«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում

Մշակութային

Նկարիչների միությունն այլեւս ունի նոր նախագահ: Բայց նախքան նախագահին անդրադառնալը հարկ է նշել, որ ընտրություններն անցան բավականին թեժ մթնոլորտում: Բանն այն է, որ Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարի եւ նախագահի ընտրությունների ընթացքում, չնայած նախապես հայտարարված ստեղծագործական եւ կառուցողական տրամադրվածությանը, իրավիճակը դահլիճում պարբերաբար լարվում էր եւ վերածվում բուռն վիճաբանությունների։ Մասնավորապես՝ ընտրական գործընթացի ժամանակ թեկնածուներից մեկի՝ Արա Շահումյանի փաստաբան ներկայացած Մարիանա Եղիազարյանի ներկայությունն ու գործողությունները դարձել են լուրջ քննարկումների եւ աղմուկի պատճառ։

Ըստ Նկարիչների միության անդամների, ներկաների եւ հաշվիչ հանձնաժողովի, Մարինա Եղիազարյանը սադրել է եւ ամեն կերպ փորձել խոչընդոտել ընտրության բնականոն ընթացքին, ինչին ի պատասխան՝ արվեստագետները դահլիճից բղավել են՝ «դո՜ւրս», հորդորելով վերջինիս լքել դահլիճը:  «Իրավունք»-ի տեսախցիկը նույնպես ֆիքսեց տվյալ անձի պահելաձեւը եւ անհասկանալի միջամտությունները:

Հարկ է նշել, որ քվեարկության ավարտից հետո, առավելագույն թափանցիկությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, Հայաստանի նկարիչների միության նախագահի ընտրության կնիքված քվեատուփը հանձնաժողովի անդամների եւ ներկաների ուղեկցությամբ ոտքով տեղափոխվեց Կինոյի տնից դեպի Նկարիչների միության շենք։

Այնուհետեւ Նկարիչների միության նախագահի լիազորություններն ավարտող Սուրեն Սաֆարյանը տեսախցիկների եւ հաշվիչ հանձնաժողովի անդամների անմիջական ներկայությամբ քվեատուփը տեղադրեց պատկերասրահի սրահում, որից հետո սրահի դուռը եւս կնիքվեց՝ ապահովելով լիարժեք վերահսկողություն, որպեսզի հաջորդ օրը կատարվի քվեաթերթիկների վերջնական հաշվարկը։

«ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼԸ ԴԵՌ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆ ՉԷ»

Այնուհանդերձ, լարված մթնոլորտից եւ վեճերից հետո՝ քվեարկությունը կայացավ, եւ ձայների մեծամասնությամբ (92,42 %)՝ միության նախագահ ընտրվեց ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ում հետ էլ զրուցել ենք:

— 8 տարի շարունակ եղել եմ միության փոխնախագահի պաշտոնում եւ մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով՝ գիտենք թե՛ բարդությունների, թե՛ ձեռքբերումների մասին։ Այս թիմային աշխատանքն ինձ հույս եւ թեւեր է տալիս, որ ամեն բան միասին պետք է հաղթահարենք։ Կյանքը ցույց է տալիս, որ Նկարիչների միության նախագահ լինելը դեռ բավարար պայման չէ։ Դու պետք է ունենաս թիմային, շատ ամուր մեջք, թիկունք, որպեսզի կարողանաս հաջողել։ Իսկ մենք այսօր ապացուցեցինք, որ մի ընտանիք ենք, եւ այդ ընտանիքում բոլորս միասին, միահամուռ, իրար հետ անցնում ենք այն ուղին, որը մեզ համար կարեւոր է։ Այն ուղին, որը Նկարիչների միությանը տանում է դեպի հաջողություն եւ նպատակների իրականացում։ Ես տեսնում եմ, որ միայն թիմային աշխատանքը կարող է հաջողություն ապահովել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այսօր Նկարիչների միությունում կա մեծ ջերմություն, կա մեծ ուրախություն, որ մենք բոլորս միասին ենք։ Այստեղ անձի շուրջ չեն հավաքվել, այլ մենք բոլորս հավաքվել ենք մեկս մյուսի շուրջ։

— Պարոն Աբրահամյան, Նկարիչների միությունում մշտապես անելիքներ կան ոչ միայն արվեստագետների հարցերով զբաղվելու առումով, այլեւ շենքերի պահպանության։ Կառավարությունը ցանկանում է պետականացնել միության որոշ տարածքներ։ Գրողների միությունը, օրինակ, մեկ դատական գործով հաղթանակ տարավ։ Դուք ի՞նչ եք պատրաստվում անել Շորժայում եւ Ծաղկաձորում գտնվող Նկարիչների միության շենքերի կապակցությամբ։ Եվ ի՞նչ կասեք այստեղ՝ Նկարիչների միության շենքի վերաբերյալ դատական գործընթացների մասին։

— Դատական գործընթացների հետ կապված՝ իհարկե, ամեն ինչ շարունակվում է։ Մեր փաստաբաններն ամբողջությամբ տիրապետում են գործին։ Առաջիկայում դատական նիստեր ունենք, եւ որոշումները շուտով կիմանանք։ Իհարկե, ամբողջությամբ հետեւում ենք այդ ընթացքին։ Մտահոգիչ հարցեր շատ կան, բայց հուսով եմ, որ անպայման լավ ավարտ կունենա։ Իսկ առաջիկայում աշխատանքները շատ են։ Դրանք ամենօրյա աշխատանքներ են՝ ցուցահանդեսների կազմակերպում, երիտասարդների նախագծերի իրականացում, տարբեր ֆորումներին մասնակցություն։ Սա հավերժական աշխատանք է, որի ընթացքում ամեն օր նոր գաղափարներ են իրականանում։ Այս ամենին պետք է հետամուտ լինենք, եւ կարծում եմ, որ մեր նկարիչները նորանոր ձեռքբերումներ կունենան եւ ականատես կլինեն Նկարիչների միության հաջողություններին։

— Միության նախագահի ընտրությունները, ինչպես շատ այլ ընտրությունների դեպքում, առանց աղմուկի եւ սադրանքների չանցավ։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ աղմուկը, արդյոք կայի՞ն հիմքեր նման իրարանցում առաջացնելու համար։

— Բացարձակապես հիմք չկար, քանի որ ընտրություններն իրենց արդյունքներով ամեն ինչ արձանագրեցին։ Սա, երեւի թե, ինձ համար իմ տեսած ամենաթափանցիկ ընտրություններն էին, որովհետեւ ես քիչ եմ մասնակցել նման ընտրությունների։ Կարծում եմ՝ որեւէ անհանգստացնող թեմա չկա։ Սա պարզապես, չգիտեմ, մեր գործընկերների հարցն է, իրենք պետք է հայտնեն, թե ինչու են տագնապի մեջ։ Իսկ մենք արձանագրեցինք մեծ հաջողություն, եւ այդ հաջողության հիմնական գրավականը մեր միության անդամների վերաբերմունքն էր մեր այս ութ տարիների աշխատանքի վերաբերյալ։ Սա, իսկապես, վկայում է այն մասին, որ մենք միասնական եւ մեկ ամուր ընտանիք ենք։ Այս արդյունքը մեզ համար շատ ուրախալի է եւ, առաջին հերթին, պարտավորեցնող։

«ԵՂԱՆ ՓՈՐՁԵՐ՝ ԻՆՉ-ՈՐ ՁԵՎԵՐՈՎ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ, ԲԱՅՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ»

Ի դեպ, անցած 8 տարիները Հայաստանի նկարիչների միության նախագահի պաշտոնը զբաղեցրել է գեղանկարիչ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 2018 թվականին, իսկ 2022 թվականին տեղի ունեցած 20-րդ համագումարի ընթացքում վերընտրվել է երկրորդ ժամկետով։ Իր պաշտոնավարման ընթացքում իրականացվել են միության ընթացիկ կազմակերպչական աշխատանքները, կազմակերպվել են ցուցահանդեսներ, ծրագրեր երիտասարդ արվեստագետների համար եւ պահպանվել է համագործակցությունը միության տարբեր սերունդների անդամների միջեւ։ 2026 թվականի համագումարով ավարտվեց նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Այլեւս նախկին նախագահը՝ իր ապրումներով եւ հույզերով կիսվել է «Իրավունք»-ի հետ:

