ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ Դոնբասից զորքերը դուրս բերելու դիմաց․ Զելենսկի
ԱՄՆ ներկայացուցիչները հարցրել են Ուկրաինային՝ արդյոք այն պատրաստ է դուրս բերել իր զորքերը Դոնբասից, եթե ընդունվի ՆԱՏՕ-ի կազմ։
Ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Նախագահի խոսքով՝ ամերիկյան կողմն առաջին անգամ հարցրել է, թե արդյոք Ուկրաինան դուրս կգա Դոնբասից, եթե դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
«Ես բազմիցս ասել եմ՝ Ուկրաինան չի նահանջում և իր հողերը չի հանձնում ահաբեկիչներին։ Ամերիկացիները հարց են տվել՝ իսկ եթե Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ի կազմում, դուրս կգա՞ Դոնբասից»։
Նա հայտնել է, որ Ուկրաինան գործընկերների հետ քննարկում է անվտանգության համապարփակ փաթեթը, որը նրանք կարող են առաջարկել բանակցությունների ընթացքում։ Այն ներառում է անվտանգության կոնկրետ երաշխիքներ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից, ուժեղ ուկրաինական բանակ՝ համապատասխան թվաքանակով զինծառայողներ, սպառազինություն, որոշակի ժամանակահատվածի համար ֆինանսական աջակցություն, ինչպես նաև վերականգնման ծրագիր (Prosperity Plan)՝ ապահովված ֆինանսական միջոցներով և ֆինանսավորման հստակ աղբյուրներով։
«Եթե ամերիկյան կողմը ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին հաստատի հենց այս պայմանները, ապա ես կհարցնեմ մեր հասարակության կարծիքը՝ ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ես իրավունք չունեմ իմ հայեցողությամբ հրաժարվելու դա անելուց։ Սակայն անհրաժեշտ են հստակ պայմաններ, որոնք առայժմ չկան, և այս ամենը դեռ քննարկման փուլում է», – նշել է նախագահը։

