Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Դան Նեկուլեսկուին
Արխիվ 16-20Ռումինիայում ՀՀ դեսպան ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆՆ այսօր իր հավատարմագրի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար ԴԱՆ ՆԵԿՈՒԼԵՍԿՈՒԻՆ:
Զրույցի ընթացքում պետքարտուղար Նեկուլեսկուն շնորհավորեց դեսպանին, հույս հայտնելով, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական հարաբերությունների խորացմանը եւ կարեւոր ներդրում կունենա հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ երկուստեք հույս հայտնելով, որ այն նոր էջ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-Ռումինիա հարաբերություններում։
Զրուցակիցներն անդրադարձան 2018թ․Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, վստահություն հայտնելով, որ այն առավել կխթանի եւ կզարգացնի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների բազմակողմ եւ երկկողմ համագործակցությունը՝ հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ կենտրոնի կարեւոր դերակատարությունը:
Կողմերն անդրադարձան նաեւ տարբեր ձեւաչափերում համագործակցության հեռանկարներին, շեշտվեց ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորելու կարեւորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Զրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը ընդգծեց ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության կարեւորությունը, որի շնորհիվ մասնավորապես ռումինահայ համայնքը կարողացել է պահպանել իր ինքնությունը, սերտ կապերը Հայաստանի հետ, ինչպես նաեւ իր նշանակալի ներդրումը բերել Ռումինիայի հասարակական-քաղաքական եւ մշակութային կյանքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար։

