Ալկոհոլի չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա. Սրտաբան
Արխիվ 16-20Տոնական օրերն հաճախ ուղեկցվում են ալկոհոլի չարաշահմամբ, իսկ դա իր հերթին ուղեկցվում է սիրտ-անոթային պատահաներով: Այս փաստը վաղուց է արձանագրվել և հնարավոր պատճառները մանրամասն ներկայացվել և քննարկվել են, այդ թվում և գիտական հրապարակումների տեսքով:
«Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական-սրտաբանական կենտրոնի ղեկավար, միջամտական-առիթմոլոգ, բ.գ.թ. ՄԻՀՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ խոսքերով, անհրաժեշտ է ևս մեկ անգամ ուշադրություն սևեռել և քննարկել ալկոհոլի չարաշահման հետ կապված հնարավոր հետևանքները:
«Ալկոհոլի չափավոր օգտագործումը հիմնականում դրական ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա (բացառություն բոլոր այն դեպքերում, երբ ալկոհոլի օգտագործումը հակացուցված և արգելված է): Խոսքը հատկապես գնում է կարմիր գինու մասին, որի կազմում եղած հակաօքսիդանտների դրական ազդեցությունը օրգանիզմի վրա հստակ ցուցադրվել է մի շարք աշխատանքներում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ալկոհոլի չարաշահումը արտահայտված բացասական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա՝ զարկերակային ճնշման բարձրացում (կարող է նպաստել սրտի իշեմիկ հիվանդության սրացմանը) և արտահայտված առիթմոգեն ազդեցություն: Ալկոհոլի երկարատև չարաշահումը կարող է առաջացնել այսպես կոչված ալկոհոլային կարդիոմիոպաթիա»:
Սրտաբանը ասում է, որ 1978 թվականին Ettinger-ի խումբը կատարել է հետազոտություն, որում ընդգրկվել են ալկոհոլ չարաշահող անձինք:
«Այդ անձանց մոտ հանգստյան և տոնական օրերին հաջորդում էր սրտի ռիթմի և հաղորդչականության սուր խանգարում (հիմնականում վերփորոքային տախիկարդիաներ), որը հստակ փոխկապակցված էր ալկոհոլի չարաշահման հետ և առաջանում է սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդություններ չունեցող պրակտիկորեն առողջ անձանց մոտ: Խոսքը հիմնականում գնում է նախասրտերի շողացման մասին: Անգլալեզու գրականության մեջ այդ համախտանիշը կոչվել է holiday heart syndrome (синдром праздничного сердца ռուսալեզու գրականության մեջ): Այս մասին հատկապես պետք է մտածել, երբ գրանցվում է նախասրտերի շողացման պարոքսիզմ կառուցվածքային առողջ սիրտ ունեցող երիտասարդ անձանց մոտ: Դեպքերի գերակշիռ մասում առկա է բարորակ ընթացք, նորմալ սինուսային ռիթմը վերականգնվում է 24 ժ. ընթացքում և հատուկ հակաառիթմիկ թերապիայի անհրաժեշտություն չի լինում: Երբեմն ալկոհոլի նույնիսկ չափավոր ընդունումը կարող է խթանել նախասրտերի շողացման կրկնակի պարոքսիզմների առաջացումը: Տարածվածությունը կազմում է 5-10% մինչև 30% հատկապես 65 տ. ցածր տարիքային խմբում առաջին անգամ գրանցված նախասրտերի շողացման պարոքսիզմի դեպքում: Հնարավոր պատճառները բազմազան են. արտահայտված սիմպաթիկ ազդեցություն, էպինեֆրինի և նորէպինեֆրինի սեկրեցիայի ուժեղացում, ազատ ճարպաթթուների մակարդակի բարձրացում, ալկոհոլի նյութափոխանակության արգասիքների առիթմոգեն ազդեցություն և այլն»:
Բժիշկը հորդորում է տոնական օրերին խուսափել ալկոհոլի չարաշահումից.
«Առաջին իսկ անհանգստացնող, արտասովոր գանգատների առկայության դեպքում անհապաղ դիմեք մասնագիտացված բուժօգնության: Տոնական օրերին աշխատում են բավարար թվով բուժհաստատություններ, որոնք կարող են սպասարկել բնակչությանը, այդ թվում և շտապբուժօգնությունը, անհետաձգելի բուժօգնության ծառայությունները և այլն»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

