ՍՏԵՓԱՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ. «ԵՍ ԵՎ ԱՐՄԵՆ ԲՈՐԻՍՈՎԻՉԸ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ»
Արխիվ 16-20ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդին՝ Ստեփանը, վերջ դրեց մոտ 20 տարվա խռովությանը: Նա վերադարձել էր Մոսկվա՝ մորը՝ Տատյանա Վլասովային տեսնելու եւ հոր հետ խոսելու համար:
«Մեր հանդիպման մասին երկար էի մտածում ու նույնիսկ չգիտեի, թե ինչպես կընթանա մեր զրույցը: Սակայն, երբ գնացի թատրոն եւ բացեցի նրա աշխատասենյակի դուռը, նա անմիջապես առաջինն ասաց. «Որդիս, ներս արի»: Եվ վերջ: Կարծես, այդքան տարի չէր անցել…..»,- անկեղծացել է ՍՏԵՓԱՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ:
«Այո, նա փոքր-ինչ ծերացել էր, ճռռացող ձայն ուներ, սակայն մտքի պայծառությունն ու խոսելաձեւն անփոփոխ էին: Չէի սպասում նրան տեսնել այդքան լավ վիճակում: Ուրախալի է, որ նա պատվով է դուրս գալիս այդ տրագիկոմիկ իրավիճակից եւ չի կորցնում ո՛չ հումորի զգացողությունը, ո՛չ մտքի սրությունը, ո՛չ առողջությունը»:
Մինչ հոր եւ որդու միջեւ ծագած կոնֆլիկտին անդրադառնալը՝ Ստեփանը նշել է, որ երիտասարդ հասակում (Այժմ 52 տարեկան է.- խմբ.) հոր հետ նկարահանվել է ֆիլմերում եւ խաղացել թատրոնում. «Չորս կամ հինգ երաժշտական ներկայացումներում է եղել զբաղվածությունս: Վոկալն ինձ մոտ լավ էր ստացվում: Իսկ հետո թատրոնն իմ կյանքում ավարտվեց»:
«ԹԱՏՐՈՆՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ»
Ստեփանի խոսքով՝ առաջին լուրջ տարաձայնություններն իր եւ հոր միջեւ ծագեցին հյուրախաղերի ժամանակ: «Այն ժամանակ թատրոնը շատ էր ճամփորդում, եւ բանկետների պակաս էլ չկար. ալկոհոլային խմիչքներ եւ այլն… Ես էլ այդ ամենից հետ չէի մնում, ինչը դուր չէր գալիս հորս: Նա մտածում էր, որ ամբողջ թատերախումբն ինձ է նայում, եւ ես օրինակ եմ ծառայում նրանց համար: Այստեղ, գուցեեւ, ճշմարտություն կար: Վերադարձանք Մոսկվա… Թատրոնում բեմադրվում էին լուրջ դրամատիկական աշխատանքներ, որոնց մեջ ես չէի կարող ունենալ մասնակցություն, քանի որ մասնագիտությամբ դերասան չեմ ու չունեմ համապատասխան կրթություն (Ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը,- խմբ.): Շատերը մտածում են, որ կարող են դուրս գալ բեմ եւ լուրջ դերեր խաղալ, բայց դա այդպես չէ: Ես եկա Արմեն Բորիսովիչի մոտ ու ասացի, որ գնում եմ: Հետո՝ խոսքը խոսքի հետեւից… Վիճվեցինք…»:
«ԵՍ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՊՈԿԵՐ ԽԱՂԱՑՈՂ ԵՄ»
Ստեփան Ջիգարխանյանը չի բացառում, որ գուցեեւ եղածից հետո իրենց հարաբերություններն այլ կերպ զարգանային, եթե չլիներ իր որոշումն՝ ապրել ԱՄՆ-ում:
«ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆՆ ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԸ ՉԷ»
Դեռ Մոսկվայում ապրելու տարիներին Արմեն Բորիսովիչը դեմ է եղել, որ որդին այցելի խաղատներ ու տարվի ազարտային խաղերով. «Բայց ես ԱՄՆ-ում էլ շարունակեցի այցելել խաղատներ: Հայտարարագիր լրացնելիս գրում եմ՝ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող եմ»:
Ստեփանի փոխանցմամբ՝ Արմեն Ջիգարխանյանն իր հարազատ հայրը չէ (Նրա հարազատ հայրը եղել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը.-խմբ): «Ես եւ Արմեն Բորիսովիչը տարբեր մարդիկ ենք: Դա, ի դեպ, իր խոսքերն են, եւ ես պատրաստ եմ ստորագրել այդ խոսքերի տակ: Ի վերջո, նա իմ հարազատ հայրը չէ: Այդ մասին ինձ ոչ ոք պարզ չի պատմել: Բայց կան բաներ, որ այստեղից, այնտեղից հասնում են... Դպրոցում արդեն գիտեի այդ մասին: Չորրորդ դասարանում էի, երբ դասղեկս հարցրեց, ինչո՞ւ է ծննդյան վկայականումդ հորդ անունը փոխված (Արմեն Ջիգարխանյանը որդեգրել է Ստեփանին.-խմբ): Ավելի ուշ ծանոթացա իմ արյունակից հոր հետ: Ցավոք սրտի, վերջերս նա կյանքից հեռացավ»:
«ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՍԵՄ ՎԻՏԱԼԻՆԱՅԻՆ»
Ստեփան Ջիգարխանյանն ընդգծել է, որ երկար տարիներ լռել է ու չի ցանկացել որեւէ կերպ պատասխանել իր հասցեին հնչեցրած զազրախոսություններին, որի հեղինակը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է եղել:
«Իմ մասին հիշեցին այն ժամանակ, երբ ինֆորմացիոն պատերազմը թեժ էր, երբ գործի դրվեցին սադրանքները: Այն կարելի էր պեղել ու հորինել: Նույնիսկ այս դեպքում չէի պատրաստվում դառնալ այս ամենի մասնակիցը: Ես վաղուց իմ սեփական կյանքն ունեմ, եւ այն բավականին լավ է դասավորվել: Անտարբեր էի այն ասեկոսեների հանդեպ, երբ ասում էին, թե իբր հարբեցող եմ, եւ ինձ 20 տարի առաջ դուրս են վռնդել թատրոնից… Իսկ հետո Վիտալինան ասաց, որ ես մարդու եմ վրաերթի ենթարկել, եւ իբր Արմեն Բորիսովիչը մեծ գումարներ է ծախսել, որ ինձ ազատի պատասխանատվությունից: ԱՄՆ-ում այդպես չի լինում: Եթե դա ճիշտ լիներ, ապա մի 20 տարի բանտում կանցկացնեի: Ու երբ այդպիսի լուրջ մեղադրանքներ սկսեցին հասցեագրվել, այլեւս չկարողացա լռել: Եվ նրանք հասան նպատակին, որ ուղեւորվեցի Մոսկվա եւ նույնիսկ հաշտվեցի Արմեն Բորիսովիչի հետ: Մեծ հաշվով ես պետք է շնորհակալություն հայտնեմ Վիտալինային»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=49436&l=am/

