«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի հարակից Լեմկինի փողոցում դանակահարվեց 29-ամյա Էրիկ Կակոյանը, ով նոյեմբերի 8-ին հիվանդանոցում մահացավ։ Իսկ նրա սպանության մեջ կասկածվողը 44-օրյա դաժան պատերազմից հետո է հոգեկան խնդիրներ ձեռք բերել։
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրը միայն բուժման որակը չէ, այլև ծառայությունների սահմանափակ կարողությունները։ Այդ կենտրոններում պարբերաբար ազատ տեղեր չեն լինում, որի արդյունքում բուժհաստատությունում բուժում ստանալուց հետո մարդիկ կարող են կրկին դուրս մնալ շարունակական հսկողությունից, ընդհատել դեղորայքը և նորից հայտնվել սրման վիճակում։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն բավարար բուժական տեղեր ու կենտրոններ չունի, այլև չի ստեղծել այնպիսի համակարգ, որը հիվանդին բուժումից հետո մենակ չթողնի նրան:
Իսկ կոնկրետ այս պատմության մեջ ամենասարսափելին միայն ողբերգական դանակահարությունը չէ, որը կատարվել է Աստծո անունը տալով։ Այլ այն հարցը, թե որտե՞ղ էր պետությունը, երբ պատերազմի մասնակից երիտասարդը հոգեկան առողջության խնդիրներ էր ձեռք բերում։ Ո՞վ էր հետևում նրա բուժմանը, ո՞վ էր գնահատում ռիսկերը, ո՞վ էր պատասխանատու, որ նա ստանա անհրաժեշտ երկարաժամկետ բուժօգնությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ միայն զինվորին պատերազմ տանելու հարցում է պատասխանատու, այլև՝ դրանից հետո՝ նրա առողջության համար:
Ինչ է ստացվում. մեր երկրում գումար ու ահռելի միջոցներ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի համերգի, «Ֆեստիվառների», փառատոնների, հեծանվավազքի և վարչապետի գավաթի համար։ Իսկ հոգեկան առողջության կենտրոնների ընդլայնման, նոր հաստատությունների կառուցման, մասնագետների ներգրավման և պատերազմից վերադարձած զինվորների երկարաժամկետ վերականգնման համար քաղաքական կամք չկա:
Էրիկ Կակոյանն էլ այլևս չկա։ Նրա ընտանիքի համար սա անդառնալի կորուստ է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

