Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ
ՆերքաղաքականԵվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարարը կարողացել է կազմակերպել անորակ ապրանքների Ռուսաստան մատակարարումը՝ կեղծ հավաստագրերի միջոցով։
Ռուսական շուկաներն ու խանութները հեղեղեցին որակի վերահսկողություն չանցած ապրանքները: Գնորդը վճարում է գումարը, երբեմն՝ ոչ քիչ, իսկ ապրանքը՝ կոնտրաֆակտը (կեղծ, նմանակված) կոտրվում է, փչանում, գունաթափվում... Ամենից հաճախ սա տեղի է ունենում նրանց մեղքով, ովքեր շուկա են քարշ տալիս անորակ ապրանք: Եվ դա անում են մեծ ծավալով:
Ինչպես պարզեցին «Իզվեստիա»-ի լրագրողները, նման կոնտրաֆակտը շուկա է ընկնում կեղծ հավաստագրերի քողի տակ, որոնք զանգվածաբար ձեւակերպում են Ղրղզստանի եւ Հայաստանի լաբորատորիաները: Այս կառույցների շահերի լոբբինգի հետեւում, հրատարակության աղբյուրների տվյալներով, կարող է կանգնած լինել Հայաստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների նախարար ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ:
Հրատարակությունը հաղորդում է, որ 15 հազար կեղծ հավաստագրեր տրամադրելու փաստով արդեն հարուցվել են քրեական գործեր։ Պատասխանատվության են ենթարկվել տասնմեկ լաբորատորիաներ՝ տասը Ղրղզստանում եւ մեկը Հայաստանում։ 2026 թվականի հուլիսին «Ռոսակկրեդիտացիա»-ն դադարեցրել է հավաստագրման երկու հայկական կենտրոնների՝ «АРМТЕСТ»-ի եւ «АРМ-ТЕСТ»-ի գործունեությունը. ռուսական կողմի պահանջով նրանք չեն տրամադրել ստուգման արձանագրություններ։
Ինչպես է սա գործում. Հայաստանում կամ Ղրղզստանում հավատարմագրային մարմնի կողմից տրված փաստաթուղթը գործում է ԵԱՏՄ-ի ողջ տարածքում եւ թույլ է տալիս օրինական կերպով ապրանք ներմուծել Ռուսաստան: Հայաստանում հավաստագրումն ավելի էժան է, քան Ռուսաստանում. «պատրաստի» ծառայությունները սկսվում են 2000 ռուբլուց։ Այդ ժամանակ ստուգումներ հաճախ չեն անցկացվում: Եթե մի կենտրոնի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվում, խնդիր չկա. նրա տեղը ակնթարթորեն զբաղեցնում է նոր անվամբ եւ նոր իրավաբանական անձով, բայց նույն ղեկավարներով մարմին:
«Իզվեստիա»-ի աղբյուրները կարծում են, որ այս սխեման մտածել եւ «գորշ» հավաստագրերը թողարկել է Վարոս Սիմոնյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարարը (2019- 2021 թթ.), որը վերահսկում էր Հայաստանի հավատարմագրման ազգային մարմինը (ARMNAB): Հետո նա տեղափոխվել է ԵՏՀ, որտեղ, հավանաբար, կիրառել է իր փորձն ու հնարավորությունները կեղծ փաստաթղթերի ներդրման գործում։

Ռուսական վերահսկող ծառայությունների համար խնդիրը բարդացել է. նրանք ստիպված են լրացուցիչ ստուգել հավաստագրում ունեցող արտադրանքը
Ավելին, ըստ «Իզվեստիա»-ի զրուցակիցների, Սիմոնյանը կարող էր նպաստել ԵԱՏՄ-ի Ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդրման ժամկետների խախտմանը, որը հավաստագրերի արդիականությանը (վավերականությանը) հետեւելու հնարավորություն տվող միասնական թվային ծառայություն է։ Համակարգը պետք է գործարկվեր 2022 թվականին, բայց նույնիսկ 2026 թվականի մարտին Ռուսաստանի կառավարությունը հայտնել է, որ 79 ընդհանուր գործընթացներից միայն 50-ն է գործողության մեջ դրվել։
Սիմոնյանը վաղուց է ընկել ծառայության ստեղծման մասնակիցների կասկածի տակ։ 2022 թվականին Պետդումայի պատգամավոր ԱՆՏՈՆ ՏԿԱՉՈՎԸ գրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարը «չգիտես ինչու փոխել է ենթակա տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունքի աշխատանքի սխեման», ինչը կարող է անորոշ ժամկետով հետաձգել ԻՏՀ-ի (Ինտեգրված տեղեկատվական համակարգ) ներդրումը։
ԵԱՏՄ-ի հավաստագրման շուկայի օրինականացումը հետաձգելով՝ հայ պաշտոնյաները միաժամանակ ակտիվորեն զարգացնում են այս ոլորտում համագործակցությունը Եվրոպայի հետ: Հայաստանը, առնվազն 2021 թվականից ի վեր, քայլեր է ձեռնարկում իր հավաստագրումը ԵՄ համակարգում արդյունավետորեն փաստացի ներդնելու համար: Դեռեւս 2021 թվականին Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը մեկնարկեց «Եվրոպական հավատարմագրման բյուրոյի կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար պայմանների ստեղծում» նախագիծը՝ դրա համար հատկացնելով 700 հազար եվրո դրամաշնորհ:
Փաստորեն, Հայաստանը միաժամանակ ստեղծում է ԵՄ-ի հետ ընդհանուր հավաստագրման համակարգ՝ դրա հետ խաթարելով դրա ներդրումը ԵԱՏՄ-ում: Վարոս Սիմոնյանը, միանգամայն հնարավոր է, որ այս քաղաքականության միջնորդն է, գրում է «Իզվեստիան»: 2005-ից մինչեւ 2011 թվականները նա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում պատասխանատու էր հենց ԵՄ-ի հետ համագործակցության համար: 2011-ից մինչեւ 2019 թվականները նա սկզբում աշխատել է որպես հանրապետության առեւտրային ներկայացուցիչ, ապա որպես առեւտրային կցորդ ԵՄ-ում: Արեւմուտքում Սիմոնյանը ստացել է նաեւ երկրորդ բարձրագույն կրթությունը: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի հետ աշխատանքին առաջնահերթություն տալը տեղավորվում է երկրի ներկայիս իշխանության ընդհանուր քաղաքականության մեջ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԻԿՏՈՐՈՎ

