«ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷՐ, ՈՐ ՔԱՆԴՎԵՑ «ՀԱՅՖԻԼՄԸ»»
Արխիվ 16-20Տարիներ առաջ, երբ սեփականաշնորվեց «Հայֆիլմ» կինոստուդիան, բոլորը լիահույս էին, որ կարճ ժամանակում կունենանք նախկինի նման անվանի մի կառույց: Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց` մասնավորի կողմից հիմնահատակ քանդվեց ու թալանվեց «Հայֆիլմը»: Թեպետ այն կյանքի գնով վերադարձվեց պետությանը, բայց անցնելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ, այսօր կրկին մասնավորեցման ծրագրում է: Վերջերս նույնիսկ «Հայֆիլմի» կարգավիճակի վերաբերյալ համատեղ հանրային քննարկում կազմակերպվեց` ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի եւ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ու կինոոլորտի ներկայացուցիչների ներկայությամբ: «Իրավունքի» հետ զրույցում «Հայֆիլմի» վերածնունդ նախաձեռնության ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԸ վստահեցրեց, որ վերջին 20 տարում նախադեպը չունեցող քննարկումը հնարավորություն ընձեռեց պատկերացում կազմել, թե առհասարակ ով է մտածում հայկական կինոյի` «Հայֆիլմի» մասին:
ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ «ՀԱՅՖԻԼՄԸ», ՆՐԱՆՔ ԵՆ ՔԱՆԴԵԼ, ԱՎԵՐԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ»
- Պետգույքի կառավարման կոմիտեն մեզ` «Հայֆիլմի» վերածնունդ նախաձեռնության անդամներիս մի քանի օր ժամանակ էր տվել, որ ծրագրեր կազմեինք, «Հայֆիլմի» վերականգնման համար, սակայն ասացի, որ 2-3 օրում չենք կարող ծրագիր կազմել` ծավալային աշխատանք է, ու Պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը որոշեց, որ ավելի լավ կլինի հանրային քննարկում իրականացնել, որից հետո նոր ներկայացնենք մեր ծրագրերը: Սպասում էինք, որ այդ քննարկմանը պետք է գային մարդիկ, որոնք` չեկան, թեպետ հրավիրված էին, եկածներն էլ` չխոսեցին: Այն կարծես երկխոսություն էր, հիմնականում խոսում էինք մենք` «Հայֆիլմի» վերածննդի նախաձեռնության անդամներս, Պետգույքի կոմիտեի նախագահը եւ մշակույթի նախարարը: Ի դեպ, նախարարը հիմնականում լսում էր ու իր կարծիքներն արտահայտելուց փորձում էր հասկանալ մեր խնդիրը շենքի վերականգնո՞ւմն է, թե` առհասարակ կինոարտադրությունը: Հայտարարեցի, որ ՀՀ-ում կինոարտադրություն գոյություն չունի, Հայաստանում կան կինո նկարահանելու գործընթացներ` մեկ երկու ֆիլմ եւ` վերջ, կինոարտադրությունից կարող են խոսել Չինաստանը, Ամերիկան, Հնդկաստանը, որտեղ տարեկան նկարահանվում է 100-ից ավելի ֆիլմ: Կինոռեժիսորներն էլ էին հրավիրված, բայց չեկան, հենց այս անտարբերության արդյունքն էր, որ քանդվեց «Հայֆիլմը»: Ինչեւէ, մի մասը պնդում էր, որ «Հայֆիլմի» փրկության համար պետք են մեծ ներդրումներ` նույն խոսակցությունը 20 տարի լսում ենք: Ասում են, միջազգային կառույցներին դիմենք, Պուտինին, Թրամփին... Իսկ մենք, պնդում էինք, որ «Հայֆիլմի» փրկության համար պետք է ժամանակ ու սեր: Մարդիկ կային, որ իմ այդ բառի համար քթի տակ ծիծաղում էին, թե ի՞նչ սեր, բայց հենց այդ ծիծաղողը չի ուզում հասկանալ, որ այդ սիրո պակասը քանդեց «Հայֆիլմը», այն հնարավոր էր պահպանել այն ժամանակ, երբ նոր էր սկսվում ավերակների վերածվելը, որովհետեւ կար ե՛ւ գումար, ե՛ւ պետական աջակցություն, ուղղակի մարդիկ, երբ այնտեղ նշանակվեցին տնօրեն, առաջին քայլն արեցին` սկսեցին «Հայֆիլմի» վաճառքի գործընթացը: Այն մարդիկ, որ ասում են, թե չկարողացանք պահպանել «Հայֆիլմը», հենց նրանք են քանդել, ավերել ու վաճառել այն:
«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՈԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵՑ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻՆ` ԴԱ ՀԱՄԱՐԵՑ ՀԱՂԹԱՆԱԿ»
- Օրեր առաջ «Հայֆիլմի» ֆիլմերի ժառանգության իրավունքն անցավ իրավահաջորդին` Ազգային կինոկենտրոնին, բայց, որքան գիտեմ, այնտեղ նաեւ տարածքի հարց էլ կար:
- «Հայֆիլմի» նախահիմքը Տերյան 2-ն էր, որտեղ հիմա ուզում է տեղափոխվել Ազգային կինոկենտրոնը, որը բավականին ժամանակ է վարձակալական հիմունքներով գործում է «Հայֆիլմի» տարածքում: Պարզապես Մշակույթի նախարարությունը հայկական ամբողջ կինոժառանգությունը փոխանցեց Ազգային կինոկենտրոնին` դա համարեց հաղթանակ: Իսկ ես այդտեղ որեւէ հաղթանակի նշան չեմ տեսնում` մի թղթից փոխանցել մյուս թղթին` ի՞նչ հաղթանակ: Հակառակը` «Հայֆիլմ» հասկացողությունը աղքատացավ անգամ հայկական ֆիլմերի ժառանգությունից: Ազգային կինոկենտրոնը 2006-ին ընդամենը դարձավ «Հայֆիլմի» իրավահաջոդ, որովհետեւ արդեն վաճառքի գործընթացը եղել էր, եւ պետք չէ մարդկանց չիմացության վրա ինչ-որ հաղթանակներից խոսել: Շատ լավ է, որ ֆիլմերը վերականգնվում են, բայց նորից աղքատացնել «Հայֆիլը» եւ դա համարել հաղթանա՞կ` ճիշտ չէ: Արդյունքում, այսուհետ հեռուստաընկերությունները այդ ֆիլմերը գնելու են ոչ թե «Հայֆիլմի» ղեկավարությունից, այլ` Ազգային կինոկենտրոնից:
«ԵՐԲ ԷԺԱՆԱԳԻՆ ԿՈՄԵԴԻԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԳՑՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՂԵՐՈՒՄ, ԱՐԴԵՆ ՎԱԽԵՆԱԼՈՒ Է»
- Հայկ, ի վերջո, «Հայֆիլմի» վերածնունդ նախաձեռնությունն ինչի՞ համար է պայքարում:
- Առաջինը` հայկական ֆիլմերի ժառանգության փրկության համար, որովհետեւ հայկական ֆիլմերի ժառանգությունը ոչ Ազգային կինոկենտրոնի, ոչ էլ Կինոկադեմիայի, այլ ՀՀ-ի սեփականությունն է, ինչպես Մատենադարանը, կամ Օպերայի շենքը: Մենք այս գաղափարախոսությունն անընդհատ մարդկանց մեջ ներմուծում ենք: 2-րդը` «Հայֆիլմի» շենքը ընդունենք որպես պատմամշակութային արժեք, որտեղ գոնե վերջին 20-30 տարում նկարահանվել են շատ ֆիլմեր, պետք է ազգայնացվի կառույցը եւ դառնա մեր ազգային բրենդը` ՀՀ-ն որպես կինո ունենա իր դեմքը: Մենք ամեն ինչի համար գումար ունենք, բացի բարձրարժեք գործերից: Կոմերցիան միշտ էլ կա, բայց երբ էժանագին կոմեդիան արդեն իր արմատները գցում է բոլոր տեղերում, ա՛յ սա արդեն վախենալու է:
