Կամո Ունանյանի հաղթանակը՝ կյանքի և ռինգի ամենադժվար մենամարտում
ՍպորտԿարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը պատրաստվում է վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ: Կյանքի ամենածանր փորձության հետ առճակատվելուց և հիվանդությունը հաղթահարելուց հետո՝ մարզիկը հայտարարում է, որ մասնակցելու է նոյեմբերի 27-ին կայանալիք «Mix Fight 59» MMA մրցաշարին:

Այս տարվա հուլիսին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած WUKF կարատեի աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակից հետո (որտեղ Կամոն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 7:1 հաշվով առավելության հասնելով մեքսիկացի մրցակցի նկատմամբ), մարզիկը կանգնեց առողջական լուրջ խնդրի առաջ: Բժշկական հետազոտությունները ցույց էին տվել, որ նա տառապում է պարանոցի քաղցկեղով (լիմֆոմա):

Հայաստանում և արտերկրում անցկացված եռամսյա բուժման կուրսերից հետո, ցուցաբերելով բացառիկ կամքի ուժ, Կամո Ունանյանին հաջողվեց լիովին հաղթահարել հիվանդությունը: Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ նա արդեն վերսկսել է մարզումները:
«Այս ամենի 50 տոկոսն այն է, թե դու հոգեբանորեն որքան կայուն ու ուժեղ կլինես: Ես հոգեպես կռիվ տվեցի և, փառք Աստծո, հաղթահարեցի»,- մեզ հետ զրույցում նշում է Կամո Ունանյանը:

Չնայած մամուլում շրջանառվող լուրերին, թե չեմպիոնն այս տարի չի կարողանա վերադառնալ մրցումների, Կամոն արդեն լիովին տրամադրված է նոյեմբերի 27-ին կայանալիք «Mix Fight 59» MMA մրցաշարին. «Թեպետ, անգամ մտածում էի, որ էլ երբեք չեմ մասնակցի մրցաշարերում, քանի որ նման առողջական խնդրի առաջ էի կանգնած: Բայց Դուբայում գտնվելու ժամանակ, երբ բուժման կուրսեր էի անցնում, ինքս ինձ տրամադրեցի, որ պետք է նորից մարզվեմ ու ամեն ինչ անեմ պատրաստ լինելու համար: Գուցե ֆիզիկապես դեռ լիարժեք պատրաստ չլինեմ, բայց հոգեպես պատրաստ եմ ավելի, քան երբևէ: Ամեն ինչ անելու եմ հերթական հաղթանակը տոնելու համար»,- վստահեցրեց Ունանյանը։
Երբ հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ հետ է մենամարտելու այս մրցաշարում, Կամոն տեղեկացրեց, որ դեռ պարզ չէ, քանի որ իր մրցակցի ընտրության հարցում «Mix Fight» ընկերությունը դեռևս փնտրտուքների մեջ է:
Հիշեցնենք, որ MMA մարզաձևում Կամոն համարվում է ռեկորդակիր՝ 7 հաղթանակ և 0 պարտություն: Վերջին հաղթանակը գրանցել է հուլիսի 14-ին «Mix Fight Events 56»-ում՝ 1-ին ռաունդում նոկաուտի ենթարկելով Մուխամեդխան Օսպանովին:

