ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՆՉԵՎ 23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 16-20Երեւանում այս օրերին անցկացվում էր սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 32 երկրների ավելի քան 400 պատվիրակներ: Հայաստան ժամանած հյուրերի թվում են նաեւ տարբեր երկրների ֆեդերացիաների նախագահներ:
Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Վիտաուտաս Պոլույանսկասը բարձր է գնահատել հայկական կողմի կատարած աշխատանքը. «Առաջին անգամ ընդունելով սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը` Հայաստանը շատ լավ է կազմակերպել այն, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Դուք ունեք հիանալի մարզաբազաներ: Ինձ հիացրել է հատկապես Օլիմպիական ավանը: Հայաստանը շատ լավ մարզաբազա ունի նաեւ Ծաղկաձորում, որտեղ տարիներ շարունակ մարզվելու են եկել մեր մարզիկները: Կարծում եմ՝ համագործակցության ընթացքում կշահեն ե՛ւ հայ, ե՛ւ լիտվացի մարզիկները»:
Որ առաջնությունը լավ է անցել, փաստում են նաեւ մասնակից երկրների այլ ներկայացուցիչներ եւ ղեկավարներ: «Բոլորը շատ գոհ են, ջերմ ընդունելության են արժանացել: Մեր քաղաքը բոլորը շատ սիրել են: Մենք էլ հպարտ ենք, որ պատվով ենք կարողացել մեր առջեւ դրված խնդիրն իրականացնել: Մեզ համար պատիվ է, որ բոլոր հյուրերը գոհ են մեր հյուրընկալությունից: Կարող ենք միջազգային հարթակում գլուխներս բարձր քայլել, որ պատվով ընդունել եւ անցկացրել ենք Եվրոպայի առաջնությունը»,- ասաց սուսերամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը:
Սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը հետեւելու համար Հայաստան է ժամանել նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը: Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը մարզուհուն հանձնել է Եվրոպայի առաջնության հուշամեդալ. «Առաջին հերթին, սա ինձ համար շատ հաճելի է, որովհետեւ ես հայ եմ, եւ Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած, չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձեւը Հայաստանում զարգացնելու եւ մասսայականացնելու համար: Կարծում եմ՝ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաեւ մարտուղյակները»,- ասել է Յանա Եգորյանը:
Այս մրցաշարի շրջանակներում կատարվել է նաեւ հայազգի մարզիկներից մեկի երազանքը, ով Հայաստանում մասնակցեց մրցաշարի ու պատվո հարթակ բարձրացավ: Թրասուսեր զենքաձեւի Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես եկող հայկական արմատներ ունեցող Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը իր ընտրանու կազմում թիմային պայքարում նվաճեց արծաթե մեդալ: Պատրիկը կիսվել է տպավորություններով. «Ես հայ եմ մորս կողմից, չնայած ծնվել եմ Ֆրանսիայում: Պապերս եղել են Արեւմտյան Հայաստանից: Նրանց ցեղասպանել են: Մեր ազգանունը Արզումանյան է: Առաջին անգամ է, որ Հայաստանում եմ գտնվում, բայց սա իսկապես հրաշալի պահ ու զգացողություն է, որը չեմ կարող բառերով նկարագրել, չէ՞ որ սա իմ մոր հայրենիքն է, այստեղ ապրել են իմ ազգակիցները: Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, մայրս որոշ բառեր հիշում է, բայց ոչ լիարժեք, սակայն նա երբեք չի մոռացել իր արմատների մասին»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

