Սպանված տաքսիսիտի կինը «եթե ասվածներն իրականություն լինեին, ես մինչ օրս իմ երեխաների հետ չէի լինի»
Արխիվ 16-20«Իրավունքը» անդրադարձել էր Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին սպանված տաքսու վարորդ, տաքսի ծառայության տնօրեն 48-ամյա Արսեն Խանամիրյանի սպանության մանրամասներին: Մասնավորապես, որ այդ հանցագործությունը խորը արմատներ ունի, որոնք գնում-հասնում են սպանվածի կնոջը, թե նա մեղադրյալ Վահրամ Վերանյանի հետ արտաամուսնական կապի մեջ է եղել: Արսենն իմացել է այդ մասին, եւ զարգացումները կամաց-կամաց հասել են ողբերգական ավարտի:
Ընդ որում, Խանամիրյանի հարազատները եւս, ինչպես փաստում էին մեր լավատեղյակ աղբյուրները, կատարվածի մեջ մեղադրում են նաեւ նրա կնոջը:
Իսկ թե ո՞րն է Արսենի կնոջ` երեք երեխաների մայր Արաքսիայի բացատրությունը, փորձեցինք նրանից պարզել: Սակայն Արաքսյան այդպես էլ չցանկացավ անդրադառնալ իր հասցեին հնչող մեղադրանքներին` խնդրելով «հարգել իր վիշտը»: Միայն նկատեց.«Ես չեմ ուզում որեւէ բան խոսել, ես հարգում եմ իմ ամուսնու հիշատակը, ում ընդամենը քսան օր առաջ եմ կորցրել, ու այսօր իմ միակ սփոփանքը իմ երեխաներն են: Ես մի բան կարող եմ ասել, եթե ասվածներն իրականություն լինեին, ես մինչ օրս իմ երեխաների հետ չէի լինի»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

