Ջրային կոմիտեն ճիշտ էր, Արտակ Զեյնալյանը` սխալ
Արխիվ 16-20«Սիրելի ժողովուրդ, մենք համոզված ենք, որ 130 հազար շահառուների հողատարածքների ոռոգման հարցը կարելի է լուծել այլ եղանակով... թող սա չներկայացվի, որ միայն արվում է գյուղացիների համար», - այս մասին դեռեւս մեկ տարի առաջ բարձրաձայնում էր երբեմնի ընդդիմադիր պատգամավոր, իսկ այժմ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԱԺ ամբիոնից` խոսելով 2017 թվականի Սեւանից հավելյալ ջրառի օրենքի նախագծի տեքստի մասին: Սակայն արի ու տես, որ այժմ նույն կառավարությունը, որի առանցքային նախարարություններից մեկը ղեկավարում է Ա. Զեյնալյանն, դիմում էր խորհրդարանին, որպեսզի ընդունվի իրենց իսկ մշակած Սեւանի ջրի 2018 թվականի լրացուցիչ բացթողման օրենքի նախագիծը:
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ ԻՆԵՍԱ ԳԱԲԱՅԱՆԸ, խոսելով վերոնշյալ նախագծի մասին` ըստ էության, փաստեց, որ այն ժամանակ էլ Ջրային կոմիտեն ճիշտ էր, Արտակ Զեյնալյանը` սխալ. ոռոգման հարցի լուծման այլ եղանակ իրականում չկա:
– Տիկին Գաբայան, հաշվի առնելով նախագծի հրատապությունը` ինչո՞վ էր պայմանավորված, որ այն ավելի վաղ չբերվեց Ազգային ժողով, այլ միայն օգոստոսի վերջին:
– Փորձում էինք գտնել այլընտրանքներ, անհնար էր... Մենք երկու շաբաթից ավել բազմակողմ քննարկում էինք, փորձում էինք լուծում գտնել, կրկնում եմ` անհնար էր:
– Իսկ ինչո՞ւ չգտնվեց լուծման այլ եղանակ:
– Այլընտրանք չի կարող լինել այսօր, որովհետեւ այն իրավիճակը, որն ունենք, հետեւյալն է` տարիներ շարունակ Սեւանա լիճը հանդիսացել է ոռոգման համար անփոխարինելի ջրաղբյուր: Այսինքն`դու պետք է իր այդ առաքելությունը կամ իր վրա դրած դերը ինչ-որ մի բանով փոխարինես, որ իրեն ազատես: Չէ՞ որ դա մենք չենք հորինել, այլ տասնյակ հարյուրավոր տարիներով Սեւանը եղել է տարածքների ոռոգման ջրաղբյուր:
– Սա, թերեւս, նորություն չէ, հետեւաբար այս դեպքում ինչո՞ւ ավելի վաղ չբերվեց նախագիծը, որպեսզի ավելի քիչ վնաս կրեր գյուղացին, եթե, իսկապես, ոռոգման ջրի պակաս կա:
– Չգիտեմ` այդ կորուստներն ով է հաշվել, բայց մենք դեռեւս կորուստ չունենք: Անգամ խնդրել էի, որ գործընկերներս տեղերում նկարեին չորացած հատվածները, բայց չկան: Մենք երկու օր առաջ ավարտեցինք ջրի բացթողման մեր թույլատրելիի ծավալը, այնպես որ, դեռեւս վնաս չենք հասցրել ունենալ, բայց արդեն մեկ օրն էլ կարեւոր է: Ասեմ, որ խնայողական ռեժիմով ենք աշխատել, եւ այն մեր այս տարվա նվաճումներից է: Իհարկե, գործեր շատ ունենք անելու, որպեսզի Սեւանին ազատենք ոռոգման լծից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