— Պարոն Սաֆարյան, Հայաստանի նկարիչների միության նախագահի պաշտոնում Ձեր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ գործընկերները ցավով նշեցին, որ այլեւս չեք կարող երրորդ անգամ առաջադրվել։ Ամեն դեպքում, 8 տարի Դուք ջանք չեք խնայել՝ հանուն միության եւ նկարիչների բարօրության: Այս պահին ի՞նչ եք զգում։

— Միայն հուզմունք եւ մեծ բավականություն՝ այս տարիների ընթացքում Հայաստանի նկարիչների միությանը եւ միության անդամներին ծառայելու համար։ Որովհետեւ այս պաշտոնը ծառայություն է յուրաքանչյուր անդամի համար։ Մեր թիմով արել ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք օգտակար լինել Հայաստանի նկարիչների միությանն ու միության անդամներին։ Այսօր ինձ համար շատ հուզումնալից օր է։ Այո՛, ավարտում եմ իմ ութամյա նախագահության շրջանը, քանի որ այդ օրենքը, այդ կանոնը մենք ենք բերել օրակարգ, ըստ որի՝ նույն անձը չի կարող երկու անգամից ավելի ընտրվել։ Սրտանց ցանկանում եմ շնորհավորել Լեւոն Աբրահամյանին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ նրան հնարավորինս անխոչընդոտ կառավարման ուղի։ Վստահ եմ եւ հավատում եմ, որ մեր նկարիչներն ու միության անդամները նրան նույնպես սատարելու են, որովհետեւ այս աշխատանքը թիմային աշխատանք է, եւ բոլորս ենք մեր ներդրումն ունենում Հայաստանի նկարիչների միության կայացման, առաջխաղացման եւ մեր արվեստի հանրահռչակման գործում։

— Ինչպես բոլոր ընտրությունները, նկարիչների ընտրությունն էլ չանցավ առանց աղմուկի։ Ի՞նչ կասեք այս ամենի մասին։

— Կարող եմ ասել, որ դա սովորական բան է։ Այո՛, եղան փորձեր՝ ինչ-որ ձեւերով խոչընդոտներ առաջացնելու, բայց այդ ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ։ Թաքուն ոչինչ չի կատարվել։ Քվեարկությունն ամբողջությամբ տեսանկարահանվել է, ամեն ինչ արվել է բոլորի աչքի առաջ։ Ընտրություններն անցել են թափանցիկ եւ կանոնակարգված, ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ եւ շնորհավորում եմ բոլորիս։

«ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ԵԹԵ ՈՐՈՇ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԽՈՍԵՐ, ԳՈՒՑԵ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՁԱՅՆԵՐ ՍՏԱՆԱՐ»

ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ, որը երկար տարիներ եղել է ՀՆՄ անդամ, ինչպես նաեւ շատ անգամներ ՀՆՄ վարչության անդամ, իր խոսքի մեջ մեծ նշանակություն տվեց երիտասարդ տաղանդավոր արվեստագետների կատարած աշխատանքի վերաբերյալ եւ ափսոսանք հայտնեց, որ Սուրեն Սաֆարյանը չի կարող երրորդ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում: Սակայն, շատ մեծ ուրախությամբ շնորհավորելով նորընտիր նախագահին՝ ասաց.

