Հանրայինը թիրախավորել է ռուսական 102-րդ ռազմաբազան
ՎերլուծությունՀանրային հեռուստատեսության կիրակնօրյա լուրերի թողարկման ժամանակ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ ծավալուն ռեպորտաժ է ներկայացվել։ Գյումրիի Անի թաղամասում Ուկրաինայի քաղաքացուն ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված երկու զինծառայողին անդրադառնալով՝ հիշել էին ռազմաբազայի հետ առերեսվող հնարավոր բոլոր հին միջադեպերը։ Իսկ դրանք քննարկելու համար բանախոսներ ընտրել հայտնի ամենաթունդ արեւմտամետներին ու ռուսատյացներին։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հանրայինն ընտրել հենց այսպիսի միակողմանի շեշտադրումներ, ինչո՞ւ է առանձին քրեական միջադեպերի լուսաբանումը վերածվում 102-րդ ռազմաբազայի դեմ լայն քաղաքական արշավի՝ ՀՀ քաղաքացու հարկերով պահվող հեռուստաեթերում։ Ինչո՞ւ է Հանրայինը վերջին դեպքը ներկայացնում նախորդ տարիների ողբերգությունների, ռազմաբազայի հեռացման պահանջների հետ համադրությամբ՝ հեռուստադիտողին ուղղորդելով դեպի որոշակի քաղաքական եզրակացության։
Ռեպորտաժում մեկ շարքով ներկայացվում են 1999 թվականի Գյումրիի շուկայի կրակոցները, Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, Ջուլիետա Ղուկասյանի մահը եւ այլ միջադեպեր։ Անշուշտ, այս ողբերգությունները չպետք է մոռացվեն, իսկ մեղավորները պետք է պատասխան տան։ Սակայն տարբեր տարիներին տարբեր հանգամանքներում տեղի ունեցած հանցագործությունները մեկ ընդհանուր պատմության մեջ միավորելով, ըստ էության, Հանրայինը փորձում է ձեւավորել այն տպավորությունը, թե 102-րդ ռազմաբազայի գոյությունն ինքնին Հայաստանի համար սպառնալիք է։ Սա արդեն պարզապես լրագրողական ընտրության հարց չէ, այլ հանրային հեռարձակողի քաղաքական ու խմբագրական պատասխանատվության խնդիր։
Առավել ուշագրավ է, որ ռեպորտաժում վայ իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսում է նույնիսկ հնարավոր սադրանքների եւ Հայաստանում զինված հեղաշրջման ռիսկերի մասին՝ չբացառելով, որ ռազմաբազայի շուրջ միջադեպերը կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։ Բայց ինչո՞ւ է նման ծանր ենթադրությունների ներկայացման ժամանակ այդքան քիչ ուշադրություն դարձվում դրանց փաստական հիմնավորվածությանը։ Ո՞վ է շահում այն տեղեկատվական մթնոլորտից, որտեղ Գյումրիում տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպ աստիճանաբար վերածվում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների շուրջ նոր առճակատման։
Հատկանշական է, որ 102-րդ ռազմաբազայի ապագան արդեն իսկ քաղաքական օրակարգում է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել ռազմաբազան, եթե Հայաստանը դա անհրաժեշտ համարի։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը նման որոշում կայացնի։ Եվ հենց այս քաղաքական ֆոնին Հանրայինը եթեր է հեռարձակում ռեպորտաժ, որի հիմնական ուղերձը ռազմաբազայի շուրջ բացասական հասարակական տրամադրությունների գեներացումն է։ Պատահակա՞ն է նման շեշտադրումը, իհարկե՝ ոչ։ Հանրային հեռարձակողի միջոցով աստիճանաբար ձեւավորվում է այն տեղեկատվական միջավայրը, որն անհրաժեշտ է ռազմաբազայի հեռացման քաղաքական օրակարգի համար։
Եվ, ի վերջո, եթե քննարկվում է 102-րդ ռազմաբազայի հեռացման հնարավորությունը, ապա ո՞վ պետք է խոսի Հայաստանի անվտանգության այլընտրանքային երաշխիքների մասին։ Ի՞նչ է առաջարկվում Հայաստանի պաշտպանունակության տեսանկյունից, ինչպե՞ս են փոխհատուցվելու հնարավոր անվտանգային կորուստները, եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ որոշումների հետեւանքների համար։ Առանձին զինծառայողների հանցավոր գործողությունները քաղաքական շահարկման առարկա դարձնելը եւ դրանց միջոցով ամբողջ ռազմաբազայի ներկայության հարցը հանրային գիտակցության մեջ կանխորոշելը ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքի մանիպուլյացիա եւ ռազմավարական նշանակության հարցի քարոզչական սպասարկում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

