Հանգիստ նստեք տեղներդ․․․
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ այլեւս չգիտի՝ ում վրա բարդի մայրաքաղաքի խցանումների մեղքը։ Թվում է՝ քաղաքապետարանում հատուկ հանձնաժողով է գործում, որն ամեն երկուշաբթի վիճակահանությամբ որոշում է, թե այս շաբաթ ով է խանգարում երթեւեկությանը։ Մեկ մեղավոր են դառնում մարզերից ժամանած քաղաքացիները, մեկ՝ անկանոն կայանող վարորդները, հիմա էլ հերթը հասավ դպրոցականներին:
Քաղաքապետի գնահատմամբ՝ առավոտյան եւ կեսօրվա պիկ ժամերին խցանումների զգալի մասը պայմանավորված է երեխաներին քաղաքի մի ծայրից մյուսը մեքենայով տեղափոխելով։ Հետեւապես, Ավինյանն առաջարկում է, որպեսզի երեխաներն իրենց տարածնքերի կրթահամալիրներ, դպրոներ հաճախեն: Փաստորեն, նաեւ սպորտի չգնալ, ամեն դեպքում, որովհետեւ այն կարող է լինել քաղաքի մյուս հատվածում:
Եվ ուրեմն, եթե տվյալ թաղամասի դպրոցում քանակային առումով աշակերտների տեղ չլինի, երեխան ի՞նչ անի. սպասի, մինչեւ հարեւան շենքի աշակերտն ավարտի դպրոցը, որ իր հերթը հասնի՞։ Կամ մանկավարժը, ով ապրում է Նոր Նորքում, բայց դասավանդում է Մալաթիայում, պետք է դո՞ւրս գա աշխատանքից, որպեսզի քաղաքապետարանի պլանները չփչացնի։
Վա՜յ, պարոն Ավինյան, մնում է խորապես շնորհակալություն հայտնել Ձեր մարդասիրության համար, որ գոնե մնացած մասնագիտության տեր մարդկանց առայժմ չեք ասում՝ տեղավորվեք ձեր վարչական շրջանների սահմաններում ու հանգիստ նստեք տեղներդ։ Իսկ եթե մի օր էլ որոշեք, որ ամեն մարդ պետք է աշխատի իր շենքի առաջին հարկում կամ նկուղում, Երեւանում հաստատ էլ խցանում չի լինի։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