«ՀԱՅՖԻԼՄԸ» ԵՐԲԵՔ ՀՈԼԻՎՈՒԴ ՉԻ ԴԱՌՆԱԼՈՒ
- Իսկ Ձեր ղեկավարած նախաձեռնության առաջիկա քայլը ո՞րն է` «Հայֆիլմը» փրկելու համար:
- Հիմա կազմում ենք ծրագիր, որպեսզի ներկայացնենք Պետգույքի վարչությանը, թե ինչ մոտեցումներ ունենք, որպեսզի «Հայֆիլմը» վերականգնվի: «Հայֆիլմը» երբեք Հոլիվուդ չի դառնալու, մեզ Հոլիվուդ պետք չէ, այնքան ենք կտրվել մեր ներքին աշխարհից, որ կինոյի մասին խոսելիս ասում ենք Հոլիվուդ: Ձեզ համար Հոլիվուդն է չափանիշ, ինձ համար էլ` եվրոպական կինոն, մի եվրոպացու համար էլ` հայկական կինոն: Այնուամենայնիվ, մենք ներկայացնելու ենք մեր ծրագիրը, բայց առաջնային պայմաններով` «Հայֆիլմի» պետականացում, որ հանվի մասնավորեցման ծրագրից, ազգայնացում` դառնա ազգային կառույց, եւ 3-րդը` ներկայիս «Հայֆիլմի» կադրային քաղաքականության վերանայում, որովհետեւ այն մարդը, որ քանդեց, կերավ, ծախեց ու վառեց «Հայֆիլմը», այսօր այնտեղ նստած սուրճ է խմում: Պետական վերահսկողության ծառայությունը պետք է զբաղվի այդ հարցով: Մշակույթի նախարարությունում պետք է ստեղծվի օպերատիվ արձագանքման վարչություն, որը համագործակցի ԱԱԾ-ի եւ ոստիկանության հետ, ու գործողություններ սկսեն Ազգային կինոկենտրոնում: Այդ ինչպե՞ս է լինում, որ կան ֆիլմեր, որոնք ֆինանսավորվել են 2009 թվականին, բայց մինչեւ օրս պատրաստ չեն ու այդ ֆիլմերին մինչեւ հիմա տալիս են գումարներ, իսկ Արամ Շահբազյանի նման ռեժիսորի ֆիլմին չեն տալիս ֆինանսավորում, որ մարդը դիմել էր հացադուլի: Իրականում մեր երկիրը մշակույթին ու արվեստին պետք է ուշադրություն դարձնի: Կինոկենտրոնը նույնիսկ կանոնադրություն չունի, ամբողջապես դեռ կայացած կառույց չեն: Իրենց մասին չենք լսում ընդհանրապես, գոյություն ունի հանձնակատար, որ երբեւիցե ո՛չ ասուլիս է տալիս, ո՛չ իր կարծիքն է արտահայտում, իսկ հանդիպումների ժամանակ էլ` ինչ-որ կարճ բաներ է խոսում: Կարճ ասած` էներգիա, ակտիվություն չեմ տեսնում այդ կառույցում:
ՀԻՇԵՑՆԵՆՔ
Երկու ամիս առաջ «Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆՆ անդրադարձել էր այս թեմային ու շեշտել, որ տնօրեն նշանակվելուց հետո իր անձնական աուդիտին կփոխարինի նաեւ գույքային ու ֆինանսական աուդիտը. «Հավատացե՛ք, եկածս օրվանից ստացել եմ այնպիսի «ժառանգություն»` բարդ իրավիճակ, որին զուգահեռ պետք է հասցնեի ծանոթանալ ամբողջ ծավալին, չդադարեցնեի ֆիլմերի արտադրությունները, հետեւեի, որ հանկարծ թերություններ ու սխալներ չլինեին: Դրան զուգահեռ, ինքս ինձ համար ստուգումներ եմ իրականացրել, որպեսզի պատկերացում կազմեմ իրավիճակից: Հետո հրավիրել եմ մասնագետների` ավելի մանրակրկիտ ուսումնասիրության համար: Որքան էլ եղել եմ կինոյի ոլորտում, ինձ ֆիզիկապես դժվար է եղել զուգահեռ իրականացնել այդ ստուգումները, ամեն դեպքում` ե՛ւ գույքային, ե՛ւ ֆինանսական աուդիտ շուտով կլինի»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

