Ինչ էր Փաշինյանը «մոռացել» Դուբլինում
ՎերլուծությունԹուրքիայում «չայ խմելով» եւ բանանը գրպանում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=352922&l=am), Նիկոլը, ի վերջո, հասավ Դուբլին: Թե ինչ է մոռացել Իռլանդիայում, կարելի է կռահել:
Բանն այն է, որ, թեեւ Իռլանդիան գլոբալ քաղաքականության հետ առանձնապես առաջին պլանում չէ, բայց այս օրերին այն դարձել է առավել քան աշխույժ: Դուբլինում է Զելենսկին, եւ նրան հանդիպելու համար Դուբլին են մեկնում նաեւ Աբու Դաբից երեկ Մոսկվա ժամանած Թրամփի ներկայացուցիչները` Ուիտկոֆն ու Քուշները:
Այսինքն, Նիկոլն ուզում է գոնե կողքից նայել մեծ գործընթացներին, որոնք, իհարկե, նրա համար չափազանց կարեւոր են դարձել: Այսինքն, այդ բոլոր գործընթացների արդյունքում աշխարհը կարող է էապես փոխվել, ու հնարավոր այդ փոփոխություններից, իհարկե, նախապես գլուխ հանել պետք է: Ամեն դեպքում, գործընթացը, որը ռուս–ուկրաինական թեմայով առաջ է տանում ԱՄՆ–ն, եւ որի հանգրվաններից մեկն էլ դարձան Աբու Դաբիի եռակողմ բանակցային շարքը, նման հետեւությունների հնարավորություն տալիս են:
Բայց նախ նկատենք, որ Աբու Դաբիում ամենեւին էլ միայն ԱՄՆ–ի միջնորդությամբ ռուս–ուկրաինական բանակցությունները չէ, որ տեղի ունեցան: Նաեւ, ամենեւին էլ միայն ուկրաինական պատերազմի թեման չէ, որ այնտեղ քննարկվեցին: Աբու Դաբիում էին նաեւ եվրոպական պատվիրակությունները, եւ ամերիկացիները մի կողմից ռուսների հետ էին բանակցում, մյուս կողմից` ռուսների եւ ուկրաինացիների հետ միասին, ապա վազում էին եվրոպացիների հետ բանակցելու, դրանց միանում էին նաեւ ուկրաինացիները: Արդյունքում, օրակարգում շատ ավելի մեծ հարց կա, քան միայն ուկրաինական պատերազմը: Այն է` եվրոպական ինչ ընդհանուր անվտանգության համակարգ պետք է գործի, եթե հաջողվի ուկրաինական պատերազմը հասցնել ավարտի: Չնայած, ավելի ճիշտ կլիներ հակառակն ասել` ռուսները, եվրոպացիները եւ ամերիկացիներն ինչ ընդհանուր անվտանգության համակարգի են համաձայն, որ դրանից ելնելով էլ ուկրաինական պատերազմն ավարտվի:
Թե ինչ արդյունքներ ունեցավ Աբու Դաբիի այդ բանակցային «քաոսը», թեեւ դետալային տեսքով անդրադառնալն իմաստ չունի. ամեն ինչ ընթացքի մեջ է, շատ բան է փոխվում: Ամեն դեպքում, ընդհանրական իմաստով ամերիկացիները դրական են համարում ընթացքը: Նաեւ, Թրամփի փեսա եւ բանակցային ներկայացուցիչ Քուշները շատ կարեւոր միտք հայտնեց. «Եվրոպան պետք է նշանակի Ռուսաստանի հետ միասնական բանակցող»: Ընդ որում, նույն թեզի մեջ է նաեւ ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին`նպատակն է Եվրոպայում ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ:
Ուկրաինական կողմը նույնիսկ լավատես է: Ըստ իշխող «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արախամիայի` Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչեւ Նոր տարի:
Սակայն լավատեսական ուղղվածության նման հայտարարությունները քիչ բան են ասում. ուկրաինական հակամարտության անցած տարիներին նման հայտարարությունների պակաս չի եղել: Ավելի ցցուն փաստն այլ է: Այսպես, կրկնենք, Աբու Դաբիից Ուիտկոֆն ու Քուշները մեկնեցին Մոսկվա` Պուտինի հետ հանդիպման: Այնտեղից էլ` Դուբլին` Զելենսկու հետ հանդիպման: Սա մեկ բան է ակնարկում. կա բավականին բարձր բանակցային դինամիկա, որոշակի ձեռքբերումներ, եւ հիմա այդ ամենն ամփոփված կերպով պետք է քննարկել նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների հետ: Գումարենք նաեւ միտքը, թե` «Եվրոպան պետք է նշանակի Ռուսաստանի հետ միասնական բանակցող»: Այն է, Եվրոպայի հետ հարաբերությունների, այդ թվում` անվտանգության նոր համակարգի ստեղծման հարցում եւս կա այն առաջընթացը, որն արդեն պահանջում է, որ եվրոպական կողմն ունենա այնպիսի ներկայացուցիչ, որը կստանա հետագա քննարկումներում իրեն ներկայացնելու մանդատ: Սա նշանակում է, որ Մոսկվան, որ մշտապես դեմ էր եվրոպացիների մասնակցությանը, ներկա պահին արդեն դրա անհրաժեշտությունը տեսնում է: Եվ դա տրամաբանական է. եթե խոսվում է ընդհանուր անվտանգության համակարգից, ապա առանց Եվրոպայի մասնակցության այդ հարցը պարզապես չի կարող լուծվել: Այլ բան, թե եվրոպացիներին կհաջողվի՞ միասնական ներկայացուցիչ ընտրել, երբ այդ խնդրի հետ կապված արդեն երկար ժամանակ են գզվռտոցի մեջ:
Ամեն դեպքում, այս բոլոր գործոնները հուշում են, որ ընդհանուր դրական դինամիկա արդեն կա: Այդ թվում, որ անվտանգության նոր համակարգի հնարավոր պարամետրերի հետ կապված գոնե նախնական ընդհանուր մոտեցումներ, եւ գլխավորը, որ նման համակարգ պետք է, կան: Որքանո՞վ կհաջողվի, դա արդեն այլ հարց է:

