Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան
ՍԻՄ-Հրապարակումներ«Իրավունք»-ը զրուցել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։
«Ի ՇՆՈՐՀԻՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՆԳՆԵՑՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ»
— Լրացավ 44–օրյա պատերազմի ավարտի հերթական տարելիցը։ Ի վերջո, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) մեզ համար կապիտուլյացիա՞ էր, թե՞ դրան հաջորդած զարգացումների ֆոնին հնարավոր փրկության տարբերակ։
— Եթե մենք համեմատում ենք 2020-ի նոյեմբերի 9-ը՝ մինչեւ պատերազմյան ժամանակահատվածի հետ, օրինակ, նույն թվականի սեպտեմբերի 9-ի հետ, իհարկե, դա պատերազմում պարտության արդյունք էր։ Իսկ եթե համեմատում ենք 2026 թվականի նոյեմբերի 9-ի հետ, փրկքություն էր մեզ համար։
Այո՛, Նիկոլի ներքին եւ արտաքին քաղաքականության, բանակաքանդության հետեւանքով մենք պարտվեցինք պատերազմում եւ միայն ի շնորհիվ Ռուսաստանի հաջողվեց այն կանգնեցնել։ Ես 2020 թվականի հոկտեմբերի վերջին եղել եմ Ստեփանակերտում, տեսել եմ, որ ո՛չ զորք կար, ո՛չ հրամանատարություն, ոչ մի բան չկար, թուրքը կարող էր ոտքով շվշվացնելով Շուշիից մտներ Ստեփանակերտ։ Ինչո՞ւ չմտավ, որովհետեւ Ռուսաստանը նախ կարգադրեց Ալիեւին չմտնել Ստեփանակերտ, երկրորդ՝ անընդհատ ռուսական օդանավեր սկսեցին երեւալ երկնքում, 3 օրվա մեջ այնտեղ հսկայական ռուսական զորք բերվեց։
Իհարկե, Ռուսաստանին ձեռնտու էր, որ Լեռնային Ղարաբաղ քաղաքական միավորը՝ իր հայ բնակչությամբ մնա իրա տեղում, նրանք, ովքեր փախել էին Ղարաբաղից, վերադառնային։ Հետո լրացուցիչ ստորագրվեց հունվարի 11-ի փաստաթուղթը, որով հետագայում պետք է բացվեին ճանապարհները։ Մասնավորապես՝ պետք է բացվեր Լաչինի ճանապարհը հայերի համար եւ Նախիջեւանի ճանապարհը Ադրբեջանի համար` այն ճանապարհը, որը հիմա ԹՐԻՓՓ է կոչվում։ Բայց այն ժամանակ խոսքն իսկապես ճանապարհի մասին էր, ոչ թե Ադրբեջանի համար միջանցքի, ինչպես հիմա է նախատեսվում։ Արդյունքում՝ Ադրբեջանը բացեց Լաչինի ճանապարհը, Նիկոլը չբացեց Նախիջեւանինը, որովհետեւ անգլիացիները Նիկոլին ասացին`չբացես, քանի որ ռուսների վերահսկողության տակ էր անցնում այդ ճանապարհը։ Ալիեւն էլ ասաց՝ եթե չեք բացում դա, ես փակում եմ սա։ Ընդ որում, այնտեղ տարբերությունն այն էր, որ ոչ թե մի ճանապարհ էր լինելու, ինչպես ԹՐԻՓՓ-ի դեպքում, որը կապում է Ադրբեջանը Նախջեւանին, այլ 9-րդ կետում գրված էր` բացվում է բոլոր ճանապարհները։ Այսինքն` Հայաստանը նույնպես ստանում էր Նախիջեւանով, Բաքվով, Ղազախով ճանապարհ։ Մինչդեռ Ադրբեջանը փակեց Լաչինի ճանապարհը։
Եթե հիշում եք, մի երկու շաբաթ հետո ռուսները հասան նրան, որ Նիկոլը խոստացավ, որ բացում է Նախիջեւանի ճանապարհը։ Ադրբեջանցիները հավաքեցին արդեն իրենց այն վրանները, որոնցով Լաչինի ճանապարհը փակել էին։ Սակայն, այն ժամանակվա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոնից գալիս է եւ ասում է ինչ-որ բան Նիկոլին, որից հետո վերջինս նորից խախտում է նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Ալիեւն արդեն պատրաստվում էր բացել Լաչինի միջանցքը, բայց հավաքած վրանները նորից հետ են բերում եւ գործընթացը տանում են դեպի Արցախի վերջնական ոչնչացման։
Սա է պատմությունը։ Եթե մենք այն ժամանակ գնայինք նոյեմբերի 9-ի ճշգրիտ կատարման, այսօր ե՛ւ Արցախը կունենայինք իր տեղում, եւ այս ԹՐԻՓՓ կոչված խայտառակությունը չէր լինի, Ադրբեջանն այսօր չէր համարձակվի ասել` հայե՛ր, փոխեք ձեր Սահմանադրությունը։ Արդեն կլիներ նաեւ խաղաղության պայմանագիրը՝ 20 անգամ ստորագրված։
— Այլեւս անհնա՞ր է վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարությանը։
— Այսօր էլ ուշ չէ։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է դնել՝ որպես բանակցությունների հիմք։ Այդ ԹՐԻՓՓ-ը պետք է հավաքել, տանել ու դեն շպռտել... Ու շարունակել Նոյեմբերի 9-ի կետից։ Այդ ժամանակ կարելի է ե՛ւ ալիեւյան Սահմանդրությունը մերժել, ե՛ւ ունենալ այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանն, այո՛, կհարգի Հայաստանի շահերը։
«ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ»
— Տասնյակից ավելի քաղաքական ուժեր համախմբվել են՝ հայտարարելով ալիեւյան Սահմանադրության պարտադրանքի մերժման, առանց միակողմանի զիջումների խաղաղության, ազգային ինքնության եւ Եկեղեցու պաշտպանության, ժողովրդավարական իրավունքների վերականգնման մասին։ Ինչպիսի՞ն է ՍԻՄ-ի դիրքորոշումը։
— Լավ է, որ որոշ քաղաքական ուժերը համախմբվել են, բայց հարց է՝ ի՞նչ ծրագրի շուրջ եւ ի՞նչ անելու համար։ Նրանց հայտարարության չորս հիմնական դրույթները դեռեւս լոզունգներ են, ոչ թե գործողությունների ծրագիր։ Ինչպես օրինակ լոզունգ է ասելը, որ ավելի լավ է ապրել հարուստ եւ առողջ, քան թե աղքատ եւ հիվանդ։ Ու չկա պատասխանն՝ ինչպե՞ս ապրենք հարուստ եւ առողջ։ Ի՞նչ անենք դրա համար, ի՞նչ միջոցներով, ու՞մ միջոցներով, ո՞ւմ մասնագիտական փորձառությամբ։ ՍԻՄ-ը կողմ է Հայաստանի Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի պահպանմանը (առավել եւս որ մենք դրանց համահեղինակն ենք), Եկեղեցու պաշտպանությանը, խաղաղությանը՝ առանց զիջումների։ Բայց ինչպե՞ս ենք հասնելու այդ նպատակներին, ի՞նչ միջոցներով եւ ի՞նչ ուժերով, պարզվում է՝ մեր գործընկերները որեւէ ծրագիր չունեն։
Օրինակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադառնալով հարցին, թե ինչ եղավ «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը, ինչի մասին շաբաթներ առաջ նշում էր Սամվել Կարապետյան, թե երկու շաբաթից ներկայացնելու է, ասում է` «դա ոչ թե նախագիծ է, այլ մեր քաղաքական մոտեցումն է»։ Այսինքն` դա ոչ թե փաստաթուղթ է, այլ իրենց քաղաքական դիրքորոշումն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է հաստատվի խաղաղություն, պետք է հարգվի հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերը։ Այսինքն` չկա ոչ մի ծրագիր, կա ցանկություն։ Բայց հարգվելու համար մենք պետք է կարողանանք համապատասխան ուժ ունենալ, ծրագիր ունենալ, թե ինչպես պետք է հասնել նրան, որ Ադրբեջանը հարգի Հայաստանի շահերը։ Այդպես չի լինում, որ Ադրբեջանը հարգի Հայաստանի շահերը, այսպես ասած, սիրուց դրդված։ Եթե այդ շահերը չկարողանա Հայաստանը ձեւակերպել, ներկայացնել եւ պաշտպանել, ապա ոչ մեկ էլ չի հարգի, կլինի Ադրբեջանը, Թուրքիան, թե որեւէ այլ երկիր։ Եվ այստեղ հարց է ծագում՝ հարգելի ընկերներ, եթե դուք ծրագիր չունեք, ընդամենը ասում եք` լոզունգ է, մոտեցում է, որ լավ կլինի, եթե Ադրբեջանը հարգի մեր շահերը, ապա կարո՞ղ եք գոնե ձեւակերպել հայ ժողովրդի շահերը որոնք են։ Մեկն ասում է, որ այդ շահերը 300 հազար աշխատատեղ ունենալն է, մյուսն ասում է` սերտիֆիկատի վրա գրենք՝ Արցախը մերն է, ցույց տանք ամենքին, երրորդը՝ ընդհանրապես լռում է այդ մասին։ Հակասական վիճակ է։
Չի կարելի ակնկալել, որ Ադրբեջանը պարզապես բարի կամքից ելնելով կհարգի Հայաստանի շահերը։ Դրա համար Հայաստանը պետք է ունենա հստակ ծրագիր, համապատասխան ուժ եւ այդ շահերը պաշտպանելու կարողություն։ Այսօր, սակայն, ընդդիմադիր դաշտում չկա միասնական պատկերացում անգամ այն մասին, թե որոնք են մեր ազգային առաջնահերթությունները։
Մեր մտահոգությունն այն է, որ այսպիսի համախմբումը, առանց հստակ ծրագրի, կարող է նույնիսկ ուժեղացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ժողովուրդը տեսնում է, որ ընդդիմությունը հայտարարություններ է անում, բայց չի ներկայացնում իրական այլընտրանք։ Իսկ իշխանությունն էլ քաղաքական հետապնդումներով, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ գործողություններով, մի կողմից փորձում է հաճոյանալ Ալիեւին, մյուս կողմից՝ այսպիսի ընդդիմությանը ներկայացնել որպես իր դեմ պայքարող ուժ։
Սակայն ամենակարեւոր հարցը մնում է անպատասխան. եթե Ադրբեջանը փորձի ուժով պարտադրել իր պահանջները, ո՞վ եւ ինչպե՞ս է պաշտպանելու Հայաստանը։ Միայն հայտարարել, որ դեմ ենք Սահմանադրության փոփոխությանը, բավարար չէ։ Պետք է հասկանալ՝ ինչպե՞ս ենք կանխելու դրա պարտադրումը։
Մենք բազմիցս հանդես ենք եկել ընդդիմության համախմբման նախաձեռնություններով, այդ թվում՝ դեռեւս այն ժամանակ, երբ հնարավոր էր միասնական ուժերով կանխել ներկայիս իրավիճակը։ Սակայն մեր գործընկերները նախընտրեցին առանձին մասնակցել ընտրություններին՝ արդյունքում փոշիացնելով ընդդիմադիր ձայները եւ նպաստելով Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։
Այսօր էլ նույն սխալը շարունակվում է։ Եթե ընդդիմությունը ժամանակին միասնական ճակատով հանդես գար, հնարավոր էր այլ արդյունք ունենալ։ Իսկ հիմա, երբ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն ավելի են խորացել, կրկին տեսնում ենք ծրագրերի փոխարեն զուտ լոզունգներ։
— Այսինքն՝ գործող խորհրդարանական ընդդիմությունը չի՞ կարող դառնալ իրական այլընտրանք իշխանությանը։
— Այսօրվա ընդդիմության հիմնական խնդիրը ոչ միայն միասնականության բացակայությունն է, այլեւ ռազմավարական հստակ դիրքորոշման բացակայությունը։ Նրանք հայտարարում են, որ դեմ են ալիեւյան պահանջներին, բայց չեն պատասխանում՝ ինչպե՞ս են պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նույնիսկ TRIPP նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմության մի մասը այն ներկայացնում էր որպես լավ ծրագիր, որը պարզապես պետք է որոշակիորեն բարելավել։ Մինչդեռ մենք այն դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող լուրջ խնդիր։ Ընդդիմությունը պետք է ժամանակին եւ վճռականորեն արձագանքեր, ոչ թե այժմ միայն հայտարարություններ աներ։
Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է վերականգնել նաեւ «Երրորդ ուժ» նախաձեռնությունը՝ համախմբելով այն քաղաքական ուժերին, որոնք Հայաստանի անվտանգության երաշխիքը տեսնում են Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության մեջ։ Մենք ունենք այդ ուղղությամբ ձեւավորված քաղաքական ծրագիր, որը բազմիցս ներկայացրել ենք։ Պատրաստ ենք այն քննարկել եւ համատեղ աշխատանքի հիմք դարձնել։
— Վերջում անդրադառնանք Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված գործին եւ էլեկտրաէներգիայի սակագների խնդրին։ Ի՞նչ գնահատական ունեք իշխանությունների ներկայացրած մեղադրանքներին։
— Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները մենք դիտարկում ենք որպես քաղաքական հետապնդում։ Իսկ կոնկրետ մեղադրանքների հիմնավորվածությունը պետք է որոշի դատարանը։ Բայց այստեղ կա մեկ կարեւոր հարց. եթե իշխանությունները պնդում են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերում եղել են չարաշահումներ, ապա ինչո՞ւ դրանք չեն բացահայտվել եւ կանխվել իրենց կառավարման ավելի քան ութ տարիների ընթացքում։
Հիշեցնեմ, որ դեռեւս Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք անցան Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականաշնորհմանը, ինչին ես դեմ եմ եղել։ Այդ ժամանակ ՀԷՑ սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ էի «Իրավունք եւ միաբանություն» խորհրդարանական դաշինքի կողմից եւ գտնում էի, որ նման ռազմավարական նշանակության օբյեկտը պետք է մնար պետական սեփականություն։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը կենսական նշանակություն ունի պետության համար, իսկ սպառողը մոնոպոլիստից հրաժարվելու այլընտրանք չունի։
Այսօր բարձրացվում են էլեկտրաէներգիայի սակագների վրա ազդող աննպատակահարմար ծախսերի, վարկերի եւ հնարավոր չարաշահումների հարցեր։ Եթե իսկապես նման խնդիրներ կան, ապա իշխանությունը պարտավոր էր դրանք բացահայտել դեռ տարիներ առաջ։ Ութուկես տարի շարունակ այն ունեցել է բոլոր վերահսկողական եւ կարգավորող լծակները։
Հետեւաբար, եթե դատարանը հաստատի Կարապետյանի մեղավորությունը, պետք է քննության առնվի նաեւ պետական վերահսկող մարմինների եւ իշխանությունների պատասխանատվությունը։ Չի կարող լինել այնպես, որ տարիներ շարունակ իշխանությունը չի նկատում ենթադրյալ խախտումները, իսկ դրանք բացահայտում է միայն այն ժամանակ, երբ սեփականատիրոջ հետ քաղաքական հակասություններ են առաջանում։
Մեր հիմնական պահանջը քաղաքական հաշվեհարդարի փոխարեն օրենքի գերակայությունն է, իսկ ընդդիմությունից ակնկալում ենք ոչ թե հերթական հայտարարությունները, այլ Հայաստանի պետականությունն ու անվտանգությունը պաշտպանելու հստակ ծրագիր եւ միասնական գործողություններ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

