Մերոնք պահանջում են հասանելիքը, ԵՄ-ն մտածում է նոր «տնային աշխատանք» տալու մասին
Արխիվ 16-20Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ մանրամասներ պատմեց վիզաների ազատականացման մասին պաշտոնական եւ կուլիսային խոսակցություններից, որոնք քննարկվել են վերոնշյալ եվրակառույցում:
- Մեզ ԵՄ մեր գործընկերներն ասում են, որ նախորդ պայմանագիրը` վիզայի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Եվ ճիշտ են ասում, այդ համաձայնագիրը կյանքի կոչելու համար ժամանակ է պետք: Հայաստանը այդ համաձայնագրից հետո առանձին համաձայնագրեր պետք է կնքեր ռեադմիսիայի եւ վիզաների դյուրացման: Բայց սա պրոցես է: Վիզաների ազատականացման երկխոսությունը նույնպես պրոցես է, միանվագ որոշում չէ, մի պահի հնարավոր չէ: Մեր ասածը հետեւյալն էր` հարգելի եվրոպացի գործընկերներ, եթե մենք զուգահեռ տանենք այս երկու օրակարգերը, որոնք երկուսն էլ ժամանակատար են, եկեք մի կողմից եղած համաձայնագիրը կյանքի կոչելու համար աշխատենք, բայց որպեսզի ժամանակ չկորցնենք, զուգահեռ աշխատենք նաեւ վիզաների ազատականացման երկխոսության վրա, որովհետեւ երկուսն էլ կարեւոր են, ու երկուսն էլ` ժամանակատար: Ես ունեմ երկու դիտարկում այստեղ: Ուկրաինայի եւ Վրաստանի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը շատ կարեւոր է Արեւելյան գործընկերության երկրներում միջմարդկային կոնտակտները դյուրացնելու համար: Դա ունի նաեւ դարձերես: Վիզայի ռեժիմի խախտման չարաշահումները այդ երկու երկրների կողմից գնալով շատանում են: Տասնյակ հազարավոր դեպքեր են մեզ պատմում, պաշտոնական թվերն այնպիսին են, որ ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Վրաստանի հետ կապված այս համաձայնագրի պատճառով միգրացիա է տեղի ունենում: Եվրաբյուրոկրատները հիմա մտածում են, որ պետք չէ շտապել: Մեր պատասխանը շատ հստակ է` Հայաստանը չպետք է կրի այլ երկրների հետ ունեցած խնդիրների պարտավորությունը եւ բեռը, չպետք է տուժի, եթե այլ երկրների հետ կան խնդիրներ: Իհարկե, մենք էլ հասկանում ենք, որ եթե ՀՀ-ի հետ նման ռեժիմ լինի, մեր քաղաքացիների մի մասը կունենա խախտելու գայթակղություն: Ես չեմ ասում, որ մերոնք բոլորը կլինեն շատ օրինապաշտ, եւ նման խախտումներ չեն լինի: Բայց ՀՀ-ն չպետք է կրի ուրիշ երկրների հետ համաձայնագրի իրացման բեռը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

