«Պետք էր գալ եւ օգուտ քաղել հանդիպումից, ոչ թե փիառվել Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին». Զատուլին
Ներքաղաքական
ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստան ժամանած ռուս պատգամավորներից որոշեց հանդիպել ՌԴ ընդդիմադիր ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի եւ նրա տեղակալ Վիկտոր Վոդոլացկիի հետ: Եվ չնայած կար նախնական պայմանավորվածություն, բայց այդպես էլ չկայացավ նրա հանդիպումը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: Անդրադառնալով վերոնշյալին՝ Կ. Զատուլինն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս բուռն օրերին, պարզապես, չստացվեց համաձայնության գալ հանդիպման համար՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով:
- Ես հակված չեմ նրան, թե Փաշինյանին պետք է ներկայացնեի հատուկ պահանջներ՝ հանդիպել ինձ հետ կամ չհանդիպել: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ լիովին բաց էի հանդիպման համար, ինչքան հասկացա, նա էլ էր պատրաստ, ուղղակի, չհամընկան գրաֆիկները: Ինչեւէ, հիշեցնեմ, որ մենք Երեւանում հանդիպումներ ենք ունեցել ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ առաջինը պետք է կայանար հանդիպում «Ելք» խմբակցության հետ: Իհարկե, մենք չէինք սպասում, որ այդ հանդիպմանն անպայման պետք է լինի Փաշինյանը, քանի որ գիտեինք, որ նա Երեւանում չէ: Բայց պատրաստվել էինք հանդիպման իրենց խմբակցության մյուս պատգամավորների հետ, բայց եկավ նրանցից միայն մեկը՝ պատգամավոր Արարատ Միրզոյանն, այն էլ նշանակված ժամից կես ժամ հետո: Իսկ իր կոլեգաների չգալը բացատրեց նրանով, որ սա իրենց քաղաքական կեցվածքն է: Խմբակցության պատգամավորները որոշել էին հրապարակավ նշանակություն տալ այն միջադեպին, որն անձամբ ես միջադեպ չէի էլ համարի:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ, որին ես ներկա չեմ էլ եղել, Նիկոլայ Ռիժկովն իրենց կարծիքով վիրավորական է խոսել Փաշինյանի հնարավորությունների մասին: Անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ես դրա համար ինչու եմ «մեղավոր» «Ելքի» պատգամավորների առաջ, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել: Մինչդեռ մարդիկ, ովքեր հավակնում են Հայաստանում ամեն ինչի՝ ամենաբարձր պաշտոնների, ազգային լիդերության, առնվազն պետք է օգուտ քաղեին այդ հանդիպումից ու հնարավորությունից, ոչ թե փիառվեին Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլայ Ռիժկովը հայ ազգի հերոսն է, 90 տարի ապրել է անկեղծ ու պարկեշտ եւ սովոր չէ թաքցնել իր տեսակետը: Ես իրենից երիտասարդ եմ եւ ոչ թե պատգամավորական, այլ մարդկային էթիկան ինձ թույլ չի տալիս ու իրավունք էլ չունեմ իրեն ասելու, թե ինչպես խոսել կամ ինչ խոսել: Իհարկե, հասկանալի է, որ որոշ շրջանակի ցանկությունը մեծ է շարունակելու այս պատմությունը, բայց կարծում եմ՝ սա արդեն անցյալում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=56340&l=am/