Կուտակային կենսաթոշակը ժողովրդին վերադարձնելու համար կա՞ն երաշխիքները
Արխիվ 16-20Օրերս ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ: Որոշման ընդունումը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում, քանի որ ներկայիս կառավարության անդամները նախկինում դեմ էին արտահայտվել կուտակային կեսաթոշակին, իսկ այսօր դրական են արտահայտվում: Մարդկանց զարմացրել էր հատկապես վարչապետի դիրքորոշումը, ով նախկինում նշել էր, որ ցածր աշխատավարձերի պարագայում կուտակային համակարգի ներդրումը պարզապես անթույլատրելի է: Իսկ այսօր հանրությունը նորընտիր կառավարության մոտ տեսնում է բոլորովին այլ դիրքորոշում: Ավելին` կարծիքներ են հնչում, որ եթե հանրությունը նախկին իշխանություններին այս առումով չէր վստահում, ապա ներկայիս իշխանություններին եւս չպետք է վստահի:
Ի վերջո, ինչ երաշխիքներ կան, որ կուտակային կենսաթոշակները 40 տարի անց կվերադարձվեն մարդկանց:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ անդրադառնալով այս թեմային, փաստեց, որ երաշխիք չի լինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը կորցնի իր անկախությունը.«Կողմ եմ կուտակային համակարգին եւ հիմնավոր կերպով ներկայացրել եմ այլընտրանք չունեցող այդ համակարգը: Խնդիրն այստեղ այն է, որ եթե մենք չփոխենք այդ համակարգի նկատմամբ մեր վերաբերմունքը կամ մեր կոնցեպտուալ մոտեցումը, ապա շարունակելու ենք առաջնորդվել հետեւյալ մոտեցմամբ` այսօրվա աշխատողը պետք է պահի այսօրվա թոշակառուին: Մենք այսօր ունենք մոտ 500-550 հազար թոշակառու, նպաստառու, իսկ աշխատողների թվաքանակը 600 հազար է, այսինքն` դե ֆակտո մեկ աշխատող պետք է պահի մեկ թոշակառուի: Կյանքի պայմանները բարելավելու հետեւանքով կյանքի տեւողությունը երկարել է, եթե ժամանակին այն մինչեւ 70-72 տարեկան էր , ապա այսօր ավելի շատ է: Հետեւաբար, կենսաթոշակառուների քանակը գնալով ավելանում է: Այժմ կենսաթոշակների բարձրացման միակ ճանապարհը մնում է աշխատողի հարկերի բարձրացումը, շատ օբյեկտիվ է, որ կենսաթոշակները պետք է բարձրացվեն, ինչպե՞ս, պետական բյուջեի եկամուտներն ավելացնելով, սա էլ եկամտահարկի դրույքաչափերը բարձրացնելով: Եթե մենք մնանք այս համակարգում, ապա այս մոտեցման այլընտրանք չկա: Այսպես են աշխատում բոլոր այն երկրները, որտեղ աշխատողը պահում է կենսաթոշակառուին, նույնիսկ այնպիսի զարգացած երկրում, ինչպես Գերմանիան է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

