետ կա, որ Վ. Պերուջայի նպատակն է եղել նկարը պատմական հայրենիք վերադարձնելը` համարելով, որ ֆրանսիացիներն իրենցից են գողացել եւ մոռանալով, որ Լեոնարդոն ինքն է այն տարել Ֆրանսիա: Նկարը գտնվեց նույնպես այն գողացողի մեղքով՝ Վինչենցոն պատասխանել էր թերթում տպագրված Ուֆիցիի պատկերասրահի տնօրենի հայտարարությանը եւ առաջարկել էր վաճառել իր գողացած նկարը։ Գողության համար Պերուջան փոքր ժամկետով բանտ նստեց, չնայած նրան, որ իտալացիները գովում էին հայրենասիրության համար։ Իտալական քաղաքներում ցուցադրվելուց հետո 1914 թ. հունվարի 4-ին Ջոկոնդայի դիմանկարը վերադարձավ Փարիզ: Այդ ամբողջ ընթացքում «Մոնա Լիզան» պատկերվում էր ամբողջ աշխարհի թերթերի եւ ամսագրերի երեսներին, փոստային բացիկների վրա եւ, շնորհիվ դրա, դարձավ պաշտամունքի առարկա ամբողջ աշխարհում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

