«Մանվել Գրիգորյանի գիշատիչ կենդանիներ պահելու մեջ օրենքի խախտում չկա»
Արխիվ 16-20Թեպետ անձեռնմխելիությունից զրկված ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կատարած բացահայտումներից հետո հանրության վրա բացասական ազդեցություն էր թողել նաեւ այն, որ գիշատիչ կենդանիներ էին այնտեղ պահվում` ոչ պատշաճ պայմաններում, սակայն պարզվում է, որ սա լրիվ օրինական է: Ինչո՞ւ, որովհետեւ օրենսդրական բաց կա: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Թռչնասերերի կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ:
– Եթե ներկայացվեն համապատասպան փաստաթղթեր, ինչ որ պետք է կենդանիներ պահելու համար, ապա այս պահին պետք է արձանագրենք, որ այստեղ օրենքի խախտում չկա: Մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ օրենքի ուժով այդ կենդանիներին ոչինչ անել չենք կարող: Պետք է լինի օրենք, որ ապագայում թույլ չտանք, որ մարդիկ ինքնագլուխ գիշատիչ կենդանիների պահեն: Բնապահպանության նախարարությունը մեր բազմաթիվ նամակներին ի պատասխան պատճառաբանում է, որ չկա օրենք, որը կսահմանափակի մասնավոր անձանց` կենդանիների իրենց հավաքածուն ունենալ:
– Այսինքն` չնայած նրան, որ, օրինակ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գիշատիչ կենդանիների մասին լեգենդներ են հյուսվում, որեւէ քայլեր հնարավոր չէ՞ ձեռնարկել:
– Օրենքի ուժով չենք կարող: Բայց սա չի խանգարում, որ կառավարությունը որոշման մակարդակով սկսի վերահսկել իրավիճակը, ինչը հակաօրենսդրական եւ հակասահմանադրական չէ: Որպես բնապահպան, կենդանաբան` ես բացարձակ դեմ եմ, որեւէ գիշատիչ պահելուն մասնավոր մարդկանց մոտ, որոնք կենդանիներին պահում են իրենց զվարճանքի համար: Ի դեպ, վերջերս էլ տեսաք, որ տարբեր ռեստորանային համալիրներից է մեծ քանակությամբ արջեր հավաքվել, կեսը տարվել է վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել էր «SOS Գյումրի» նախաձեռնության շրջանակներում, մյուս մասը տեղափոխեցին կենդանաբանական այգի: Բայց մենք չենք կարող անվերջ այս իրավիճակն ունենալ: Այդքան կենդանիներին ո՞ւր պետք է տանենք, լավագույն դեպքում պետք է կապ հաստատենք արտերկրի հետ եւ վաճառքի հանենք այդ կենդանիներին: Թեպետ առանց այն էլ, Հայաստանի մասին միջազգային հայտնի մամուլի հոդվածներում անընդհատ գրում են, որ այս առումով մեր երկրում խայտառակ վիճակ է: Մենք ունենք օրենքի խնդիր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

