ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԿԻՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Արխիվ 16-20«Իրավունք»-ը նախորդ հրապարակներում անդրադարձել է ինքնահրկիզման փորձ կատարած Լուսինե Սիմոնյանի պատմությանը:
Հիշեցնենք` նախորդ տարի քաղաքացի, երկու երեխաների մայր 40-ամյա Լուսինե Սիմոնյանը երկրորդ եւ երրորդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն:
Ինքնահրկիզման պատճառն այն է, որ Լուսինե Սիմոնյանն իր բնակարանը վարձով տվել էր նորապսակ ընտանիքի, իսկ ինքն իր երեխաներով տեղափոխվել հանրակացարան:
Լուսինեն աշխատավարձից ու նպաստից բացի, ուրիշ եկամուտ չուներ: Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով` նորապսակ զույգն էլ իր հերթին է բնակարանը վարձով տվել: Նոր վարձակալներն էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են` ունեցած պարտքերը փակելու համար: Տիկին Սիմոնյանը, իմանալով, որ իր տան եղած-չեղածն օտար մարդիկ իրենցով են արել` դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ նախ հարուցվել է քրեական գործ, բայց հետո կարճվել է, որովհետեւ Լուսինեի ամուսինը հայտարարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են:
«Իրավունք»-ը Լուսինե Սիմոնյանից այսօր տեղեկացավ, որ իրավապահները երեք ամիս այդպես էլ ընթացք չտվեցին իր գործին: «Ես դիմել եմ դատարան ու սպասում եմ դատական նիստի նշանակման օրվան»,- ասաց Լուսինեն, ապա հավելեց. «Եթե դատարանն էլ իմ բողոքին ընթացք չտա, ես կփակեմ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ճանապարհը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

