Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է
Արխիվ 16-20Տևական դադարից հետո, հունիսի 23-ին և 29-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կլինի Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է:
«Բովանդակային առումով այս անգամ ներկայացումը փոփոխության չի ենթարկվել: Սակայն դերասանական կազմում կա փոփոխություն. երկու նոր դերասան ենք ներմուծել: Խոսքը Եվա Զոհրաբյանի և Սեյրան Մովսիսյանի մասին է», - պատմեց բեմադրիչը:
Գ. Մարգարյանն ասաց, որ այս գործն իր համար առանձնահատուկ է.
«Այս պիեսին անդրադառնում եմ երկրորդ անգամ: Հայաստանում այն քիչ բեմադրված է: Պետք է ասեմ, որ ինձ դուր է գալիս Դիլենիի գործը: Այստեղ շատ սեր կա` թաքնված սեր... Ներկայացման մեջ սիրո բացակայությունն ընդգծում է, թե որքան մարդը կարիք ունի սիրո ու թե ինչ հետևանքներ կարող են լինել դրա բացակայության դեպքում:
Մի առիթով ինձ հարցրել են` ինչու ես անդրադառնում ծնող-երեխա խեղված հարաբերություններ թեմային: Հավանաբար, այն պատճառով, որ այս թեման ինձ հարազատ չէ. մեծացել եմ համերաշխ ընտանիքում, որտեղ եղել են ու կան փոխադարձ սերն ու հարգանքը: Ուստիև հետաքրքիր էր հայտնվել մութ անտառում...»:
Հարցին, թե որն է այս ներկայացման հաջողության գրավականը, Գ. Մարգարյանը հետևյալ կերպ արձագանքեց.
«Միանշանակ դերասանները, մի փոքր էլ ես: Իսկ եթե ավելի լուրջ` տանդեմ ասվածը այս ներկայացման մեջ ամենամեծ ու հաղթական դերն է կատարել: Յուրաքանչյուրն իր գործը ազնիվ է արել ու մեծ սիրով...
Իսկ բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի կատարած աշխատանքի մասին կարող եմ հետևյալ կերպ ասել. որտեղ ես` այնտեղ` Նա: Նրա հետ երկար ճանապարհ եմ անցել... Ու վստահ եմ` դեռ անցնելու եմ»:
Նշենք, որ «Մեղրի համը» ներկայացումը ցուցադրվել է նաև Մոսկվայում (Պ. Ֆոմենկոյի արվեստանոցում), Մինսկում (ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական II ֆորումին, որտեղ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն կին դերակատար» անվանակարգում:
2014թ.-ին ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ «Մեղրի համը» հաղթող է ճանաչվել վեց անվանակարգերում:

