Ապօրինի կերպով անչափահասից խլել են իր նորածնին, ապա որդեգրման անվան տակ վաճառել
Արխիվ 16-20«Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ-ն, ով դեռեւս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երեւանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է եւ ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորածնին` պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան:
Անձնավորումից դեռ խուսափենք, քանի որ գործով մինչ օրս, ինչպես մեր զրուցակիցն է նշում, «նորածնին վաճառած կամ ինչ-որ մեկին լավություն» արած անձը ներգրավված չէ, «ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել»: Ու թեեւ հարուցվել էր քրեական գործ, սակայն քննիչը հետագայում որոշում է կայացնում` մերժել հարուցումը եւ քրեական հետապնդում չիրականացնել բժիշկ-պատասխանատուների նկատմամբ: Սակայն դրանից հետո էլ երեխայից զրկված մայրը հանգիստ չի նստել, անցել է տարբեր ատյաններով: Այս օրերին էլ մեր զրուցակցի շահերի պաշտպան Մարատ Կոստանյանը դիմել էլ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան` տեղեկացնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը վերացնի իր վստահորդի իրավունքների եւ պարտականությունների խախտումը:
Իսկ թե ինչ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը պատմեց: Ծննդաբերելիս եղել է անչափահաս, բայց չի ցանկացել ազատվել փոքրիկից: Ընդհակառակը` նրան այդ ժամանակ սատարել եւ անգամ ծննդաբերության ժամանակ կողքին է եղել փոքրիկի հայրը եւ տատիկը.
- Մենք գիտակցում էինք, որ ես անչափահաս եմ եւ հնարավոր է հիվանդանոցում դրա հետ կապված խնդիրներ առաջանան: Հիվանդանոց դիմեցինք, երբ ես դեռ հղիության վեցերորդ ամսում էի: Բժիշկը, ով երեխայիս հետագայում խլեց ինձանից, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես երբ գնամ ծննդաբերելու, պետք է գրանցվեմ մեկ ուրիշիª չափահաս կնոջ տվյալներով: Ծննդաբերելու օրը ինձ հետ էր նաեւ մեծ քույրս, եւ բժիշկն ասաց, որ հենց իր տվյալներով էլ կարող եմ գրանցել: Այդպես էլ արեցինք: Ես շատ մեծ ուրախությամբ էի սպասում փոքրիկիս լույս աշխարհ գալուն, քանի որ նա մեր մեծ սիրո պտուղն էր:
Հ.Գ. Իսկ թե ի՞նչ եղավ ծննդաբերելուց հետո, ինչպե՞ս 16-ամյա անչափահասին համոզեցին, որ փոքրիկը վատառողջ է, եւ ճիշտը նրանից հրաժարվելն է, եւ այլ ուշագրավ մանրամասներ կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

