Մանվել Գրիգորյանի պահեստում հո՞ ջութակ ու նոտա չէին գտնելու․ Սամվել Նիկոյան
Արխիվ 16-20Հարձակումը Մանվել Գրիգորյանի դեմ, դա նրա անձի դեմ չէր, այլ՝ արցախյան ազատամարտի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով, զենք զինամթերք պահելու եւ յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի մեղադրանքին։
«Եթե որեւէ մեկը կարծում է, որ հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է: Դա արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված։ Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում եւ ոչնչացնում»,- ասաց նա։
Հանրապետական Սամվել Նիկոյանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի միակ մեղադրանքը ապօրինի զենք-զինամթերք պահելն է․ «Այլ քրեական մեղադրանք չկա: Մնացածը, ինչ գտել են պահեստներում, քարոզչության նյութ դարձրին։ Բա ինչ պետք է գտնեին զինվորական մարդու պահեստում՝ հո ջութակ ու նոտա չէին գտնելու»:
Սամվել Նիկոյանի խոսքով՝ իր տեղեկություններով պահեստներում հայտնաբերվածը տրված էր ԵԿՄ-ին՝ ՊՆ-ի կողմից. «Ապօրինի բան այդտեղ չկա: Կուզենայի ԵԿՄ-ականները կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք»:
Երկրապահն իր պահեստում պետք է ունենար այդ ամենը: Գրություններով հիմնավորված է, թե այդ իրերը որտեղից են բերվել ԵԿՄ»:

