Մոսկվան մեծարում է Առնո Բաբաջանյանին եւ Միքայել Թարիվերդիեւին
ՄշակութայինԱՐԲԱՏՈՒՄ ՀՆՉՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ
Երբեմն մի լուսանկարը կարող է պատմել ավելին, քան երկար կենսագրությունը, իսկ մի քանի հնչյունը՝ արթնացնել մի ամբողջ ժամանակաշրջանի հիշողություն։ Մոսկվայի հայտնի Արբատ փողոցը՝ իր պատմական շնչով ու մշակութային հիշողությամբ, այս անգամ դարձել է հայկական երաժշտական ժառանգության յուրօրինակ բացօթյա հարթակ։
Նոյեմբերի 13-ին Արբատում հանդիսավորությամբ բացվել է բացօթյա ֆոտոցուցահանդես՝ նվիրված հայազգի երկու անվանի կոմպոզիտորների՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-րդ եւ Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 95-ամյակներին։ Ստեղծագործական ուղիները տարբեր էին, սակայն նրանց միավորում էին երաժշտական բացառիկ մտածողությունը, ակադեմիական ամուր հիմքն ու արվեստի նկատմամբ անմնացորդ նվիրումը։

Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունն արդեն լայն արձագանք է ստացել։ Սոցիալական ցանցերում տարածվում են բացման արարողության կադրերը, հյուրերի լուսանկարներն ու ցուցահանդեսի՝ արխիվային պատկերներով հագեցած տեսարանները։
Այցելուներին հնարավորություն է տրված տեսնելու հազվագյուտ լուսանկարներ, այդ թվում՝ ընտանեկան հավաքներից պահպանված կադրեր, ինչպես նաեւ ծանոթանալու երկու կոմպոզիտորների կյանքի ու ստեղծագործական ուղուն։
Բացման արարողությանը ներկա են եղել մշակույթի եւ հասարակական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, անվանի դաշնակահար Յուրի Ռոզումը, Միքայել Թարիվերդիեւի այրին՝ ռուս երաժշտագետ եւ գրող Վերա Թարիվերդիեւան, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ինչպես նաեւ երկու կոմպոզիտորների անունը կրող մոսկովյան երաժշտական դպրոցների տնօրեններ Մարգարիտա Չերնեցկայան եւ Էլինա Ժոլկովան։
Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաեւ Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի ողջույնի ուղերձը։
«ԵՐԿՈՒ ԱՆՈՒՆ՝ ԵՐԿՈՒ ՄԵՂԵԴՈՒ ԱՐՔԱ»․ՌՈԶՈՒՄԻ ՀՈՒԶԻՉ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Արարողության ամենատպավորիչ պահերից մեկը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար ՅՈՒՐԻ ՌՈԶՈՒՄԻ ելույթն է եղել։ Խոսելով երկու կոմպոզիտորների արվեստի մասին՝ նա առանձնահատուկ ընդգծել է նրանց ակադեմիական պատրաստվածությունն ու մեղեդի ստեղծելու բացառիկ շնորհը։
«Նրանք զարմանալի ակադեմիական հիմք ունեցող կոմպոզիտորներ են։ Այս երկու անունները երկու մեղեդու արքա են։ Նրանք տիրապետում էին այդ արվեստին այնպես, ինչպես պատմության մեջ քչերն են տիրապետել»,- ասել է Յուրի Ռոզումը։
Դաշնակահարի հաջորդ խոսքերը լավագույնս են բնութագրում Բաբաջանյանի եւ Թարիվերդիեւի երաժշտության ազդեցությունը մարդկանց կյանքի վրա։
«Մենք հիշում ենք ամենատարբեր մեղեդիներ, որոնք օգնել են մեզ ապրել, օգնել են սիրել, պայքարել, տխրել, մտածել, առաջ գնալ»,- ընդգծել է նա։
Ռոզումի այս գնահատականը հիշեցնում է, որ մեծ երաժշտությունը երբեք միայն հնչյունների համադրություն չէ․ այն ուղեկցում է մարդուն կյանքի ամենատարբեր պահերին՝ դառնալով հիշողության, զգացմունքների ու ապրումների անբաժանելի մասը։
Յուրի Ռոզումը, որը ներգրավված է նաեւ Առնո Բաբաջանյանի երկերի բազմահատորյա ժողովածուի խմբագրական խորհրդում, ներկայացրել է արդեն հրատարակված հատորները՝ կարեւորելով կոմպոզիտորի ամբողջական ստեղծագործական ժառանգությունը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը։ Խոսքը ոչ միայն հայտնի երգերի, այլեւ գործիքային, նվագախմբային ու վոկալ ստեղծագործությունների մասին է։
Դաշնակահարի համոզմամբ՝ հատկապես գործիքային երկերի հրատարակությունն ունի կարեւոր գործնական նշանակություն կատարողների համար։ Ժողովածուի հատորները փոխանցվել են Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ներկայացուցիչներին։
«ՆՐԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔՈՎ»
Իր հուզիչ խոսքն է ասել նաեւ Միքայել Թարիվերդիեւի այրին՝ ՎԵՐԱ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԱՆ, որը տարիներ շարունակ զբաղվում է կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանմամբ ու հանրահռչակմամբ։
Նա շնորհակալություն է հայտնել Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամին՝ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ երկու կոմպոզիտորների արվեստը շարունակում է մեծ պահանջարկ վայելել։
«Նրանց երաժշտությունը հնչում է եւ շարունակում է ապրել ակտիվ կյանքով։ Ես նույնիսկ այստեղ եմ եկել ճամպրուկով, որովհետեւ ամբողջ տարին ճանապարհորդում եմ Ռուսաստանում»,- նշել է Վերա Թարիվերդիեւան, ում գործունեությունը դրա լավագույն ապացույցն է․ տարիներ շարունակ նա կազմակերպում է հանդիպումներ ու համերգներ՝ Միքայել Թարիվերդիեւի երաժշտությունը նոր ունկնդիրներին ներկայացնելու համար։
Վերա Թարիվերդիեւան սոցիալական ցանցերում եւս անդրադարձել է ցուցահանդեսի բացմանը՝ կիսվելով իր տպավորություններով։
«Ուրախ էի տեսնել Թարիվերդիեւի եւ Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցների տնօրեններին։ Մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք։ Իսկ բացմանը եկել էի ճամպրուկով եւ արդեն նստած եմ գնացքում։ Ուղեւորվում եմ Լիպեցկ, որտեղ վաղը Միքայել Լեոնովիչի երաժշտության համերգն է լինելու։ Իսկ ով կլինի Արբատում, անտարբեր մի՛ անցեք»,- գրել է նա։
Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՑԻ խոսքով՝ Բաբաջանյանի եւ Թարիվերդիեւի սերը Մոսկվայի նկատմամբ արտացոլված է նրանց ստեղծագործություններում, եւ այսօր քաղաքն իր հերթին պատասխանում է այդ սիրուն՝ Արբատի կենտրոնում կազմակերպելով այսպիսի լայնածավալ ցուցահանդես։
Նախաձեռնությունն իրականացվել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի եւ Մոսկվայի զանգվածային միջոցառումների տնօրինության կողմից՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի եւ կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի, ինչպես նաեւ Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի ու Վերա Թարիվերդիեւայի համագործակցությամբ։
Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին եւ անձամբ դրա ղեկավար, Մոսկվայի կառավարության նախարար Ալեքսեյ Ֆուրսինին՝ երկու մեծանուն կոմպոզիտորների հոբելյանների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։
Ֆոտոցուցահանդեսը Արբատում կգործի մինչեւ դեկտեմբերի 15-ը։ Այն բաց է բոլորի համար՝ մոսկվացիների, քաղաքի հյուրերի, զբոսաշրջիկների եւ պարզապես անցորդների, որոնք կարող են կանգ առնել, դիտել լուսանկարները, ծանոթանալ կոմպոզիտորների կյանքի պատմություններին եւ QR կոդերի միջոցով լսել նրանց անմահ մեղեդիները։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

