ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Արխիվ 16-20Երեկվանից ուժի մեջ մտան Իրանի դեմ սահմանած հերթական պատժամիջոցները: Չնայած, տվյալ դեպքում «հերթական» տերմինը շատ մեղմ է. Սրանք մինչեւ այս եղած պատժամիջոցներից ամենածանրն են, ընդ որում, ոչ միայն զուտ տնտեսական առումով, այլ՝ աշխարհաքաղաքական, ինչի մասին Վաշինգտոնը խոսում է բարձրաձայն:
ԵՎ ՆՈՐԻՑ «ԿԱՄ-ԿԱՄ»-Ի ԱՌԱՋ
Տնտեսական առումով հարվածն ուղղված է Իրանի նավթի արտահանմանը: Ընդ որում, ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն անթաքույց հայտարարում են, որ նպատակը նավթի արտահանումը զրոյի հասցնելն է: Իսկ ահա քաղաքական առումով սա, ըստ էության, տանում է ԱՄՆ-ի ամենասուր բումներին ոչ միայն Իրանի, այլ ՌԴ-ի, Չինաստանի, Թուրքիայի, եւ անգամ Եվրոպայի հետ: Ավելին, Վաշինգտոնն իր հիմնական դաշնակցի՝ Եվրոպային, որը նախօրեին հերթական անգամ հայտարարեց, որ ոչ միայն չի միանա, այլ կփորձի հակազդել պատժամիջոցներին՝ պահպանելով Իրանի հետ տնտեսական գործարքները, սկսեց խոսել վերջնագրերով: Այսպես. պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության համաձայն. «Եվրոպական ընկերություններին թույլ չի տրվի բիզնես վարել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի հետ»: Կարճ ասած, այն եվրոպական ընկերությունները, որոնք կհամարձակվեն շարունակել բիզնեսը Իրանում, դուրս կնետվեն ամերիկյան շուկայից: Ու քանի որ եվրոպական շատ առանցքային ընկերությունների համար ամերիկյան շուկան հիմնականն է, ապա դժվար չէ կռահել, թե նրանք ինչպես կվարվեն, ընդ որում, անկախ եվրոպական քաղաքական ղեկավարության հայտարարություններից: Բայց մյուս կողմից, այս ընկերությունները կանգնած են նաեւ այն հարցականի առաջ, թե Վաշինգտոնը պարզապես մեծ բլիեֆի չի՞ գնում Իրանի հարցում: Այսինքն, նաեւ մեծ է հավանականությունը, որ Իրանի հարցով համաշխարհային` գործնականում բոլոր խոշոր ուժերի հետ մտնելով նման սուր հակամարտության մեջ, իրականում Վաշինգտոնը կփորձի պարզապես նման շանտաժով իր համար հարմար բանակցային հարթակ ձեւավորել եւ, պայմանավորվելով ետ քաշվել: Եվ այս դեպքում արդեն այն ընկերությունները, որոնք առաջ ընկնելով, դուրս կգան իրանական շուկայից, պարզապես կկորցնեն իրենց դիրքերը: Առավել եւս, որ քիչ չեն նաեւ այն եվրոպական ընկերությունները, որոնք իրենց տեսնում են եվրասիական շուկաներում եւ կարող են ուրախությամբ փոխարինել Իրանից դուրս եկողներին: Իսկ ահա քաղաքական առումով ասվածը վերաբերում է նաեւ այն պետություններին, որոնք չունենալով այս գլոբալ գործընթացների վրա որեւէ ազդեցություն, այնուամենայնիվ՝ ստիպված են իրենց հերթին կողմնորոշվել հակաիրանյան պատժամիջոցների այս սուր իրավիճակում: Նկատենք, որ նման երկրների ցանկում Հայաստանն առաջնային դիրքերում է: Այսպիսով, ի՞նչ է խոստանում Իրանի շուրջ իրավիճակի այս հերթական գերշիկացումը Հայաստանին: Զուտ տնտեսական առումով ուղղակիորեն ոչինչ: Պատժամիջոցները հիմնականում վերաբերում են իրանական նավթին, որի համար Հայաստանը ո՛չ ներմուծող երկիր է եւ ո՛չ էլ՝ տրանզիտային: Իսկ անուղղակիորեն խնդիրներ կարող են առաջանալ, եթե այս իրավիճակը տնտեսական բացասական հետեւանքներ առաջացնի Ռուսաստանում, եւ այն ազդի դեպի Հայաստան տրանսֆերային հոսքերի վրա:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԹՐԱՄՓԻՑ
Փոխարենը, աշխարհաքաղաքականության առումով Հայաստանը խնդիրների պակաս չունի, եւ այստեղ արդեն բոլոր հետագա զարգացումները կախված են հիշատակված հարցից՝ մինչեւ ո՞ւր է պատրաստվում հասնել Թրամփը, եւ հնարավո՞ր են արդեն այս շաբաթվա վերջին Փարիզում սպասվող Պուտինի հետ հանդիպմանը գալ ինչ-որ պայմանավորվածությունների: Ընդ որում, այստեղ էլ դեռ հարցական կա. թե ինչ դերով Թրամփը կներկայանա հանդիպմանը, իր հերթին մեծապես կախված է նրա ներամերիկյան դիրքերից, որոնց առումով հստակեցումներ են սպասվում այսօր կայանալիք ամերիկյան Կոնգրեսի ընտրություններում: Կկարողանա՞ հաղթել եւ որոշակիորեն ազատվել իր պաշտոնավարման ողջ ընթացքում առկա ներամերիկյան կոշտ ճնշումներից, որոնք գալիս են սուպերլիբերալներից, այդ դեպքում արտաքին հարթակում եւս Թրամփն ազատություն է ստանում: Անշուշտ, պատրանքների հարթությունում է այն վարկածը, որ նա հենց ներամերիկյան այդ պայքարի արդյունքում է, որ պարտադրված է, մասնավորապես` ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում գնալ ծայրահեղ կոշտությունների, միայն թե ցույց տա, որ ինքը լիբերալներից պակաս ռուսատյաց չէ: Այսինքն, որ ներամերիկյան իրողությունների փոփոխությունը կբերի նաեւ Մոսկվայի հետ հարաբերություններում լուրջ փոփոխությունների: Միգուցե այս գործոնն ինչ-որ չափով կա, եւ միգուցե դրա էֆեկտն արդեն առաջիկա Պուտին-Թրամփ հանդիպմանը կտեսնենք: Բայց չմոռանանք, որ Թրամփը, ի վերջո, ԱՄՆ-ի նախագահն է, եւ հենց ամերիկյան շահերի հիման վրա էլ կառուցվում են նրա քայլերը: Այդ թվում՝ Իրանի, ավելի կոնկրետ՝ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ, որտեղ ամերիկյան շահը գնալով միայն ավելի խոր հակասության մեջ է մտնում մյուս բոլոր առանցքային ուժերի հետ: Ամեն ինչ այստեղ միանգամայն ակնհայտ է. վերջնականապես կկորցնի՞ Վաշինգտոնը վերահսկողությունը Սիրիա-Իրան առանցքում,գործնական տեսք կստանան ընդհանուր եվրասիական առեւտրատնտեսական հայտնի ծրագրերը, որն էլ կվերացնի դոլարի համաշխարհային մոնոպոլիան՝ դրանից ԱՄՆ-ի համար սպասվող բոլոր հետեւանքներով հանդերձ: Ընդ որում, դեռ հարց է, թե այստեղ ո՞րն է ԱՄՆ-ի շահ ասվածը: Դեռ այն ժամանակներոմ, երբ Թրամփն ընդամենը նախագահի թեկնածու էր, այն տեսակետն էր առաջ տանում, թե նախագահ դառնալով՝ աշխարհաքաղաքական առումով ետ կքաշվի ԱՄՆ-ի բնական սահմանների մեջ եւ հիմնական շեշտը կդնի իրական տեխնոլոգիական տնտեսության եւ ոչ թե՝ արդեն իրենց աչքի առաջ սպառող ֆինանսական փուչիկներով ու ուժային մեթոդներով դոլարի մոնոպոլիան պահելու մեջ: Եթե վաղվա ընտրություններում էլ կարողանա դիրքերն ապահովել, ապա չբացառենք, որ Թրամփը կարող է եւ անցնել այդ քաղաքական կուրսին: Իսկ այդ դեպքում պետք է որ համաշխարհային այս գերլարվածությունը գնա կտրուկ թուլացման: Եվ երկրորդ տարբերակը. եթե Թրամփը շարունակի գլոբալ դիրքերն ուժային՝ պատժամիջոցային մեթոդներով պահպանելու քաղաքականությունը, ապա հարց է, թե դա որքանո՞վ կտանի վերջնական արդյունքների: Այսպես, Թրամփի ներկայիս հարվածը, հիշեցնենք, իրանական նավթի ամբողջական էմբարգոն է: Բայց փաստն այն է, որ Իրանից նավթ գնող առանցքային երկրներից է Չինաստանը, որը հաստատ չի միանալու էմբարգոյին: Մյուս գնորդը Եվրոպան է, որը կարող է շրջանցիկ ճանապարհով իր գնումներն իրականացնել: Ընդ որում, այդ մասին նաեւ հրապարակավ է խոսվում. իրանական նավթը կարող է նախ «ձեռք բերել» ՌԴ-ն, ապա «վերավաճառել» Եվրոպային: Իսկ այդ պարզ մեխանիզմի ձախողման համար ԱՄՆ-ին պետք կլինի նաեւ ռուսական նավթի համաշխարհային վաճառքին էմբարգո հայտարարել: Սակայն սա այնպիսի գլոբալ էներգետիկ կոլապսի կարող է հանգեցնել, որը միանգամից է օրակարգ բերելու «նավթադոլար» հասկացությունից միանգամից հրաժարվելու գաղափարը: Երկրորդ տարբերակով Թրամփը կարող է իրավիճակը սրել մինչեւ Իրանի հետ ռազմական բախումների մակարդակ: Սակայն այս դեպքում էլ իրողությունն այն է, որ անգամ սիրիական հակամարտությունը Վաշինգտոնը չկարողացավ ռազմական մեթոդով լուծել, էլ ուր մնաց՝ Իրանի հետ պատերազմ սկսելը: Ի վերջո, այդ դեպքում միանգամից աճում է նաեւ ռուս-ամերիկյան բախման հեռանկարը, որը գալու-հասնելու է միջուկային բալանսի փաստին: Չէ, այս տարբերակը եւս Վաշինգտոնի համար անհեռանկար է:
ՓԱԿՈՒՂՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Իհարկե, հնարավոր զարգացումների տարբերակներից եւ ոչ մեկն էլ չի կարելի մինչեւ վերջ բացառել, այդ թվում՝ Երրորդ աշխարհամարտի հնարավորությունը: Սակայն այս բոլոր ծայրահեղ տարբերակներն էլ նաեւ ԱՄՆ-ի համար են ինքնաոչնչացման ուղիներ, այսինքն՝ դրանց հավանականությունը մնում է միանգամայն ցածր: Վաշինգտոնի համար իդեալական տարբերակը կլիներ Իրանում պրոամերիկյան իշխանության ձեւավորումը, սակայն խոսքն այն պետության մասին չէ, որտեղ գունավոր խաղերը հաջողության ռեալ շանսեր կունենան: Այսպիսով, ինչքան էլ որ ԱՄՆ-ն մտել է ամենակոշտ հակամարտության դաշտ, սակայն, թե դրանից գործնական ինչ օգուտներ է պատրաստվում ստանալ, դեռ այդպես էլ տեսանելի չի դառնում: Լավ, ասենք մի քանի հարյուր եվրոպական ընկերություն վախեցավ եւ Իրանից դուրս եկավ, դա էլ որոշակիորեն պարտադրեց Իրանի տնտեսական վիճակը, խոշոր հաշվով դա ի՞նչ է տալու, աշխարհաքաղաքական առումով՝ քիչ բան: Վերադառնալով Հայաստանին` նկատենք, որ թեեւ մեր ուղղությամբ ամերիկյան լուրջ ճնշումների հետքեր կարծես թե զգացվում են, սակայն դրանք դեռ բավական չեն, որ անգամ մեր ներկայիս իշխանությունների պարագայում Հայաստանն անցնի կոշտ հակաիրանական, այսինքն՝ հակառուսական հարթութուն: Ի վերջո, մեկ պարզ փաստ ֆիքսենք. մեզ շրջապատող բոլոր հիմնական երկրները, այդ թվում՝ Թուրքիան, մնում են իրանական ուղղվածության դաշտում ¥մի կողմ թողնենք երկկողմ բազում խնդիրները, դա այլ հարց է¤, եւ հակառակ դիրք տեղափոխվելու պարագայում Հայաստանը միանգամից կվերածվի ամենալուրջ սպառնալիքներով շրջապատված կղզյակի՝ մի կողմից ունենալով արցախյան հակամարտությունը, մյուս կողմից՝ Թուրքիայի խնդիրը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

