Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող»
ՎերլուծությունԱյսպիսով, աշխարհը շարժվում է գլոբալ շահերի վերաբաշխման ուղղությամբ, որտեղ գոնե այս պահին «բաշխող եռյակի» դերում են հանդես գալիս ԱՄՆ–ն, ՌԴ–ն եւ Չինաստանը: Եվրոպան, նման է, որ այս վերաբաշխումից դուրս է գալու որոշակիորեն թուլացած դիրքերով: Բայց նաեւ կան որոշակի այլ խոշոր ուժեր, որոնք փորձում են իրենց տեղը գտնել նոր աշխարհի կառուցվածքում: Իսկ ավելի փոքրերը, հասկանալի է, որ ոչ թե տեղ են գտնելու, այլ նրանց տեղավորելու են խոշորները:
Տեղ գտնել փորձողների շարքում, ինչ խոսք, գրեթե բոլորից առանձնանում է մեր հարեւան Իրանը: Ասենք, մեր մյուս հարեւանը` Թուրքիան եւս փորձում է եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ էշելոնում դիրքավորվել:
Իրանի հետ կապված, նման է, որ դեռ որոշակի հարցեր կան: Այսպես, թեեւ ընդհանուր իրավիճակը Թեհրանի համար ունի միանգամայն բարենպաստ ընթացք` շնորհիվ այն բանի, որ կարողացավ դիմակայել ԱՄՆ–ին: Բայց այդ խաղը դեռ ավարտված չէ: Մասնավորապես, նախօրեին Իրանի ուղղությամբ տեղակայվեց ամերիկյան երրորդ ավիակիրը` «Theodore Roosevelt»–ը: Երեք ավիակրային նավախումբը լուրջ ուժ է, եւ եթե այդ ուժը կենտրոնացած է մեկ վայրում, նշանակում է, որ ցանկացած ուժային սցենար պետք չէ բացառել:
Թեեւ մյուս կողմից էլ հետաքրքիր մեկնաբանությամբ հանդես եկավ ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. «Հորմուզի նեղուցը, որը այս պատերազմից առաջ խնդիր չէր, այժմ դարձել է խնդիր, որը պետք է լուծվի։ Եվ այս հարցի լուծումը, գրեթե անկասկած, պահանջում է Իրանին որոշակի զիջումներ տալ։ Ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար, բայց գուցե իրականությունն այսպիսին է»: Այսինքն, ամերիկյան էլիտայի գոնե թեւերից մեկում կա, կամ առնվազն հասունանում է այն համոզմունքը, որ Իրանի նկատմամբ զիջումներն անխուսափելի են: Ընդ որում, այնպիսի զիջումներ, որոնք ընդամենը մեկ տարի առաջ ֆանտաստիկայի ժանրից էին: Եվ լուծումներ, որոնք Թեհրանին դարձնում են առանցքային աշխարհաքաղաքական գործոն. Հորմուզի նեղուցում վերահսկողություն ունենալն իրոք շատ լուրջ լծակ է:
Ու դրան էլ, իհարկե, պետք է գումարել այն հաջողությունները, որոնք իրանամետ հուսիթները շարունակում են ձեռք բերել այս օրերին: Այսպես, գրավելով երկրի ողջ հարավ–արեւմտյան գոտին (քարտեզում) եւ այդտեղից դուրս մղելով Սաուդյան Արաբիայի կողմից վերահսկող ուժերին, հուսիթներն արդեն լիակատար հսկողություն ունեն համաշխարհային նշանակության կարեւորագույն ծովային անցումներից մեկի` Բաբ էլ–Մանդեբի նեղուցի վրա: Գումարած, հուսիթական ուժերը սկսել են արագորեն մոտենալ երկրի ամենախոշոր եւ սաուդամետ ուժերի համար մայրաքաղաքի դեր կատարող Ադենին: Եթե դա եւս գրավեն, ապա կարելի է ասել, որ հուսիթները գործնականում ամբողջական վերահսկողության տակ են վերցնում Եմենը: Բայց, ամեն դեպքում, այսպես ասենք, բացի Հորմուզից, այս պահին նաեւ Բաբ էլ–Մանդեբի նեղուցն է Իրանի քաղաքական վերահսկողության տակ: Ու եթե ԱՄՆ–ում սկսել են հաշտվել առաջինի հետ, ապա երկրորդի հետ եւս ստիպված են լինելու հաշվի նստել:
Կարճ ասած, եթե գլոբալ խաղն ավարտվում է ներկա ստատուս քվոյի պահպանմամբ, ինչը շատ մեծ հավանականություն է ստացել, ապա Ռուսաստանի համար դա կնշանակի ելք Հնդկական օվկիանոս: Դա էլ իր հերթին կնշանակի, որ եթե այդ ելքի համար շատ կարեւոր` Հարավային Կովկասի հարցը չլուծվի «աշխարհի բանակցային վերաբաժանման» փուլում, ապա թեժ պայքարը մեր տարածաշրջանում նոր մասշտաբների է հասնելու: Չնայած, եթե ԱՄՆ–ում սկսում են հաշտվել Հորմուզի նեղուցում իրանական վերահսկողության մտքի հետ, ապա Հարավային Կովկասը ռուս–իրանական գոտում թողնելու տարբերակը շատ ավելի ռեալ տեսք է ունենալու:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Նիկոլը Փաշինյանն իր վերջին եվրոպական շրջագայության ժամանակ պետք է որ սպասվող փոփոխությունների հետ կապված բավարար ազդակներ ստացած լիներ: Դեկտեմբերին էլ նա առնվազն երեք այց է ունենալու Ռուսաստան, որի շրջանակներում, թերեւս, պետք է որ բավականին հետաքրքիր զարգացումներ լինեն:

