Խորհրդարանական լսումնե՞ր, թե՞ ազգային կրկես
Արխիվ 16-20Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ` առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցում էին ինչպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, այնպես էլ տնտեսագետներ, հասարակական կազմակերպության ղեկավարներ եւ այլք: Ինչպես մի շարք խորհրդարանական լսումների, այնպես էլ այսօր բուն խնդրի մասին խոսելուց զատ, բանախոսները նաեւ սկսեցին հեգնել միմյանց, այդ թվում կառավարության ներկայացուցիչներին: Օրինակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում «կոմպլիմենտներ» արեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին. «Ֆինանսների նախարարը , բոյով, սիրուն, կրթված, ասում է, թե 2011 թվականին 7 տոկոս գնաճ է եղել, ի՞նչ է, մարդ է մեռել»,-ասաց Փաշինյանը:
Իսկ ահա Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ լսելով կառավարության ներկայացուցիչներին հեգնեց, թե իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ գտնվում է Շվեյցարիայում, որտեղ ամեն ինչ հիանալի է: Նա առաջարկեց, որ ավելի լավ կլիներ, որ խոսեին թանկացումների հետեւանքները մեղմելուց:
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր տրամադրության տակ գտնվող ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարեց, թե վերջին անգամ փողկապ գնել է 20 տարի առաջ, ինչն իհարկե ծիծաղի առիթ դարձավ շատերի համար:
Բացի այդ, անվանի տնտեսագետների կողմից հնչեցին նաեւ հռետորական հարցեր, օրինակ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը դիմելով գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ասաց, արդյո՞ք Հայաստանին անհրաժեշտ է գյուղատնտեսության նախարարություն, որին ի պատասխան, Ի. Առաքելյանը ծիծաղելով ասաց, թե իհարկե, անհրաժեշտ է:
Հարցերից մեկն էլ, որի պատասխանը փնտրում է հասարակության 90 տոկոսը, ուղղված էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, թե ինչով է զբաղված հանձնաժողովն այն դեպքում, երբ շուկայում գերիշխող դիրք ունեցողները իրականցնում են բազմաթիվ չարաշահումներ: Դե ինչպես միշտ Ա. Շաբոյանը սկսեց հերթով թվարկել հանձնաժողովի գործունեությունը, որը քաջ հայտնի է բոլորին:
Ինչեւէ, հուսանք, որ «կատակերգությամբ» հագեցած այս լսումները կունենան որեւէ դրական արդյունք:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

