Ինչո՞վ է զբաղված «Ելքը» Երեւանի ավագանիում
Արխիվ 16-20Երեւանի քաղաքապետարանում նախորդ տարին ավարտվեց բավական թեժ մթնոլորտում, եւ խոսքն ամենևին էլ «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանու անդամների ոչ ադեկվատ վոյաժների մասին չէ: 2017-ի Երեւանի ավագանու վերջին նիստի ժամանակ «Ելք» խմբակցությունը կազմակերպված մեղադրանքներ հնչեցրեց Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի հասցեին, թե «ափալ-թափալ» է հանձնաժողովի նիստերն անցկացնում: Հ. Թոքմաջյանն էլ իր հերթին «Ելքին» մեղադրեց, որ այսքան ժամանակ ոչինչ չեն առաջարկել` բացի փողոցները վերանվանելուց: Ի վերջո, բացի ադեկվատ ընդդիմություն «խաղալուց», գրեթե յոթ ամիս ինչո՞վ է զբաղված եղել «Ելքը» Երեւանի ավագանիում, «Իրավունքը» հետաքրքրվեց խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ:
-Կարծում եմ` այս մի քանի ամիսների ընթացքում ավագանու ինստիտուտը որոշակի փոփոխությունների ենթարկվեց, եւ ներկայիս գումարման ավագանին էապես տարբերվում է նախորդներից: Շեշտը ցանկանում եմ դնել «Ելք» խմբակցության այն գործունեության վրա, որովհետեւ քաղաքացիների ահազանգերով, դիմումներով ամեն օր աշխատում ենք եւ, ըստ իս, այդ գործունեությունն ավագանու համար նոր է: Մենք այս տարի ունեցանք մի քանի նախաձեռնություններ, մասնավորապես` վեց նախաձեռնություն խմբակցության կողմից` ավագանու որոշման նախագծի տեսքով: Ձեւավորել ենք նաեւ քննող հանձնաժողով, որը պետք է քննի մանկապարտեզներում տեղի ունեցող չարաշահումները: Նախորդ տարի կարողացանք կանխել կարմիր գծերի sms վճարումների միջոցով 150 դրամի թանկացումը, որը հայտարարվել էր, բայց այն մեր աշխատանքի արդյունքում տեղի չունեցավ: Միեւնույն ժամանակ, կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում, այդ աշխատանքին զուգահեռ, պարզապես, ծանոթանում էինք, ընդհանուր ոլորտներն էինք ուսումնասիրում, եւ առաջիկա ամիսներին, տարիներին մեր աշխատանքային արդյունավետությունը պետք է բարձրանա, ինչի ուղղությամբ էապես աշխատելու ենք:
– Իսկ, օրինակ, երեւանյան տրանսպորտի բարելավման ուղղությամբ` ի՞նչ քայլեր եք իրականացրել:
– Տրանսպորտի շուրջ բարձրացվող բողոքներին մենք ականջալուր ենք լինում, եւ տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեզ համար առանցքային խնդիրներից է ու մեր ուշադրության կենտրոնում է: Կարծում եմ` այս տարի որոշակի առաջընթաց կունենանք այդ մասով:
– Պարոն Խաժակյան, 2017-ի Երեւանի ավագանու վերջին նիստի ժամանակ ընդունվեց Երեւանի 2018 թվականի բյուջեն: Որքանո՞վ է այն խոստումնալից:
– Ցավոք սրտի, 2018 թվականի բյուջեով որեւէ առանձնահատուկ բան նախատեսված չէ: Հնարավոր չէ մատնանշել գեթ մեկ քաղաքային խնդիր, որը համակարգային լուծում կստանա 2018 թվականին, եւ բյուջեն էլ, կարծես, ընթացիկ խնդիրներին ընթացիկ լուծումներ տալու բյուջե է, դրա համար էլ «Ելք» խմբակցությունը դեմ է քվարկել ե՛ւ բյուջեին, ե՛ւ զարգացման ծրագրին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

