Ինչպես ՊՀԹ-ի անձնակազմը ընդունեց նորանշանակ գեղարվեստական ղեկավարին
Արխիվ 16-20«Իրավունքը» տեղեկացրել էր, որ երեկ Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն անձնակազմին է ներկայացրել նոր գեղարվեստական ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, արդեն թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
Նախ ներկաներին Արամ Սուքիասյանը շտապեց տեղեկացնել. «Պարոն Ղազանչյանին որեւէ մեկը չի հորդորել դիմում գրել, նա պարզապես որոշեց տեղափոխվել այլ թատրոն, որտեղ շարունակելու է իր ստեղծագործական աշխատանքը` մնալով թատերական մթնոլորտում: Վստահ եմ` փոխշփումը շարունակվելու է ե՛ւ թատրոնի, ե՛ւ դերասանական, ստեղծագործական անձնակազմի հետ»,- ասաց փոխքաղաքապետն ու շնորհակալություն հայտնեց Հ. Ղազանչյանին` այս տարիների ընթացքում համատեղ ձեռքբերումների, գործունեության, ունեցած հաղթանակների համար, որոնք ըստ Ա. Սուքիասյանի, պատվաբեր են եղել ինչպես թատրոնի, այնպես էլ` Հայաստանի Հանրապետությանը:
Ներկայացնելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին Ա. Սուքիասյանը կատակեց. «Եկել եմ ներկայացնելու նորանշանակ գեղարվեստական ղեկավարի Դավիթ Հարությունյանին, բայց, հաշվի առնելով, նրա տարիների փորձառությունը, նաեւ այն, որ այս թատրոնում ունեցել եք համատեղ աշխատանքներ, այն տպավորությունն է, որ ձեզնից յուրաքանչյուրն ավելի լավ կներկայացնի նրան ինձ»:
Ի դեպ, Դավիթ Հարությունյանը թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել մեկ տարի ժամկետով, այդ մասին թատրոնի անձնակազմին տեղեկացրեց Ա. Սուքիասյանն ու շեշտեց. «Համեմատաբար երիտասարդ կադր է, այո` տնօրինության հետ համարձակ քայլի ենք գնացել: Թեպետ, հույս ունեմ, որ այս հնարավորությունը Դավիթն իր տաղանդով եւ մարդկային փոխհարաբերությամբ, ջերմությամբ եւ թատրոնի անձնակազմի օգնությամբ կհաղթահարի եւ կշարունակի հետագայում աշխատել: Վստահ եմ` այն ճաշակը, գեղագիտությունը, որ ունի Դավիթը կարողանալու է համատեղ նոր ստեղծագործական աշխատանքներով ու ներկայացումներով գրանցել ձեր հաղթարշավը»,- հույս հայտնեց Ա. Սուքիասյանը, սակայն շտապեց տեղեկացնել, որ թատրոնն ունի եւս մեկ ռեժիսորի հաստիք, թե ով կլինի, Ա. Սուքիասյանն ասաց, որ պարզ կդառնա մեկ ամիս անց:
Հանդիպման ժամանակ Հակոբ Ղազանչյանն անկեղծացավ, որ չի ցանկացել ներկա լինել այս հանդիպմանը. «Շատ դժվար է 25 տարի աշխատած կոլեկտիվին ասել, որ ես գնում եմ, բայց թատրոնից տեղափոխվել չի նշանակում քաղաքից կամ երկրից տեղափոխվել: Մենք ընկերներ ենք շատ հաճախակի, առիթի դեպքում հանդիպելու ենք, իրարից չենք բաժանվելու, այնպես որ ճիշտ չի լինի ասել ցտեսություն»:
Հ. Ղազանչյանը կարծում է, որ Դավիթի հետ կոլեկտիվը կաշխատի շատ արդյունավետ. «Դավիթն այն բեմադրիչն է, որին ես եմ հրավիրել այս թատրոն, իմ օրոք է բեմադրել ներկայացումներ: Նույնիսկ, երբ դեռ խոսք էլ չկար Դավիթին այս պաշտոնում նշանակելու, խնդրել էինք, որ վերականգնի տարիներ առաջ իր բեմադրած Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ներկայացումը»:
ՀԹԳՄ նախագահը մանրամասնեց թատրոնից իր անակնկալ դուրս գալը. «Հաճախակի եմ սկսել մեկնել արտասահման, այս տարի, մինչեւ ամառ 3 պայմանագիր եմ ստորագրել, դժվար է այդ ամենի արդյունքում համատեղ թատրոնը ղեկավարելը: Թատրոնն իրավունք չունի տուժելու, ինչ է թե պատշաճ ուշադրություն չեմ կարողանում դարձնել, հատկապես այն թատրոնին, որին մի ամբողջ կյանք եմ նվիրել, արդար չէր լինի: Գտնում եմ`նոր գեղարվեստական ղեկավարի հետ նոր շունչ կհաղորդվի թատրոնին, ինչի համար ուրախ կլինեմ: Գիտեմ, որ լուրջ ստեղծագործական կյանքով թատրոնը կսկսի ապրել, ես էլ կուրախանամ դրանով, քանի որ ընկերությունը, բարեկամությունը, որեւէ պաշտոնի կամ թատրոնից տեղափոխվելու հետ կապ չունի: Հավատացեք` այն մարդիկանցից եմ լինելու, որ ուրախանալու եմ ձեր հաջողություններով»:
Ինչեւէ, տեղեկացնենք, որ Հակոբ Ղազանչյանը Հակոբ Պարոնյանի անվան պետական կոմեդիայի թատրոնում նշանակվելու է, որպես գլխավոր ռեժիսոր. «Ես գեղարվեստական ղեկավար չեմ գնում այդ թատրոնում, գնում եմ, որպես գլխավոր ռեժիսոր: Առայժմ գնում եմ այնպիսի կարգավիճակով, որ ազատ, ուզած ժամանակ կարողանամ դուրս գալ»,- հստակեցրեց Ղազանչյանը:
Արդեն նորանշանակ գեղարվեստական ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ իր երախտիքի խոսքը հայտնեց նախկին գեղարվեստական ղեկավարին. «Իմ թատերական կարիերան սկսվել է Պատանի հանդիսատեսի թատրոնից` Հակոբ ղազանչյանի հրավերով: Հետաքրքիր աշխատանքներ ենք արել, որոնցից երկուսն իսկապես հաջողվել է»,- ապա անդրադառնալով իր նշանակմանը հավելեց. «Չեմ ուզում մեծ-մեծ խոսել ու ամպագորգոռ բաներ ասել, պարզապես շնորհակալ եմ, որ մինչ այս յուրաքանչյուրդ նվիրված ծառայել եք ու հավաքված եք թատրոն գաղափարի շուրջ: Հուսով եմ`այդպես էլ պիտի շարունակենք: Նոր գաղափարներ կան` ոչ միայն ստեղծագործական, այլ նաեւ կազմակերպչական ու ադմինիստրատիվ, մենեջմենտին ուղղված, որոնք պարտադիր են այսօր, բայց դրա մասին հետո առանձին կխոսենք: Շնորհակալ եմ, որ ինձ այս հնարավորությունն ընձեռվեց եւ ընտրությունը կանգ առավ իմ թեկնածության վրա: Պատրաստ եմ զոր ու գիշեր աշխատել, ստեղծագործել: Կփորձեմ որքան հնարավոր է հոգ տանել թատրոնի կոլեկտիվի համար, որպեսզի երբեք չկասեցվի նրա բնականոն ընթացքը»,- եզրափակելով իր խոսքը խոստացավ Դավիթ Հարությունյանը:
Շեշտենք, որ թատրոնի ողջ անձնակազմը ընդգծված դրական վերաբերմունքով ընդունեց նորանշանակ գեղարվեստական ղեկավարին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