—Ես մինչեւ ընտրություններն էլ իմ կարծիքը հայտնել էի ընտրությունների վերաբերյալ, որովհետեւ առաջին հերթին ականատես եմ եղել այս թիմի աշխատանքին։ Խոսքը վերջին ութ տարիների մասին է՝ երկու ժամկետով իրականացված աշխատանքի։ Այդ ամբողջ ժամանակահատվածում ես էլ նրանց կողքին եմ եղել՝ որպես վարչության անդամ։ Ես աշխատել եմ միության տարբեր նախագահների օրոք եւ տեսել եմ նրանց աշխատանքն ու արդյունքները։ Պարզապես կարող եմ ասել, որ այս տղաներն ունիկալ են։ Նրանց գործունեության ընթացքում եւ այսօր, երբ հետ եմ նայում, կրկին ասում եմ՝ ես այդ ամենի ականատեսն եմ եղել։ Մի փոքր նաեւ մարդկային բնավորությունը հասկանալով՝ տեսել եմ, որ այս տղաները, ինչպես սկզբում էին, այդպես էլ մինչեւ վերջ մնացին։ Չփոխվեցին, չհպարտացան, այսպես ասած՝ չփչացան իշխանական որեւէ ազդեցությունից։

Ասեմ նաեւ, որ նրանք շատ դժվար ճանապարհ են անցել։ Հանգիստ ժամանակաշրջան չի եղել, երբ մարդիկ կարողանային պարզապես վայելել իրենց ղեկավար աշխատանքը։ Ամբողջ ժամանակահատվածն անցել է դատական գործերի ուղեկցությամբ։ Պետությունը, դատախազությունը շատ ուժեղ ցանկություն ունեին, հատկապես Նկարիչների միության նկատմամբ, որպեսզի միությունը զրկեն սեփականության իրավունքից՝ ե՛ւ Աբովյան փողոցում գտնվող շենքի, ե՛ւ Ծաղկաձորի հանգստյան տան, ե՛ւ Շորժայի տան նկատմամբ։ Սակայն, այդ ամենը նրանց չի հաջողվել։ Դա նույնպես այս թիմի աշխատանքի արդյունքն է։ Այսօր դահլիճները հիանալի վիճակում են։ Նույն Շորժան երբեք այսպիսի վիճակում չենք տեսել։ Այնտեղ սերունդներ են մեծացել։

Ի վերջո, երբ մարդիկ հավաքվում են, լսում են թեկնածուներին, տեսնում են՝ ով ով է, ինչ է առաջարկում, ինչ է ասում, հասկանում են՝ արդյոք առաջարկներն իրատեսական են, թե՝ ոչ։ Ես նույնիսկ կասեմ, որ հավակնորդներից մեկը, եթե որոշ բաների մասին չխոսեր, գուցե ավելի շատ ձայներ ստանար։ Այսինքն՝ մարդիկ տեսնում են, հասկանում են, թե երբ է մարդն անիրական բաներ առաջարկում։ Պետք է խոսել այն մասին, ինչն իրապես հնարավոր է։

Հատուկ ուզում եմ նշել Սուրեն Սաֆարյանին։ Նա առանձնահատուկ անձնավորություն է՝ մեծ ինտելեկտի տեր, բոլորի նկատմամբ բարեհաճ, միշտ ժպտացող։ Նա երբեք չի փոխել մարդկանց նկատմամբ իր բարի կամքն ու բարյացակամությունը։ Հիանալի ղեկավար է եղել։ Ես ինքս անձամբ շատ եմ ափսոսում, որ նրան հնարավորություն չտրվեց աշխատելու երրորդ ժամկետով, որպեսզի շարունակի իր աշխատանքը։Մի փոքր առաջ, օրինակ, խոսում էի կինեմատոգրաֆիստների միության ներկայացուցիչ Հարություն Խաչատրյանի հետ։ Նրանց մոտ նման ժամկետային սահմանափակում չկա։ Նա նույնպես ճանաչում է Սուրենին եւ համաձայն էր, որ այդ սահմանափակումը ճիշտ չէ։ Բայց նաեւ ուրախ եմ Լեւոնի հաղթանակի համար, որովհետեւ նա եւս շատ աշխատասեր եւ խոստումնալից մարդ է: Լավ եմ ճանաչում եւ վստահում եմ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին